Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստա՛ն, մի կողմ քաշվիր

Հուլիս 04,2003 00:00

Հայաստա՛ն, մի կողմ քաշվիր «Մենք համաձայն ենք բանակցել Ադրբեջանի տարածքում բնակվող հայկական անջատողականների հետ, պայմանով, որ Հայաստանը կողմ քաշվի եւ չմիջամտի բանակցային գործընթացին»,- ի պատասխան ԼՂՀ նախագահի՝ օրերս կատարած հայտարարության, նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը։ Հիշեցնենք, որ Արկադի Ղուկասյանն անհնար էր համարել կարգավորումն առանց ԼՂ-ին իբրեւ բանակցող կողմ ճանաչելու ու նաեւ պնդել էր, թե բանակցային գործընթացը վերջին հինգ տարիներին սառեցված է եղել։ Վիլայաթ Գուլիեւի վերը նշված արձագանքը խիստ զարմացրել է «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբանին։ «Թվում է, թե առաջին անգամն է, որ Ադրբեջանի ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչը հրապարակավ հայտարարում է Ղարաբաղի անջատողականների հետ բանակցելու պատրաստակամության մասին», նկատում է մեկնաբանը եւ հարցադրում անում. «արդյո՞ք դա արտգործնախարարի չպլանավորված ինքնագործունեությո՞ւնն էր, թե՞ փոխվել է պաշտոնական Բաքվի տեսակետը»։ Ադրբեջանի անկախ փորձագիտական շրջանակներին անհանգստացրել է հատկապես այն, որ Վիլայաթ Գուլիեւը, փաստորեն, տուրք է տալիս ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից օգտագործվող «դիվանագիտական հնարքներին»։ Հայաստանի ղեկավարությունը, ըստ ադրբեջանական դիտորդների, նույնպես պնդում էր, թե գործ ունենք ոչ թե միջպետական, այլ ներպետական խնդրի հետ։ «Այդպիսով, պաշտոնական Երեւանը ձգտում էր խուսափել Հայաստանի հասցեին հնչող ագրեսիայի մեղադրանքներից», վերհիշում են ադրբեջանցի քաղաքագետները։ Ու մինչ Ադրբեջանի արտգործնախարարը գնահատականներ է տալիս ԼՂՀ նախագահի հայտարարությանը, իսկ տեղի դիտորդները մեկնաբանում են այդ գնահատականները, Արկադի Ղուկասյանը երեկ հանդես է եկել նոր հայտարարությամբ։ Վերջինս «անիմաստ» է համարել պատերազմը վերսկսելու եւ «Ղարաբաղն ազատագրելու» ադրբեջանցի մի շարք գործիչների կոչերը։ Մարտակերտ շրջկենտրոնի ազատագրման 10-ամյակին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ իր ելույթում Ա. Ղուկասյանը նաեւ նշել է, թե «համոզված եմ, որ ադրբեջանի ժողովուրդը նույնպես դեմ է պատերազմին», անմիջապես հավելելով, որ անկախ ամեն ինչից, «Լեռնային Ղարաբաղը պետք է միշտ պատրաստ լինի պատերազմին»։ Ա. Ղուկասյանի այս նոր հայտարարությունը եւս, անկասկած, Բաքվում անարձագանք չի մնա։ Նախընտրական այս թեժ ժամանակամիջոցում՝ այնտեղ շահարկումներ անելու համար, այսպիսի հրաշալի առիթը բաց չեն թողնի։ Արդեն հայտնի է, որ վերջին օրերին Բաքվում «անակնկալ» կերպով ակտիվացել են «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամները, որոնք իշխանություններին մեղադրում են «Ղարաբաղը ծախելու» մեջ։ Ըստ այդմ, արդեն վաղը կարելի է սպասել, որ Ադրբեջանի ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր թեւերից յուրաքանչյուրը խիստ յուրովի կմեկնաբանի եւ կարժեւորի Ա. Ղուկասյանի նոր հայտարարության հատկապես այս հատվածը. «Այսօր մենք անհամեմատ ավելի ուժեղ ու կազմակերպված ենք, եւ ոտնձգության դեպքում կկարողանանք պաշտպանել մեր հայրենիքը»։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել