Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական կարգավիճակը վը-նա-ս է

Հուլիս 04,2003 00:00

Պետական կարգավիճակը վը-նա-ս է Կառավարության երեկվա նիստից հետո ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը լրագրողներին հայտնեց, որ «կառավարությունը վերջապես հաստատեց պետական հիմնարկ-ձեռնարկություններում 2001 թվականին անցկացրած մոնիտորինգի արդյունքները»։ Մոնիտորինգն անցկացվել է տարբեր ոլորտներից (այդ թվում եւ՝ կառավարման) ընտրված 60 կազմակերպություններում եւ ընկերություններում, որտեղ պետական բաժնեմասը կազմել է 51% եւ ավելի։ «Արդյունքում պարզվեց, որ պետական բաժնետիրական ընկերությունների կառավարումը գտնվում է ծանր, նողկալի վիճակում, քանի որ 91,5%-ն աշխատում է վնասով»,- տեղեկացրեց նախարարն, ավելացնելով, որ «դաշտը պիտի մաքրվի, քանի որ դրանք իրենց հետ շփվող տնտեսվարող մյուս սուբյեկտներին էլ են քաշում պարտքային փոսի մեջ»։ «Պետականների» վնասն, ըստ արդյունքների, կազմում է 118,7 մլրդ դրամ, կրեդիտորական պարտքը՝ 498 մլրդ դրամ, որից 18-ը՝ սոցապ հիմնադրամին։ Ֆինանսների նախարարը չառանձնացրեց անուններ, դեպքեր եւ օրինակներ։ Միայն ասաց, որ ուսումնասիրվել են խոշոր ընկերություններ ու կազմակերպություններ, որ վնասով աշխատելու պատճառները շատ են ու տարբեր եւ որ իրենց (կառավարության) մոտեցումն էլ յուրաքանչյուր ընկերության հետագա ճակատագրին կլինի տարբեր։ Այսինքն, «որտեղ ներդրումային հեռանկար կա՝ կպահենք, որտեղ չկա՝ կմասնավորեցնենք, որտեղ վատ կառավարման խնդիր կա՝ կշտկենք» եւ այլն։ Նշվեց, որ ուսումնասիրված նախարարություններում գլխավոր բացը թույլ վերահսկողությունն է։ Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ «որոշ փոփոխությունների ներմուծմամբ վիճակախաղերի ու խաղատների մասին օրենքը համապատասխանեցվել է լիցենզիայի եւ պետտուրքի մասին ՀՀ օրենքներին», որ «կատարվել են պետբյուջեի առաջին կիսամյակի պարտավորությունները եւ նույնիսկ գերակատարվել 9%-ով»։ Ըստ ներկայացվածի, գերակատարման մեջ հիմնական դեր են խաղացել տարբեր ծրագրերով ստացած դրամաշնորհներն ու մայրաքաղաքի անշարժ գույքի օտարումից ստացված միջոցները։ Տեղեկացանք, որ 100%-ով հավաքվել է նախատեսված 98,904 միլիարդ դրամ հարկը, զրոյացվել է նաեւ հնուց կուտակված 133 միլիոն դրամ ընդհանուր պարտքը։ Այս առնչությամբ ֆինանսների նախարարը խնդիր ուներ՝ «լսել են, որ պետության պարտքեր են մարվում, ու 65 թվից պարտք ունեցողը զանգում՝ փող է ուզում, չմտածելով, որ մարվում են միայն պետությանը ներկայացված հաշվետվություններում արձանագրված գումարները, իսկ մնացածն իրենց հարցերը պետք է լուծեն դատական կարգով»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Նախարարին առաջարկում ենք պետբյուջեի, հարկերի եւ մաքսատուրքերի հավաքման պլանների գերակատարման մասին հավաստիացումները համադրել կոալիցիոն կառավարության ծրագրի հետեւյալ դրույթի հետ. «ցածր է պետական եկամուտների հավաքման աստիճանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել