Թուրքերը շահագրգիռ էին ցուցահանդեսի բացմամբ Երեկ մամլո ասուլիս էր հրավիրել Շվեդիայի հայկական միությունները համադրող նախագահ, Եվրոպայի ֆորումի քաղաքական խորհրդի անդամ Կարո Հակոբյանը։ Առիթը հունիսի 15-19-ը Բրյուսելում բացված «Հայոց ցեղասպանություն. կենդանի պատմություն» խորագրով ցուցահանդեսն էր։ Կ. Հակոբյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսը պետք է բացվեր ԵԽ-ի շենքում, սակայն Եվրախորհրդի մշակույթի եւ գեղարվեստական հարցերի ադմինիստրացիան մերժել էր, պատճառաբանելով, որ ցանկանում է հեռու մնալ Թուրքիայի հետ կոնֆլիկտներից։ Այն միաժամանակ նշել էր, թե բացասական պատասխանը չի նշանակում, որ իրենք չեն հետաքրքրվում Հայոց ցեղասպանությամբ։ Հետաքրքիր էր, որ մերժումը զայրացրել էր ոչ միայն հայերին, այլեւ շուրջ 10000 թուրքերի։ Վերջիններս նույնիսկ ստորագրություններ էին հավաքել, պահանջելով, որ ցեղասպանության մասին պատմող ցուցահանդեսը անպայման բացվի ԵԽ-ի շենքում։ Իսկ ԵԽ նախագահ Պատ Կոքսին դիմում էին հղել Ֆրանկֆուրտում ցեղասպանության ընդդիմախոսների նախագահ Ալի Էրթեմը, Tuday մարդու իրավունքների Թուրքիա-Գերմանիա միության նախագահ Հյուլիա Էնգին եւ այլք։ Նրանք հայտնել էին իրենց դժգոհությունը՝ ԵԽ-ի մշակույթի ու գեղարվեստական հարցերի ադմինիստրացիայի որոշումը որակելով անխոհեմ: Չնայած դժվարություններին ու քաշքշուկներին, այնուամենայնիվ, Բրյուսելի «Միջազգային կազմակերպությունների» տանը բացվել էր ցուցահանդեսը։ Կ. Հակոբյանից տեղեկացանք, որ այնտեղ ներկայացված փաստավավերագրական լուսանկարները գերմանաբնակ Ժիրայր Քոչարյանի ու Թեսսա Հոֆմանի սեփականությունն են, որոնք հետագայում վերադարձվել են տերերին։ Կ. Հակոբյանը նաեւ տեղեկացրեց, որ հունիսի 6-9-ը Վենետիկում բացվել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի 5-րդ տարեկան ժողովը, որին մասնակցել են Վենետիկի քաղաքապետ Պաոլո Քոստան, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը եւ պաշտոնատար անձինք Հայաստանից։ Քննարկումների ժամանակ կարեւորվել է այն հարցը, որ Սփյուռքը առավել ակտիվ մասնակցություն պետք է ունենա Հայաստանի ու Արցախի տնտեսական զարգացմանը։ Ֆորումի մասնակիցները խոսել են նաեւ Թուրքիայի կրթության նախարարության՝ տեղի դպրոցների վրա ունեցած ճնշումների մասին։ Նախարարությունը տարրական եւ միջնակարգ դպրոցներին (հայկական, հունական, ասորական) պարտադրում է կոնֆերանսներ կազմակերպել, որոնց նպատակը կլինի Թուրքիայում հայերի բնաջնջման փաստը հերքելը։ Ազգային փոքրամասնությունների դպրոցներին ստիպում են, որ վերոնշյալ կոնֆերանսներում անպայման նշվի, թե իբր հայերն են ցեղասպանություն իրականացրել թուրքերի նկատմամբ։ Ա. ՔԵՇԻՇՅԱՆ