Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ ՀԱՃԵԼԻ ՀՈՒՇԵՐ

Հուլիս 04,2003 00:00

ՄԻԱՅՆ ՀԱՃԵԼԻ ՀՈՒՇԵՐ Ռոբերտ Քոչարյանին շրջապատողները՝ թերեւս հաշվի առնելով շեֆի նախասիրությունները՝ նրան մատուցում են միայն դրական արձագանքներն իր գործունեության մասին: Հայաստանի նախագահի ինտերնետային պաշտոնական էջում՝ www.president.am հասցեով՝ կա այսպիսի մի ենթաբաժին. «Նամականի», որտեղ կարելի է ուղերձներ գրել Ռոբերտ Քոչարյանին, կարդալ, թե Հայաստանի ու Սփյուռքի քաղաքացիներն ինչպես են գնահատում նրա գործունեությունը: Այժմ այս բաժնում տեղադրված են տարեսկզբից պրն Քոչարյանի ստացած 370 նամակները: Խախտելով ուրիշի նամակները չկարդալու սկզբունքը՝ հետաքրքրվեցինք, թե մարդիկ պատասխաններ պահանջո՞ւմ են երկրում օրինականության հաստատման թիվ մեկ պատասխանատուից՝ վերջին շրջանում անօրինականության հաղթարշավի համար: Պատկերացրեք՝ կար նման մի նամակ. հունիսի 14-ին երեւանցի Գագիկ Բաղդասարյանը Քոչարյանի ուշադրությունն էր հրավիրել. «Ամեն խաչմերուկում պետավտոտեսչության բազմաթիվ աշխատակիցներ են կանգնած: Երեկ կես ժամում հաշվեցի 32 անձնակազմ: Տպավորությունը՝ մութ միջնադար է, եւ անհասկանալի է՝ մեծ ճանապարհի ավազակնե՞ր են, թե՞ մուրացկաններ՝ 1000 դրամ սակագնով»: Ի դեպ՝ Գագիկ Բաղդասարյանը մարտի 8-ին էլ էր նամակ գրել Քոչարյանին եւ շնորհավորել անգամ նրա օգտին իրենց ձայները չտվածներին, վստահ լինելով, թե կես տարի էլ չի անցնի ու նրանք կհամոզվեն, որ «զարմանալի հաղթանակ է տարել առողջ բանականությունն ու ողջամտությունը»: Պետավտոտեսուչների խնդիրն արծարծող նամակն իր տեսակի մեջ միակն է: Եվ դժվար է հավատալ, թե Ռոբերտ Քոչարյանի գործունեությանը վերապահությամբ մոտեցողները երբեւէ չեն ցանկացել իրենց նկատառումները հայտնել նրան, կամ՝ թեկուզ Քոչարյանին նախընտրողների մեջ չի գտնվել որեւէ մեկը, որի մտքով անցած լինի իր նախագահի հետ կիսվել սեփական կամ երկրի խնդիրների մասին մտորումներով: Ուստի եզրակացությունը մեկն է՝ նամակները ջանադրորեն ֆիլտրվում են, որի հետեւանքով էջում հայտնվում են միայն փառաբանող բովանդակությամբ նամակներ: Նշենք, որ ծաղկաքաղ ենք արել միայն նախագահի ընտրությունից հետո գրված նամակներից: Մանեն Վանաձորից գրել է. «Հարգելի պարոն Քոչարյան: Շատ մեծ պայքար տեղի ունեցավ ձեր եւ մնացածի միջեւ: Դուք արժանապատիվ կերպով դուրս եկաք այդ պայքարից»: Ավիկը Գյումրիից շնորհավորանքների հետ մեկտեղ ցավակցում է նրան. «Քանի որ Դուք արժանի եք ավելիին, քան այսպիսի ավերված երկրի կառավարումն է»: Ուշագրավ է նաեւ Հայաստանի նախագահին անգլերեն գրված մի նամակ. «The population of Lori district Debet village wish you new successes in your future work»: Նրանց համար, ովքեր դեռ չեն հավասարվել Լոռիի Դեբեդ գյուղի մակարդակին՝ թարգմանենք, որ այդ գյուղի բնակիչները Քոչարյանին ցանկանում են հաջողություններ իր հետագա աշխատանքում: Դեբեդի անգլիախոս համայնքի անունից նամակը ստորագրել է Ֆելիքս Պապինյանը: Կա մի նամակ էլ Կատարից, սակայն հեղինակները ՀՀ քաղաքացիներ են, որ Քոչարյանին գրում են. «Իրավամբ Դուք անվերապահորեն դասվում եք Հայոց Մեծերի թվին»։ Իսկ Երեւանից մի Նորիկ էլ Քոչարյանին համեմատում է Տիգրան Մեծի հետ, համոզմունք հայտնելով՝ «Ձեր անունը ոսկե տառերով կգրվի Հայոց պատմության մեջ»: Ծածկանունով մի ռուսագիր, որը նույնպես Քոչարյանի մշտական նամակագիրներից է, իր հերթական նամակում կոչ է անում, թե 1992-1994-ի ընթացքում (ուշադրություն դարձրեք՝ շեշտված են պատերազմի տարիները) ժողովրդին թալանած ու «սպիտակ եղեռնի» ենթարկած «հանցագործների» համար «չի կարող լինել հանցագործության վաղեմության ժամկետ: Իսկ այժմ՝ կորցրած իշխանության պատճառով նրանք վաճառում են (որքան հնարավոր է) մեր երկրի շահերը արտաքին թշնամիներին: Հայ ժողովուրդը պահանջում է, որ իր ղեկավարությունն անխնա պատժի եւ վճռական միջոցներ ձեռք առնի օտարերկրյա հետախուզությունների այս աջակիցների դեմ: Հայաստանին այժմ հարկավոր է կայունություն, իսկ թշնամիներին՝ քաոս: Հարկավոր է ամեն վայրկյան, ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ջարդել քաոս առաջացնողներին»: Առանձնացնենք այն նամակները, որոնք կապվում են ընտրությունների հետ: «Հպարտությամբ եւ ՄԵԾ ուրախությամբ դիտեցինք Ձեր երեկվա երդման արարողությունը: Միայն շատ-շատ կցանկանայինք, որ Դուք միշտ ժպտաք, ինչից մենք շատ ենք ոգեւորվում»,- գրում է Գայանե Սեդրակյանը Երեւանից: Ըստ ամենայնի՝ նա առանձնակի հպարտություն եւ ոգեւորություն էր ապրել ներքին զորքերի մի քանի հոծ օղակներից, որոնցով շրջապատվելուց հետո միայն Քոչարյանը կարդաց իր երդման տեքստը: Մեկ այլ անգլերեն նամակի հեղինակ՝ Գեղամ Արծրունին դեռ մարտի 31-ին էր գրել Քոչարյանին. «Ես միայն մի բան եմ խնդրում ձեզնից: Ես աշխատում եմ Մատենադարանի մոտ եւ այդ անմիտ հանրահավաքները շատ են ազդում մեր նյարդերին: Կարո՞ղ եք, խնդրեմ, ասել ինձ, թե երբ վերջ կտան այդ ամենին»: Այսինքն, նման նամակներով թերեւս փորձ էր արվում արդարացնել այն բռնությունները, որ կիրառվեցին հանրահավաքների մասնակիցների՝ անգամ ծերերի եւ երեխաների նկատմամբ: Հավելենք, որ կա մի նամակ Վանաձորից, որի հեղինակ Արմենը պնդում է, թե ինքը ՀԺԿ անդամ է. «Բայց ես վստահ եմ, եւ համարում եմ Ձեր հաղթանակն ընտրություններում արժանի իսկակա՛ն մարդուն, խելացի եւ հավասարակշիռ քաղաքական գործչին»: «Միայն լավ լուրեր» հաղորդելու հրամայականը մնում է ուժի մեջ: Եվ այսպես, նախագահի աշխատակազմը Ռոբերտ Քոչարյանի համար ստեղծել է նրա նախընտրելի վիրտուալ մի միջավայր, որտեղ բոլորն ինչքան սիրում են նրան, գոհ են ու երջանիկ Քոչարյանի ղեկավարումից, այնքան մոլեգնորեն ատում են նրա քաղաքական հակառակորդներին եւ երազում, որ վերջիններս ջարդուխուրդ արվեն: Նշենք սակայն, որ այս բոլոր նամակների մեջ իր անթաքույց անկեղծությամբ հուզեց այս մեկը, որ գրել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ Արթուր Միրզոյանը. «Պաշտպանում եմ վերջին հինգ տարիներին Ձեր կողմից իրականացվող ներքին եւ արտաքին քաղաքականությունը եւ վստահաբար հայտնում եմ մեր համոզմունքը, ապագայի նկատմամբ հավատը…Հուսով եմ, որ Ձեր կողմից ծրագրված աշխատատեղեր ստեղծելու հնարավորություններից գոնե մեկը կընձեռվի ինձ, որի համար կանխավ շնորհակալ եմ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել