«6-ՐԴ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԵՄ ԽԱԲԵԼ» Հավատացնում էր նախկին ոստիկանը «Հոկտեմբերի 27» քրեական գործի երեկվա դատաքննությանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան էին ներկայացել եւ ցուցմունքներ տվեցին նախկին ոստիկաններ Ավետիս Թաշճյանը եւ Անդրանիկ Դարբինյանը։ Նախ Ավետիս Թաշճյանը շարունակեց պատասխանել Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւի հարցերին։ Վկան դարձյալ պնդեց, որ իրեն տրված բոլոր հրահանգները եղել են բանավոր՝ ոչ մի գրավոր հրահանգ չի եղել, թե ինչ պետք է անի անզեն ոստիկանը զինված ահաբեկիչների դեմ։ 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում կրակոցներից առաջ, ըստ այս վկայի, դռները ժամանակավոր բաց են եղել եւ ծառայությունը կարմիր նախասրահում դռան մոտ կատարել է մեկ հոգի։ Օ. Յունոշեւը փորձեց վկայից ճշտել, թե որտեղ է գտնվել կրակոցներից առաջ, Ա. Թաշճյանը պատասխանեց, որ նախազգուշացրել է իր ընկերոջը, թե իջնում է ծխելու։ – Միշտ ծխում եք նույն տեղո՞ւմ,- սկսվեց յուրօրինակ հարցաքննություն վկայի հետ։ Վերջինս պատասխանեց. – Մշտապես նույն տեղում չեմ ծխել։ Նիստի օրերին վերեւում եմ ծխել։ – Ինչի՞ հետ է կապված։ – Ամեն չորեքշաբթի՝ հարցուպատասխանի օրը իմ դռնից են մտել նախարարներ, դրա համար էլ մտածել եմ, որպեսզի անակնկալի չգամ սիգարետը ձեռքիս, ներքեւում եմ ծխել։ – Սովորաբար ինչքա՞ն ժամանակ է տեւում ձեր ծխելը։ – Սիգարետ կա ուշ է վերջանում, սիգարետ կա՝ շուտ։ – Եթե թողնում եք պահակակետը, աշխատում եք մաքսիմալ արագ ծխել, չէ՞։ Մեղադրող Գագիկ Ավետիսյանը հենց այդ պահին առարկեց փաստաբանի հարցին, ասելով. «Ցուցմունքի հետ ծխելու պատմությունը ի՞նչ կապ ունի»։ Օլեգ Յունոշեւը նույնպես տուժող կողմ հանդիսացող մեղադրողին պատճառաբանեց. «Իմ հարցադրումները նպատակ են հետապնդում վերականգնել այն բացերը, որոնք տեղ են գտել նախաքննության ժամանակ։ Հաշվի առնելով, որ վկան չի նշում ժամանակը, իսկ մեզ հարկավոր է ճշտել, թե որքան ժամանակ է մնացել պահակակետն առանց հսկման, ես պարտավոր էի տալ այդ հարցը»։ Ամբաստանյալ Վռամ Գալստյանը պնդում է, որ բարձրացել է նույն աստիճաններով, Ա. Թաշճյանն էլ պնդում էր, որ Վ. Գալստյանին չի նկատել դեպի կարմիր նախասրահ իր կողքից անցնելիս։ Հարկ եղավ նաեւ հարց ուղղել Վռամ Գալստյանին։ Դատավոր Սամվել Ուզունյանը, դիմելով ամբաստանյալին, հարցրեց. «Միգուցե շփոթո՞ւմ եք, այդ կողմո՞վ չեք բարձրացել»։ Ամբաստանյալը պատասխանեց, որ ինքը հետեւել է Հունանյաններին, անցել է նույն միջանցքով եւ նախաքննության ժամանակ էլ ցույց է տվել, թե ինչպես է բարձրացել աստիճաններով։ Այս վկայի ցուցմունքը համընկնում էր ոճրագործների ցուցմունքների հետ։ Թվով 9-րդ վկան է Անդրանիկ Դարբինյանը, որը ՆԳ համակարգից հեռացվել է 1999թ. դեկտեմբերի 9-ին։ Այս վկան, ի պատասխան մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի հարցի, թե նախաքննության ընթացքում ճի՞շտ ցուցմունքներ է տվել, պատասխանեց. «6-րդ վարչությունում չեմ խաբել»։ Նա հայտնեց, որ Մուշեղ Մովսիսյանի հետ կարմիր նախասրահում նստած էր իր հրամանատար Միշա Մանուչարյանը։ Վերջինս ծխում էր, չէր խոսում եւ որ ժամն էլ 16:45 էր: (Գործի նյութերով Նաիրի Հունանյանի խումբը ներխուժել էր նիստերի դահլիճ 16:15-ին)։ Նախկին սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը ԱԺ նիստից առաջ, 3-րդ դռան մոտ կանգնած զրուցելիս է եղել պատգամավորների հետ։ Կարեւոր էր նաեւ վկայի ցուցմունքի այն հատվածը, երբ նա ասաց, որ ոստիկան Գագիկ Հակոբյանը իրեն դիմելով հայտնել է, թե «կարող է ԱԱ նախարարը գա»: (Բոլորին հայտնի էր, որ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը քաղաքում չէր)։ Բնականաբար, հետեւեց մեղադրողի հարցը. «Երբ ձեր ընկերը (Ա. Թաշճյանը) պահակակետը թողնում էր եւ գնում ծխելու, դուք չասացի՞ք, որ նախազգուշացրել են նախարարի գալու մասին»։ Վկան հերթական բացասական պատասխանը տվեց։ Չխորանալով մանրամասների մեջ, նշենք, որ նախկին ոստիկանի այդ ցուցմունքը հակասում է մի շարք այլ ցուցմունքներին: Վկան ասաց, որ Միշա Մանուչարյանը խնդրել է իրեն, որ ցուցմունքի ժամանակ ասի, թե չի եղել կարմիր նախասրահում։ Ա. Դարբինյանը պնդեց, որ արձակուրդում գտնված իրենց հրամանատարը՝ Մ. Մանուչարյանը, հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում էր։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ