Լրահոս
Օրվա լրահոսը

«Աննախադեպ» մերժում

Հուլիս 03,2003 00:00

«Աննախադեպ» մերժում Գագիկ Հարությունյանը զարմացավ, բայց չհամոզվեց ՍԴ-ն երեկ վերսկսեց թիվ 3 ընտրատարածքում իրականացված մեծամասնական ընտրակարգով «ընտրություններն» անվավեր ճանաչելու պահանջով թեկնածու Ղուկաս Ուլիխանյանի դիմումի քննությունն ու՝ մերժեց՝ հայտարարելով, թե գործում առկա փաստերը բավարար չեն այդ ընտրատարածքի ընտրություններն անվավեր ճանաչելու համար: Եթե Գագիկ Հարությունյանը չի հիշում, ապա հիշեցնենք, որ հենց ինքն էր նախորդ նիստում հայտարարում, թե՝ այս ընտրատարածքում կատարված ընտրախախտումներն «աննախադեպ» են, իսկ թե ինչ եղավ մինչ երեկ ընկած ժամանակահատվածում, որ նա այդ «աննախադեպ» ընտրախախտումները երեկ «անհիմն» համարեց, կարելի է ենթադրել: Այնուամենայնիվ, նշենք, որ նախորդ նիստն ընդմիջվեց դիմող կողմի ներկայացրած միջնորդությամբ, որով վերջինս պահանջում էր թիվ 3 ԸԸՀ գրանցամատյանը, քանի որ, դիմումատուի հավաստմամբ, «ընտրությունների» արդյունքներն ամփոփելիս թիվ 3 ԸԸՀ նիստի ընթացքում կազմված արձանագրության մեջ նշված են եղել միայն թեկնածուների հավաքած ձայների թվերը, եւ որեւէ կերպ արձանագրված չի եղել, որ այդ ընտրատարածքում «ընտրված» պատգամավոր է ճանաչվել Ռաֆիկ Պետրոսյանը: ԸԸՀ գրանցամատյանում արձանագրված տվյալների համաձայն, Ռաֆիկ Պետրոսյանի օգտին գրանցվել է 5063, իսկ Ղուկաս Ուլիխանյանի՝ 2614 ձայն: Այս ընտրատարածքում իրականացված ընտրախախտումները, սակայն, ոչնչով չէին զիջում այն ընտրատարածքներում տեղի ունեցած խախտումներին, որոնց ընտրությունները նույն ՍԴ-ն, նույն կազմով ու նախագահով որոշել էր համարել անվավեր: Այս ընտրատարածքում եւս, ըստ դիմումատուի, 72 վստահված անձինք լքել էին ընտրատեղամասերը՝ Ռ. Պետրոսյանի կողմնակիցների կազմակերպած համատարած ծեծկռտուքների պատճառով: Երեկ դիմող կողմն իր եզրափակիչ ելույթում դարձյալ մեկառմեկ ընդգծեց այդ ընտրատարածքում իրականացված ընտրախախտումները, որոնք ինչպես նախորդ, այնպես էլ այս նիստի ընթացքում մե~ծ զարմանք պատճառեց Գագիկ Հարությունյանին, սակայն «չհամոզեց», որ այդ խայտառակ ընտրություններն անվավեր ճանաչելու մասին որոշում կայացնի: Ինչպես թիվ 16, այնպես էլ այս ընտրատարածքի մի շարք ընտրատեղամասերում քվեաթերթիկներ ստացվել են կամ նախատեսվածից ավելի շատ, կամ մի քանիսով պակաս/թիվ 0046/03, 0050/03, 0066/03, 0068/03 եւ այլն/, որոնց վերաբերյալ արձանագրությունում անճշտությունների թիվը լրացված չէ: Օրինակ, ըստ ամփոփիչ արձանագրության, 0065/03 տեղամասում 1861 ընտրողի համար ստացվել է 5888 քվեաթերթիկ, այսինքն՝ նախատեսվածից 3933-ով ավելի, որից ընտրողները ստորագրությամբ ստացել են ընդամենը 866 քվեաթերթիկ, մարվել է 3303-ը, իսկ 1719 քվեաթերթիկ անհետացել է: Այս մասին դարձյալ գրանցամատյանում որեւէ տող չկար: 0053/03 տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման փուլում քվեատուփում հայտնաբերվել են չկնքված ավելի քան 100 քվեաթերթիկներ, որոնք, ըստ վստահված անձերի դիմում-բողոքների, անվավեր են ճանաչվել, սակայն դրանց մասին ամփոփիչ արձանագրություններում նույնպես արտահայտված չեն: Դիմող կողմի 188 էջանոց բողոքում առկա էր նաեւ այն, որ 0064/03 տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման փուլում տեղամաս են ներխուժել թեկնածու Ռ. Պետրոսյանի կողմնակիցները եւ խանգարել են նիստը, ծեծի են ենթարկել 0068/03 հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Դոլայանին, եւ՝ 0052/03-ում մյուս թեկնածու Արմեն Ասլանյանի վստահված անձին: Սրանք դեռեւս թիվ 3 ընտրատարածքում իրականացված ընտրախախտումների ընդամենը չնչին տոկոսն են կազմում, ինչի վրա Գագիկ Հարությունյանը կարողացավ աչք փակել՝ «Հանուն Հայաստանի իշխանությունների» ցուցումն իրականացնելու: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել