Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հուլիս 03,2003 00:00

ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Վերջին շրջանում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղը որակական նկատելի առաջընթաց է ապրել։ Այդ մասին վկայում են նաեւ մեր ընտրանու մրցակիցները։ Հավաքականում ընդգրկված լեգեոներների, որոնք հանդես են գալիս ավելի բարձր կարգ ունեցող երկրների առաջնություններում, կողքին հուսալի խաղ են ցուցադրում նաեւ տեղի կադրերը։ Ու նրանց մեջ, հուրախություն բոլորիս, սկսել են նաեւ նոր անուններ երեւալ։ Սակայն հանրապետությունում երիտասարդ կադրերի պատրաստման տեմպերը բավարար չեն։ Եվ դրա պատճառներից մեկն էլ պատանի ֆուտբոլիստների հետ աշխատող բարձրակարգ մարզիչների բացակայությունն է կամ սակավությունը։ Իսկ նման դեպքերում, հայտնի է, հաջողությունը երկար շարունակվել ու զարգանալ չի կարող, քանի որ հետեւից եկող կադր չկա, թիկունքն էլ ամուր չէ։ Հենց այս բացը լրացնելու նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ «Փյունիկ» ակումբը Ռումինիա էին գործուղել դեռ այդ ժամանակ մեր ազգայինի երկրորդ մարզիչ Միխալ Ստոյկային, որն իր հետ Երեւան պետք է բերեր ռումինացի երկու մարզչի։ Ասենք, որ այս մասին իր վերջին ասուլիսում լրագրողներին տեղեկացրել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Հիմա այդ մարզիչներն այստեղ են ու մոտ ժամանակներս ձեռնամուխ կլինեն իրենց պարտականությունների կատարմանը։ Նրանք են Գաբրիել Դեկունուն եւ Կոռնել Դիշարը։ Այս մասնագետների մասին առայժմ շատ բան չգիտենք։ Ավելի հիմնավոր կճանաչենք ժամանակի ընթացքում։ Հայտնի է, սակայն, որ երկուսն էլ եղել են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ ու հանդես են եկել Ռումինիայի ճանաչված ակումբներում։ Մասնավորապես, Դեկունուն խաղացել է առաջին լիգայի «Դինամո» (Բուխարեստ) եւ «Ռոկարդ» թիմերում։ Ֆուտբոլիստի կարիերան 1996-ին ավարտելով՝ Դեկունուն գլխավորել է Ռումինիայի առաջնության 4-րդ, 3-րդ եւ 2-րդ լիգաների թիմերը, իսկ 1-ին լիգայի «Պոլյաեկում» աշխատել է որպես երկրորդ մարզիչ։ Ինչ վերաբերում է Դիշարին, նա պաշտպանել է հանրաճանաչ «Բրաշովի» եւ «Կեմպինայի» մարզական պատիվը։ Որպես մարզիչ աշխատել է «Բրաշովում», այնուհետեւ տեղափոխվել է Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիա։ Ավելացնենք նաեւ, որ նրանք ներկայումս հյուրընկալվել են «Փյունիկում», բայց բացառված չէ, որ նրանց կարողություններն օգտագործվեն նաեւ ֆուտբոլի այլ մարզադպրոցներում։ Մեզ մնում է հաջողություն մաղթել Գաբրիել Դեկունուն եւ Կոռնել Դիշարին իրենց աշխատանքում եւ անհամբեր սպասել այս անգամ Գերմանիայից երկու մասնագետների ժամանմանը։ Նրանք նույնպես պետք է աշխատեն կրտսեր տարիքի ֆուտբոլիստների հետ։ Հիշեցնենք, որ վերջին երկուսի ժամանումը Հայաստան իրականացվելու է Գերմանիայի կառավարության համապատասխան ծրագրով ու ֆինանսավորմամբ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել