Լրահոս
Օրվա լրահոսը

Բորդյուժան անհանգստացել է

Հուլիս 03,2003 00:00

Բորդյուժան անհանգստացել է Ռուսաստանի իշխանական վերնախավի տարբեր օղակներից հնչող հակամետ մեկնաբանություններն ու գնահատականներն այս կամ այն երեւույթի նկատմամբ կարծես սովորական է դարձել։ Օրինակ, իր նախագահության շրջանում Բ. Ելցինը Պեկին կատարած մի այցի ընթացքում հայհոյում էր ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնին։ Նույն պահին վարչապետ Վ. Պուտինը ռեւերանսներ էր անում ԱՄՆ-ի նկատմամբ եւ խոսում երկու երկրների միջեւ համագործակցության աճող տեմպերի մասին։ Ամիսներ առաջ արաբա-իսրայելական հակամարտության հերթական ստուգումներից մեկի ժամանակ միմյանցից զգալիորեն տարբերվեցին այցով տարածաշրջանում գտնվող՝ ՌԴ Պետդումայի Դաշնային խորհրդի նախագահ Ս. Միրոնովի եւ ՌԴ նախագահ Վ. Պուտինի մոտեցումները։ Նմանօրինակ հակամետության թարմ օրինակ կարող են դիտվել Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գնահատականները՝ տրված ՆԱՏՕ-ի ընդլայնման ֆորումների կապակցությամբ։ Աստանայում Ղազախստանի ղեկավարի հետ ունեցած զրույցի ընթացքում Բորդյուժան նշել է, թե «մենք չենք կարող հաշվի չառնել ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների մոտենալու ձգտումը մեր սահմաններին»։ Գաղտնիք չէ, որ «Հավաքական անվտանգության պայմանագիր» կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր դերակատարն ու ոգեշնչողը հենց Ռուսաստանն է։ Ակնհայտ է, որ վերոհիշյալ հայտարարությունն ամենեւին չի ներդաշնակում բոլորովին վերջերս պետական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Վ. Պուտինի՝ Ռուսաստան-Մեծ Բրիտանիա եւ, մասնավորապես, Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների «նոր որակի» մասին տված գնահատականներին։ Բացի այդ, հենց Պուտինի անվան հետ է կապվում 2002 թ. «Ռուսաստան-ՆԱՏՕ» խորհրդի ստեղծումը, ինչով էլ ՌԴ քաղաքական վերնախավը փաստորեն ընդունեց, որ այսուհետ Ռուսաստանը եւ ալյանսի անդամ երկրները պայքարելու են համատեղ եւ միեւնույն դիրքերից։ Մինչդեռ Բորդյուժան դժգոհում էր, որ ՆԱՏՕ-ի՝ դեպի իրենց սահմաններն ընդլայնվելը տեղի է ունենում «բավականին հանգիստ ֆոնի վրա, երբ չկան ակնհայտ սպառնալիքներ»։ ՀԱԽ գլխավոր քարտուղարի անհանգստությունը հատկապես հետաքրքիր է դիտվում օրեր առաջ Հայաստանում կայացած, ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք-2003» զորավարժությունների համատեքստում։ Վերջինս պնդում է, թե վերլուծության է կարոտ, մասնավորապես, Կովկասյան ուղղությամբ ՆԱՏՕ-ի աշխուժացումը։ Տարածաշրջան, «որտեղ գտնվում է մեր դաշնակիցը՝ Հայաստանը»։ Թերեւս արժե մտորել, թե իրականում մեզ համար որքանով է օգտակար Հայաստանի նկատմամբ Բորդյուժայի արտահայտած հոգատարությունը։ Եվ եթե ճիշտ էին դիտորդների այն գնահատականները, թե Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների սերտացումն անմիջականորեն կախված է Ռուսաստանի եւ ալյանսի միջեւ եղած փոխհարաբերությունների մակարդակից, ապա պաշտոնական Երեւանի առջեւ «փոքրիկ» գլուխկոտրուկներ են ծառանում. հավատա՞լ Պուտինին, թե՞ Բորդյուժային։ Հատկապես, որ վերջինս նաեւ ուժր ցուցադրումներ է անում, ասելով. «Մենք ուժ ու միջոցներ ունենք, որոնք կարող են արձագանքել ցանկացած հնարավոր բացասական գործողության»։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել