Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒԼԱՑՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ»

Հուլիս 03,2003 00:00

«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒԼԱՑՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ» Կարծում է Քրիստոնեա-դեմոկրատական միության հիմնադիր Ազատ Արշակյանը – ՔԴՄ-ն լճացման տեւական փուլից հետո՝ բավական ակտիվորեն մասնակցեց ընտրություններին, ըստ դիտարկման արդյունքների՝ 78 հազար դոլարանոց քարոզարշավ տարավ եւ այնուամենայնիվ՝ տեղ չգրավեց ԱԺ-ում: Կանխատեսելի՞ էր այս հեռանկարը: – Ճիշտ է՝ քաղխորհրդի անդամ եմ, բայց երկար ժամանակ է, ինչ փաստացի հեռացել եմ կուսակցությունից եւ լիարժեք տեղեկություններ չունեմ, թե ինչ է կատարվում ՔԴՄ-ում: Կապվածություն չունեմ այդ կազմակերպությանը՝ այժմ այն ինձ համար անցած փուլ է: Իհարկե, ՔԴՄ-ի ստացած 1%-ը քիչ էր: Որեւէ կազմակերպություն, որի ընտրվելու հավանականությունն այդքան է՝ խոհեմ կլինի, եթե ընդհանրապես չմասնակցի ընտրություններին: Սակայն ընտրություններին մասնակցած ու չմասնակցած բոլոր կուսակցությունները համարում են, թե արդյունքները կեղծված են եւ իշխանությունը՝ զավթված: Մխիթարվենք նրանով, որ ՔԴՄ-ն այդ զավթմանը մասնակցել է ընդամենը 1%-ով, եւ այդքան էլ պատասխանատվություն ունի ընտրակեղծիքների համար: Գտնում եմ, թե ընտրությունների մասնակիցները դերակատարը դարձան մի մեծ ֆարսի, քանի որ բոլորն էլ գիտեին, թե ինչ ընտրություններ են լինելու եւ իզուր են այժմ դժգոհում արդյունքներից: – ՔԴՄ նախագահը վերջերս ե՛ւ խիստ տեղին քննադատեց կոալիցիոն կառավարության ծրագիրը, ե՛ւ քաղաքական սուր հայտարարություններ արեց, թե ընտրություններից հետո խորացել է անջրպետն իշխանությունների եւ ժողովրդի միջեւ: Գուցե նախկին չեզոք դիրքերից կուսակցությունն անցնի ընդդիմությա՞ն դաշտ: – Ընդդիմության դաշտ, ըստ էության, գոյություն չունի: Իմ խորին համոզմամբ՝ 1998-ին է կոալիցիա ձեւավորվել Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ: Իրականում այժմ Հայաստանում կա իշխանության մենաշնորհ, եւ Քոչարյանի ղեկավարած կոալիցիայի տարբեր խմբակցություններն են քաղաքական ասպարեզում: Գլխավոր խնդիրների վերաբերյալ ոչ միայն ՔԴՄ-ի, այլեւ ԱԺ-ում ներկայացված ու չներկայացված բոլոր քաղաքական գործիչների մոտ չեմ տեսել այն հարցադրումների պատասխանները, որոնք վերաբերում են երկրի առջեւ ծառացած խնդիրներին: Ասենք՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածության, ինքնիշխանության մակարդակի կամ եվրոպական համակարգին ինտեգրվելու հարցերի վերաբերյալ որեւէ կազմակերպություն չի առաջարկում Քոչարյանի ծրագրին այլընտրանք: Այսինքն՝ բոլորն այն նույն բանն են ասում, ինչը բավականին լավ ասել է Քոչարյանը եւ արդեն 1998-ից իրականացնում է այդ ծրագիրը: Այլ հարց է, որ նրանք ցանկանում են «պերեստրոյկայի» ենթարկել այդ ծրագիրը: – Բացառություն չեք անում անգամ ընդդիմադիրների՞՝ ասենք, ՀԺԿ-ի համար: – Այո, ընդդիմությունն էլ է այդ խմբակցություններից՝ «պերեստրոյշչիկներից» մեկը: Նրանք բոլորն 1998-ին կանգնած էին այդ՝ «խնդիրները փաթեթով լուծելու» նժարի վրա, կրում էին այդ գաղափարախոսությունը: Ուղղակի հիմա բավարարված չեն իրենց դերակատարությամբ՝ այդ թիմում կա անհամերաշխություն, անհամաձայնություն կամ ներքին մրցակցություն: ՀԺԿ-ն նույնպե՛ս իր տեղն ունի այդ նժարի վրա՝ «Միասնություն» դաշինքով: Եվ ՀԺԿ-ն նույնպե՛ս չի առաջարկում Հայաստանի զարգացման այլընտրանքային ծրագիր: Փաստորեն Հայաստանի զարգացման երկու տարբերակ ունենք՝ Քոչարյանի առաջարկածը, եւ նախորդ իշխանության ծրագիրը՝ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների վերաբերյալ: – Այդ ծրագիրն այս ընտրություններում ստացավ 1%-ից էլ պակաս ձայներ: – Արարատ Զուրաբյանը երիտասարդ քաղաքական գործիչ է եւ չի նույնացվում նախորդ իշխանության հետ: Եկեք ՀՀՇ-ի վաստակած 1%-ը չհամարենք նախորդ իշխանության գնահատականը: Նրանք հայտ չեն ներկայացրել, նախորդ իշխանության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել այս ընտրություններին եւ չի առաջադրել իր քաղաքական ծրագիրը, որն իրոք այլընտրանք էր Քոչարյանի կոալիցիայի գաղափարախոսությանն ու ծրագրերին: Այսինքն՝ մեր քաղաքացիները չեն ունեցել իրական ընտրության հնարավորություն: – Ընտրության հետեւանքով Հայաստանը հայտնվեց Եվրախորհրդում ձայնազուրկ դառնալու վտանգի առջեւ: Ձեր կարծիքով, սրանով էլ կավարտվի՞, թե՞ սա միայն առաջինն է պատժամիջոցների շարքում: – Եվրոպացիները փորձում են օգնել մեզ վերանայել մեր ապրելակերպը: Իրենց գործելակերպն է այդպիսին՝ նախազգուշացնել, առաջարկներ ու սեմինարներ անել եւ այլն: Տանկեր չեն ուղարկում, ռմբակոծություններ չեն կազմակերպում, բայց պետք է իմանանք, որ եվրոպացիները հետեւողական են իրենց համոզմունքում, թե աշխարհը պիտի ապրի իրենց արժեքներով ու գաղափարներով: Մեզ չեն ստիպել՝ ինքներս ենք ցանկացել դառնալ Եվրախորհրդի անդամ: Թեեւ մեզ այժմ հորդորում են մահապատիժը վերացնել, լրագրողներին չպատժել ազատ խոսքի համար, արդար ընտրություններ անել՝ այս դիտողություններին մեր պաշտոնյաների արձագանքներից ինձ սկսել է թվալ, թե այս ամենից զատ՝ նրանց այնտեղ ինչ-որ անպարկեշտ առաջարկներ էլ են անում, ուստի մերոնք դժգոհ են, մի տեսակ չուզելով են գնում Եվրոպա: – Ընտրությունների հետ են կապվում նաեւ Երեւանում օրը ցերեկով հնչող կրակոցները: Թեկնածուներին անցկացնելու համար դիմում էին քրեական հեղինակությունների աջակցությանը՝ ահա եւ վերջիններս իրենց անպատժելի են զգում: Իրավացի՞ եք համարում այս դիտարկումը, թե՞ կրակոցներ են՝ բոլոր երկրներում էլ լինում են, չկա առանձնակի խուճապի պատճառ: – Տագնապի պատճառ կա՝ հանցագործությունների դեմ պետք է պայքարել ամենակոշտ մեթոդներով: 90-ականներին ՆԳՆ-ի կողմից նման մեթոդների գործադրումը տվեց ակնհայտ դրական արդյունքներ: Ուստի այժմ էլ քաղաքական կամքի առկայության դեպքում՝ կա այդ հնարավորությունը: Այս ընտրություններն անշուշտ ազդել են, եւ դեռ երկար զգալի կլինեն դրանց հետքերը: Այսպիսի ընտրությունները թուլացնում են իշխանությանը եւ, որոշ առումով, այժմ կատարվողը դրա հետեւանքն է: Բայց հույս ունեմ, որ Հայաստանը չի դառնա Սիցիլիա: Մեր մենթալիտետը դա թույլ չի տա՝ մենք չենք ճանաչում արյան վրեժ, վենդետտա: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել