ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՆՈՐ Է «ՑՐՑԱՄ» ՏՎԵԼ Հայրենի կառավարությունը այս տարի որոշել է նշել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի 1000-ամյակը, ինչը առայժմ նշանավորվել է ընդամենը կառավարական հոբելյանական հանձնաժողովի ստեղծմամբ։ Արդեն տարին կիսվել է, իսկ Նարեկի 1000-ամյակի հանձնաժողովի աշխատանքները դեռեւս «ցրցամի» փուլում են։ Եվ սա այն դեպքում, երբ օտարազգիները ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով մեզանից առաջ արդեն ինչ-ինչ քայլեր են արել։ Հիշեցնենք, որ հոբելյանական հանձնաժողովը ի պաշտոնե գլխավորում էր մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը։ Այժմ նրան փոխարինել է Թամարա Պողոսյանը, որը դեռ չի հանդիպել հանձնաժողովի անդամների հետ։ Այս մասին տեղեկացանք հոբելյանական հանձնաժողովի անդամ, Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանից։ Մինչդեռ մշակույթի նախարարությունից խուսափեցին առայժմ «Առավոտին» որեւէ ինֆորմացիա տրամադրել կատարված աշխատանքների մասին, պատճառաբանելով նոր նախարարի՝ հանձնաժողովի ծրագրերին ծանոթանալը եւ առաջիկա նիստը։ Ազատ Եղիազարյանը փաստեց, որ խորհրդային ժամանակաշրջանում ավելի շատ գործ է արվել Նարեկացուն աշխարհին ներկայացնելու ուղղությամբ, քան վերջին տարիներին։ Նույնիսկ օրինակ բերեց հակահայկական հակումներով Չինգիզ Այթմատովին, որն իր հայտնի «Եվ օրն է ձգվում դարից երկար» վեպի բնաբան էր ընտրել Նարեկացու պոեմից մի տող։ Թե կոնկրետ ինչ է արվելու Նարեկացին արեւածաղիկ վաճառողից մինչեւ գիտնականը ընկալելի, հասանելի դարձնելու, իսկ պոեմին նվիրված միջոցառումների շարքը իսկապես տոնակատարությունների վերածելու ուղղությամբ, Գրականության ինստիտուտի տնօրենը դժվարացավ պատասխանել։ «Մենք միշտ մեծ-մեծ խոսում ենք, բայց միջազգային ասպարեզ դժվարությամբ ենք դուրս գալիս»,- նեղսրտեց Ա. Եղիազարյանը։ Իսկ ընդհանրապես, նա այս կարծիքին է. «Մեր մշակույթի զարգացման հիմնադրույթները պետք է ստրատեգիական ուղղվածություն ունենան, Նարեկացու հոբելյանն էլ դիտվի դրանց մեջ։ Թե չէ Հայաստանում անընդհատ կարեւոր հոբելյաններ են նշվում, ու մնում են որպես առանձին կղզյակներ եւ իրենց արձագանքը չեն ունենում։ Մենք ազգային մշակույթի զարգացման կոնցեպցիա ստեղծելու առումով շատ անելիքներ ունենք»։ Ա. Եղիազարյանից նաեւ տեղեկացանք, որ բացի Նարեկացու արձանի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում տեղադրվելուց, պոեմի 1000-ամյակին նվիրված երեք գիտաժողով է նախատեսված՝ առաջինը կկայանա սեպտեմբերի 23-25-ը՝ Երեւանում, ԳԱԱ շենքում։ Կմասնակցեն գրականագետներ, Նարեկացու թարգմանիչներ աշխարհի մի շարք երկրներից։ «Կառավարությունը փորձում է միջոցներ հայթայթել, որ մի միջոցառում էլ անցկացնենք Մոսկվայում,- ողջ լավատեսությունը ի մի բերելով ասաց Ա. Եղիազարյանը,- հույս ունենք, որ այնտեղ, Գորկու անվան գրականության ինստիտուտում, հովանավորների աջակցությամբ (ոչ հայազգի) միջոցառումը հետաքրքիր կանցկացվի։ Ավելի շուտ, դա կլինի գիտական մեծ նստաշրջան, որի զեկուցողները կլինեն հայազգի ու արտասահմանցի մասնագետները»։ Երրորդ մեծ միջոցառումը հոբելյանական հանձնաժողովը նախատեսել է անցկացնել Փարիզում. «Սա լավագույն առիթն է արձագանք առաջացնելու Նարեկացու եւ նրա ստեղծագործության շուրջ, մանավանդ Փարիզը եվրոպական մշակութային կենտրոններից է ու այնտեղ գործում է Փարիզի հայագետների ընկերությունը»։ Ծրագրերը շատ են, լավագույն ցանկությունները՝ նույնպես, իսկ միջոցներ առայժմ չկան։ Բայց, ըստ Ա. Եղիազարյանի, «կառավարական հանձնաժողովը հասկանում է, որ փարիզյան գիտաժողովը շատ կարեւոր է»։ Գրականության ինստիտուտի տնօրենը անիմաստ է համարում Նարեկացուն ու նրա «Մատյանը» խորհրդանշող փոքրիկ բացիկների անվճար տարածումը ազգաբնակչության շրջանում, որովհետեւ համոզված է՝ «շուկայում շատ Նարեկացի կա, շատ է հրատարակվել ու վերահրատարակվել»։ Գրականության ինստիտուտի տնօրենը Գրողների միության մի խումբ անդամների հետ վերջերս նախագահ Քոչարյանի մոտ էլ է եղել ու տոնակատարությունը կազմակերպելու խնդիրների մասին պատմել նրան։ Նախագահն էլ խոստացել է հարցն ուսումնասիրել։ Առայժմ ո՛չ «վերեւները», ո՛չ էլ, մասնավորապես, նորանշանակ մշակույթի նախարարը տոնակատարության հետ կապված նոր բան չեն արել։ Հետաքրքիր է, ծանո՞թ են 10-րդ դարի համաշխարհային գրականության գլուխգործոցին: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ