Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅՖԻԼՄՆ» ԱՌԱՋՎԱՆԸ ՉԷ

Հուլիս 03,2003 00:00

«ՀԱՅՖԻԼՄՆ» ԱՌԱՋՎԱՆԸ ՉԷ Թատերագետ Ռազմիկ Մադոյանի գրքերն արթնացրեցին նոլստալգիկ հիշողություններ Երեկ Գրողների միության դահլիճում մի խումբ արվեստագետներ խիստ երկարաշունչ ճառ-ելույթներով փորձեցին մեծարել իրենց ամերիկաբնակ ընկերոջը՝ թատերագետ Ռազմիկ Մադոյանին։ Ու քանի որ ելույթները բավականին հոգնեցուցիչ էին, պոտենցիալ ելույթ ունեցողները ստիպված խմբվել էին միջանցքում՝ սպասելով իրենց ուշացող հերթին։ Առիթը Ռազմիկ Մադոյանի երեք գրքերի («Հուշամատյան», «Նռան գույնը» եւ Փարաջանովի լեգենդը», «Բեմն իմ խաչն է») շնորհանդեսն էր, որ երեկ համընկել էր նրա ծննդյան 75-ամյակին։ Ռազմիկ Մադոյանը 80-ականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն, ՀՀ պետկինոյի նախագահի առաջին տեղակալ ու շատ ֆիլմերի «կնքահայրն» է։ Կինոգետ Դավիթ Մուրադյանը զուգահեռներ տարավ Ռ. Մադոյանի՝ «Հայֆիլմի» տնօրեն աշխատած տարիների ու մեր օրերի միջեւ՝ գալով ցավագին եզրակացության. ներկայիս միջազգային փառատոներում «Հայաստանի դրոշ չկա», եւ «այսօր չունենք կինեմատոգրաֆ այն մասշտաբով, որ միջազգային կինոփառատոներում կարողանանք հիշեցնել մեր հասցեն»։ Պատճառն, ըստ Դ. Մուրադյանի, այն է, որ այժմ չկան Ռ. Մադոյանի նման արվեստի կազմակերպիչներ եւ հայկական կինոյի ողբալի վիճակի պատճառը միայն սակավաֆիլմությունը, բարոյահոգեբանական ու քաղաքական մթնոլորտը չէ։ ՀԹԳՄ նախագահ Երվանդ Ղազանչյանը, որ, բարեբախտաբար, ամենասակավախոս շնորհավորողներից էր, գերադասեց ասելիքը ներկայացնել Գուրգեն Գադաչիկի «Խեղկատակային աշխարհ» աշխատանքով։ Այն նվիրելով գործընկերոջը, Ե. Ղազանչյանը մեկնեց նկարի իմաստը. «Խեղկատակը ճյուղին նստած, ճակատագրի անիվը կողքին, ծիծաղում է աշխարհի վրա, ասելով՝ սիրելիներս, ուշադիր եղեք մարդու նկատմամբ»։ Ե. Ղազանչյանի կարծիքով, թեեւ Ռ. Մադոյանը Հայաստանում չէ, սակայն հայաստանցիներից «ավելի շատ է տխրում, ուրախանում այն ամենով, ինչ տեղի է ունենում մեզ մոտ»։ Գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը հատկապես առանձնացրեց հեղինակի՝ Հովհաննես Զարիֆյանին նվիրված «Բեմն իմ խաչն է» գիրքը, որ ծնվել է Ռ. Մադոյանի 30-ամյա փնտրտուքի արդյունքում։ «Չնայած Զարիֆյանը կամ դաշնակցական էր, կամ ռամկավար, ինչը մինուս է, ու Մադոյանն էլ նրան չի տեսել, բայց կարողացել է այնպես ներկայացնել, ասես իսկապես տեսել ու ճանաչում է»։ Պ. Զեյթունցյանը հարկ համարեց ներկաներին հիշեցնել, որ «Նռան գույնը» հայտնի ֆիլմը ստեղծվել է Ռ. Մադոյանի «Հայֆիլմի» տնօրեն աշխատած տարիներին ու ինքն էլ ֆիլմի խմբագիրն է եղել։ Դրանք ժամանակներ էին, երբ «Մադոյանը տնօրեն էր ու ստիպված մոսկվաների, կենտկոմների հետ էր գործ ունենում։ Ես ընդամենը ֆիլմի ստեղծման լավ էջերին եմ ծանոթ։ Ինքը, ցավոք, նաեւ զզվելի էջերին»։ Այսինքն, գրող-հրապարակախոսը նկատի ուներ, որ այդ տարիներին ցանկացած ոչ սովետական բովանդակությամբ ու մտածողությամբ ֆիլմ դատապարտված էր։ Իսկ Ռ. Մադոյանին հաջողվում էր այդ ֆիլմերը «անցկացնել»։ Ելույթ ունեցողները փաստեցին, որ ի հեճուկս խորհրդային ռեժիմի, Ռ. Մադոյանը կարողացել է լավ ֆիլմեր կյանքի կոչել։ Ասվածի փայլուն արտահայտությունն են «Նահապետը», «Երեւանյան օրերի խրոնիկան», որոնք հասցնելով մոսկվաներ, «Հայֆիլմի» այն ժամանակվա տնօրենը «վերեւներում» համոզել է, որ դրանք այն են, ինչ պետք է։ Ռ. Մադոյանին ամենակրքոտ շնորհավորողներից մեկը՝ Սուրեն Հասմիկյանը, որ ժամանակին աշխատել էր նրա ենթակայությամբ, ասաց. «Չեմ հիշում որեւէ դեպք, երբ Ռազմիկ Մելիքսեթովիչը հանդես եկած լինի կոնյունկտուրային որեւէ նախադասությամբ»։ Ինչ վերաբերում է Ռ. Մադոյանին, ապա նա իր գրքերի ծնունդը համեստորեն բացատրեց այսպես. «Ճակատագրի բերումով առնչվել եմ մշակույթի հայտնի գործիչների ու հանճարների հետ, իսկ ընկերներս խորհուրդ են տվել, որ անպայման անդրադառնամ հուշերիս»։ Ի դեպ, Ռ. Մադոյանի մեծարմանը ներկա էր նաեւ Հայ-սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։ Նա բազմաթիվ խորհուրդներ հայտնաբերեց հեղինակի եռագրության մեջ, հայտարարելով, որ ամենամեծ խորհուրդը, անկախ ճակատագրի մատուցած տհաճ անակնկալներից, մարդկային նկարագիրը պահելն է։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել