ԺՐԱՋԱՆ ՄԵՂՈՒՆԵՐ Նախարարների մեծ մասը գերադասում է թաքցնել իր արձակուրդի վայրը՝ խիստ գործնական երեւալու նպատակով: Գործադիր մարմինը թերեւս ինչ-որ պահի իրավունք ունի նաեւ հանգստի, սակայն «երկրի բնականոն զարգացումն ապահովելու համար» առավել նպատակահարմար է, որ իրենց հանգիստը նախարարները կազմակերպեն ոչ թե խմբակային, այլ փուլ առ փուլ տարբերակով։ Երեկ հեռախոսային հարցման արդյունքում փորձեցինք պարզել, թե նախարարները ե՞րբ են մեկնելու ամառային հանգստի եւ ի՞նչ ուղղություններով։ Պարզվեց, որ նույնիսկ նման անմեղ հարցի պատասխանը խիստ դժվար է գտնել։ Նախարարությունների աշխատակազմերի ղեկավարները, լրատվական ծառայությունները կամ չգիտեն այդ մասին, կամ էլ խորհուրդ են տալիս իրենց նախարարի մասով հարցը չբարձրացնել։ Առնվազն տարօրինակ է, թե ինչո՞ւ են նախարարները հույժ գաղտնի պահում երկրի Սահմանադրությամբ նաեւ իրենց տրված «հանգստի իրավունքը»։ Եթե ռուսաստանյան կամ Արեւմուտքի որեւէ նախարար կարող է անթաքույց պատմել, թե ինքը ո՞ւր է մեկնելու հանգստանալու, ո՞ւմ հետ եւ ո՞ր գետում է պատրաստվում ձուկ բռնել եւ հատկապես ի՞նչ չափսերի, ապա մերոնք մեծ մասամբ խիստ բարդույթավորված պատասխաններ են տալիս՝ ի՞նչ հանգիստ, ինչ բան՝ տառապում ենք ազգիս համար։ Իրականում, նախարարներից շատերն իրենց պաշտոնական արձակուրդը (ինչպես նաեւ ընդմիջումները) տարբեր բաների վրա են ծախսում։ Օրինակ՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների, իսկ դրանից հետո հազար ու մի ծրագրեր կան, միջազգային սեմինարներ եւ խորհրդակցություններ, որոնք, բնականաբար, խիստ արդյունավետ են անցնում։ Հետո էլ մի-մի մամուլի ասուլիս են հրավիրում, իբր՝ փորձի փոխանակման կարգով եւ վայելում են իրենց հերթական նախարարական հանգիստը։ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, օրինակ, արդեն մեկ շաբաթ է, քաղաքում չէ, Շվեյցարիայում մասնակցում է հույժ կարեւոր ինչ-որ միջազգային համաժողովի։ Հիմա սա հանգի՞ստ է, թե՞ աշխատանք՝ դատեք ինքներդ։ Թեպետ իր պաշտոնական արձակուրդից Կարեն Ճշմարիտյանը մտադրություն չունի հրաժարվել։ Կոալիցիոն կառավարությունում հանգստի իմաստով խիստ շահեկան վիճակում են ՀՀԿ անդամ նախարարները, նաեւ ուժայիններն ու արդարադատության եւ ԱԳ նախարարը, որովհետեւ նրանց աշխատանքային տարին շարունակվում է եւ հերթական արձակուրդի իրավունք ունեն։ Ինչը չունեն նորանշանակ վեց նախարարները՝ երեքը՝ ՀՅԴ-ից, երեքը՝ ՕԵԿ-ից: Նրանց ըստ գործող աշխատանքային օրենսգրքի՝ 11 ամիս անց միայն իրավունք կունենան հերթական արձակուրդի։ Սակայն նորանշանակները կարծես դժգոհելու նշաններ ցույց չեն տալիս, որովհետեւ վստահ են, որ տարվա ընթացքում դեռ շատ առիթ կունենան մասնակցելու միջազգային համաժողովների՝ աշխարհի գողտրիկ անկյուններում։ Մեր հեռախոսային հարցմանը վերադառնալով՝ ասենք, որ շատ բան չհաջողվեց պարզել։ Արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանյանը, օրինակ, գերադասում է ծովափնյա հանգիստը, իսկ այս տարի դեռեւս ինքն էլ չգիտի, թե ուր է մեկնելու, կամ՝ մեկնելո՞ւ է, ընդհանրապես։ Նույնպիսի «աշխատասեր» վիճակում է բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը. «երկու տարվա մեջ նա հանգստի չի մեկնել», պատասխանեցին մեզ այս նախարարությունից։ Երեւի այդ պատճառով է նախարարությունը նման «անհանգիստ» վիճակում, «չհանգստացող» նախարարն ինչպե՞ս կարող է հանգիստ ղեկավարել։ Ազգի դարդերից ոչ մի կերպ չի կարողանում կտրվել նաեւ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։ Նա նույնպես մտադրություն չունի հանգստանալու, էներգետիկայի համակարգն այսօր գերլարված վիճակում է եւ նախորդի ներկայությունը պարզապես պարտադիր է. «Մեզ մոտ աշխատանքային վիճակ է եւ նախարարը մտադրություն չունի մեկնել հանգստի»։ Այդ մասին մեզ հայտնեցին նախարարությունից։ Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը միակն էր, որ առանց ձեւականության հայտնեց, թե օգոստոսին արձակուրդ է վերցնելու եւ հանգստի է մեկնելու իր ընտանիքի հետ։ Մյուս նախարարների մասին հնարավոր չեղավ տեղեկություն ստանալ։ Առայժմ անհասկանալի է, թե պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն իրենց հանգիստը կսահմանափակեն Մոսկվայով, որտեղ հիմա գտնվում են, թե կմեկնեն այլ վայրեր։ Վարչապետի մամուլի ծառայության ղեկավարի ներկայացմամբ, վարչապետը դեռ չի որոշել՝ հանգստանալո՞ւ է, թե՞ ոչ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ