Լրահոս
Օրվա լրահոսը

4172ամյա դեղատոմս

Հուլիս 03,2003 00:00

4172ամյա դեղատոմս Կոալիցիայի տնտեսական ծրագիրը բազմաթիվ նոր հարցականներ է առաջացնում Զարգացող, քաղաքակիրթ պետություններում ստրատեգիական եւ միջին ժամանակահատվածի ծրագրերը կազմվում են տվյալ պետության եւ հասարակության առջեւ ծառացած խնդիրները լուծելու եւ դինամիկ առաջընթաց ապահովելու նպատակով: Ըստ էության, դրանք այն լուծումներն են, որ կառավարող էլիտան առաջարկում է որպես պատասխան ժամանակակից հարցերին եւ պրոբլեմներին: Հունիսի 19-ին ՀՀ կառավարության ներկայացրած եւ խորհրդարանի կողմից փաստացի վավերացրած չորսամյա գործունեության ծրագիրը կոալիցիոն /ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵ/ վերնախավի դեղատոմսն էր` հայրենական մարտահրավերների: Սակայն վերջինս շատ ավելի հարցականներ ծնեց եւ բազում լղոզված պատասխաններ: Նախ ծրագիրը կազմվեց ընդամենը 10 օրում /մինչդեռ Սահմանադրությունը թույլատրում էր 20 օր/, ընդ որում՝ նախագահի եւ կոալիցիոն 3 կուսակցությունների ծրագրային համադրությամբ: Թե որքան լուրջ է 10 օրում պետության զարգացման չորսամյա բազմոլորտ ծրագիր գրելը, այն էլ էկլեկտիկ հիմունքներով, թողնենք այն փորձագետների մասնագիտական խղճին, ովքեր գրել են այս ծրագիրը եւ որոնց անուններն այդպես էլ անհայտ մնացին՝ պաշտոնապես ծրագրի հեղինակի անունը ՀՀ ֆինանսների նախարարությունն է: Ծրագրի հենց սկզբում, «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներ» հատվածում ֆիքսված է առկա սոցիալ172տնտեսական վիճակը, որին ծանոթանալով հասկանում ես, որ այս ոլորտում գրեթե ամեն ինչ «առավել ծանր է», «անթույլատրելի է», «ցածր է»,«վատ է», «բավարար չէ», «ձեւավորված չէ», «լուծված չէ» եւ հարց է ծագում` չէ որ այս գնահատականներն անցած հանրապետական կառավարության գործունեության արդյունքներն են: Շեշտվում է, որ այս ծրագիրն անցած 3 տարիների «ձեռքբերումների» շարունակությունն է ապահովում. ո՞ր ձեռքբերումների, երբ վիճակն այսչափ անմխիթար է արձանագրված ծրագրի մեջ եւ ինչպե՞ս է այս վիճակին հասցրած ծրագրի տրամաբանական շարունակությունը զարգացում ապահովելու /երբ կատարողներն էլ համարյա նույնն են/: Ընդհանրապես ծրագրի մեջ բազմաթիվ են «լուրջ ուշադրություն», «մեծ ուշադրություն», «առանձնահատուկ ուշադրություն», «ընդհանուր առմամբ», «կարեւորում», «շատ կարեւորում», «հատուկ կարեւորում» բառակապակցությունները, որոնք տնտեսագիտական առումով առնվազն անհասկանալի են եւ ոչ կոռեկտ /օրինակ` գլուխ 4.3.3.-ի մեջ նշված է` մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես հանրակրթական ոլորտին: Անհասկանալի է` ինչպես է չափվելու «մեծ»-ը` ծովից-ծո՞վ, թե՞ երթուղային տաքսու 1 պտույտի չափով/: Հետաքրքիր է, որ ծրագրում կան կոնկրետ թվերով արտահայտված ակնկալվող արդյունքներ, որոնք էականորեն տարբերվում են Ռ. Քոչարյանի նախընտրական ծրագրում արտահայտված նույն ոլորտի ցուցանիշներից եւ վերստին անհասկանալի է մնում` եթե կառավարությունը իրականացնում է այս ծրագիրը, ապա ով է իրականացնում նախագահինը: Դիցուք Ռ. Քոչարյանի ծրագրում գրված է տարեկան միջինը 8-12 տոկոս ՀՆԱ-ի աճ, մինչդեռ կառավարության ծրագրում գրված է 6-8 տոկոս, իսկ թե ինչու 8-12 կամ 6-8 տոկոս, ոչ մի տեղ հիմնավորված չէ: Նույնն է արտահանման ծավալների աճի տեմպերի շուրջ. նախագահի ծրագրում` մինչեւ 20 տոկոս աճ, կոալիցիան խոստանում է 10 տոկոս: Համաձայն ծրագրի, 4 տարիների ընթացքում աղքատության ծավալը 51-ից նվազելու է մինչեւ 35 տոկոս: Ողջ խնդիրն այն է, որ հայկական անհասկանալի չափորոշիչներով աղքատության շեմը մոտ 13.000 դրամ է, իսկ ծայրահեղ աղքատներինը` 7.000, մինչդեռ միջազգային չափանիշներով /Եվրոբանկի տվյալն էր/ աղքատ է ՀՀ քաղաքացիների մոտ 76 տոկոսը եւ այդ շեմը հավասար է մոտ 28.000 դրամի /ներառված են կենցաղսպասարկման եւ այլ ծախսեր, ի տարբերություն հայրենականի, որտեղ միայն սնվելու մինիմալ գումարն է/, հետեւաբար տեղական «հարմարեցված» չափանիշներով, աղքատության նվազեցման ցուցանիշները համեմատաբար համեստ են: Ծրագրի պարադոքսներից մեկն էլ այն է, որ գրեթե բոլոր տնտեսական ցուցանիշները այս կամ այն չափով անկումային են անցած 3 տարիներին գրանցված ցուցանիշներից եւ ծրագիրը ոչ թե զարգացում է պարունակում, այլ կայուն հետընթաց: Մեծ իմաստով ծրագիրը նման է անհասկանալի լուծումներով /օրինակ` պարզվում է, որ 2007թ. ուսուցիչների աշխատավարձը կազմելու է 60.000 դրամ` ինչու եւ ինչպես եւ ընդհանրապես որչափ է լինելու 2004, 2005, 2006թ.՝ նշված չէ/ դեկլարացիայի` համեմված հնարավորինս համեստ, բայց չհիմնավորված ցուցանիշներով եւ այնպիսի տպավորություն է, որ այն կոչված է կառավարող կոալիցիան հնարավոր ձախողումներից ապահովագրելու: ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ P.S, Կառավարող կոալիցիան հայտարարում է, որ առավել էֆեկտիվ է լուծելու առկա սոցիալական ծանր խնդիրները եւ այս ծրագիրն միտված է դրան: Ըստ ծրագրի տնտեսական աճը ներկայիս ցուցանիշներից 1.5-2 անգամ կրճատվելու է, թե ինչպես է կառավարությունը կրճատմանը զուգահեռ ավելացնելու սոցիալական ծախսերը՝ եւս խղճի հարց է: Եթե ընդհանրապես կոալիցիոն խիղճ լինում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել