Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրությունը մեղավոր չէ

Հուլիս 04,2003 00:00

Սահմանադրությունը մեղավոր չէ Երեկ «Ազատություն» կուսակցությունը, «Համաձայնություն» կենտրոնը եւ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամը սեմինար էին կազմակերպել՝ «ՀՀ Սահմանադրությունն ութ տարեկան է» թեմայով։ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի կարծիքով, սահմանադրական իրավունքի տեսակետից Հայաստանն ասիական երկիր է, որտեղ սովորույթն իրավունքից բարձր է. «Մեզ միշտ խանգարել է արեւելյան հասարակություններին բնորոշ արմատականությունը կարճաժամկետ եւ անպատրաստակամությունը երկարաժամկետ, սիսիտեմատիկ աշխատանքի առումով»։ Սակայն, ըստ բանախոսի՝ «լավ-վատ, ութը տարի աշխատել է, պետությունը դեռեւս կա, Սահմանադրությունն ունի որոշակի պատմական ծառայություն» եւ այժմ, ինչպես ասում են, ունեցածը վերաարժեքավորելու ժամանակն է։ Ըստ այդմ, Հրանտ Բագրատյանը տասը կարեւորագույն կետերի վրա է ուշադրություն հրավիրում՝ միասնական գործադիր իշխանության ձեւավորում, իշխանության տարբեր ճյուղերի միջեւ իրավունքի եւ պատասխանատվության հավասարակշռվածության ապահովում, տարածքային կառավարման, ընտրական համակարգերի հիմունքների, սոցիալական կարգավիճակի, մարդու կյանքի եւ գործունեության սահմանադրական պաշտպանվածության վերանայում։ Նաեւ՝ զինված ուժերի ապաքաղաքականացում, անկախ դատական համակարգի ապահովում, պետական կառավարման գործունեության ձեռնարկությունների նկատմամբ բացարձակ չեզոքության, կառավարման ոլորտում հետադարձ կապի ապահովում, անկախ լրատվության ապահովում։ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն իր զեկույցում տեսակետ հայտնեց, որ «այս հանրաքվեով Սահմանադրությունը ստացավ ժողովրդի վստահության քվեն եւ այլեւս չեն հնչի Սահմանադրության լեգիտիմության մասին խոսակցությունները»։ «Տանիք» իրավապաշտպան միության նախագահ Աշոտ Բլեյանը չկարողացավ չհիշել «ԱԺՄ-ի եւ մյուսների կեցվածքը, ովքեր պարզապես թույլ չտվեցին, որ Սահմանադրությունը լիարժեք, որպես քաղաքացիների կամքի արտահայտում արձանագրվի»։ Իսկ «գլխավոր դժբախտությունը» Ա. Բլեյանը համարում է քաղաքական կամքի բացակայությունը, որի պայմաններում «ոչինչ չի փրկում»։ «Սահմանադրությունն օրենսդրության իրավական հիմքն է եւ դրանից հետո ինչ-որ ընդունվում էր, չպիտի հակասեր Սահմանադրությանը,- գտնում է Ա. Բլեյանը,- Սահմանադրական դատարանն իր գլխավոր գործով՝ հսկել, որ Սահմանադրությանը հակառակ ընդունված օրենքները չգործեն, չզբաղվեց։ Դա միակ ինստիտուտն էր, որ ունենալով այդպիսի հնարավորություններ եւ կարգավիճակ, որ կարող էր այդ գործն անել ու չարեց։ Իսկ Սահմանադրությունը մնաց առանց այդ կարեւոր դատական երաշխավորության»։ Հիմնական թերությունն Ա. Բլեյանի համոզմամբ, երկրի քարտեզի՝ սահմանների բացակայությունն է։ Շահեն Պետրոսյանը եւս համամիտ է, որ «Սահմանադրությունը մեղավոր չէ, որ այսպիսի իրավիճակ է ստեղծվել, բոլորս պետք է քաղաքատկան կամք դրսեւորեինք»։ Միաժամանակ՝ «ոչ ոք մեղավոր չէ, որ որոշ մարդիկ (նկատի ուներ Ռ. Քոչարյանին.- Ն. Գ.) իրենց գյորա են այս Սահմանադրությունը մեկնաբանում», ուստի այդ է «այս վիճակում հայտնվելու պատճառը»։ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն էլ կարծում է, որ «Սահմանադրությունն անթերի փաստաթուղթ է»։ Ուստի «օրենսդրական բազան պիտի լինի այնպիսին, որ կարողանա Սահմանադրության գործունեությունն ապահովի ամբողջությամբ։ Իսկ մեր իրականությունում ամեն քայլը հակասում է Սահմանադրությանը»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել