Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ՍՊԱՆՎՈՒՄ Է ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ

Հուլիս 03,2003 00:00

ԵՐԲ ՍՊԱՆՎՈՒՄ Է ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ Նոր ոճրագործություն՝ օրը ցերեկով Ընդամենը մեկ օր առաջ էր, երբ հանրապետության նախագահը հայտարարեց. «Մեզանում չպետք է տեղ գտնեն միջնադարյան վենդետան եւ գողական մտածելակերպը»։ Նաեւ ասաց, թե «Հայաստանում չպետք է լինեն շորթում, ռեկետ, քրեական հաշվեհարդարներ»։ Իհարկե, դժվար է պնդել, որ ԵՊՀ ռուսական բանասիրական ֆակուլտետի դեկան Կարեն Մկրտչյանի երեկվա սպանությունը որեւէ կապ ուներ նման խնդիրների հետ, բայց որ ինքնաձիգի միջոցով հարցեր լուծելը եւ անպատժելիությունը դարձել են Հայաստանում սովորական երեւույթ, դա արդեն փաստ է։ Ոստիկանության «Կենտրոն» բաժինը, ըստ Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության տեղեկատվության, անդրանիկ ահազանգը ստացել է ժ. 9։35-ին, որ Սայաթ-Նովա փողոցի թիվ 37 շենքի մոտ դիակ կա։ Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ «Նիվան», որից Կ. Մկրտչյանի վրա կրակոցներ են արձակվել, կրել է արտասահմանյան պետհամարանիշ։ Կրակոցներից հետո «Նիվան» փախուստի է դիմել։ Հարուցվել է քրեական գործ, գործի քննությունը վարում է Երեւան քաղաքի դատախազությունը։ Դեպքից անմիջապես հետո վերոնշյալ տարածքում հայտնվեցին ավտոմատավոր ոստիկաններ, ստուգվում էին «Նիվա» մակնիշի ավտոմեքենաները։ Դատաբժշկական փորձաքննությունը դեռ չի ասել իր խոսքը։ Ըստ մեր ունեցած տեղեկատվության, կրակոցներից մեկը հասցվել էր Կ. Մկրտչյանի գլխին, ինչը ենթադրել է տալիս, որ մարդասպանը փորձառու մեկն է եղել։ Օրվա ընթացքում շշուկներ տարածվեցին, թե կատարվածը կապվում է ուսանողներ-դեկան փոխհարաբերության, քննությունների հետ։ Ցանկացած վարկած, բնականաբար, քննարկվում է պաշտոնական շրջանակներից դուրս։ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովում նորանշանակ պաշտոնյաներին ներկայացնելիս, արձագանքել է սպանոությանը եւ հույս հայտնել, թե «սպանությունը շուտով կբացահայտվի» (ո՞րերորդ սպանության համար է, որ հնչում են նմանօրինակ հերթապահ խոստումներ)։ Նա հայտնեց, թե. «Կատարվածի մասին տեղեկացել է առավոտյան։ Հանցագործությունն անսպասելի էր այն պատճառով, որ սպանվածը չէր զբաղվում տնտեսական գործունեությամբ, քրեական աշխարհի հետ կապ չուներ, այլ ակնառու գիտնական եւ մտավորական էր»։ 43-ամյա Կարեն Մկրտչյանը մեզանից վերջերս հեռացած ակադեմիկոս Լեւոն Մկրտչյանի որդին էր։ Լեւոն Մկրտչյանը հայտնի գիտնական էր, նույն ֆակուլտետի նախկին դեկանը, Հայ-ռուսական համալսարանի հիմնադիրը։ «Առավոտի» աշխատակից Գենոֆիա Մարտիրոսյանը սովորում էր ԵՊՀ ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետում Կարեն Մկրտչյանի հետ։ Մեր գործընկերը բացառեց «տնտեսական» վարկածն ընդհանրապես, ասելով. «դու գիտես, թե ինչ ընտանիքի զավակ է եղել նա, եւ ինչպիսի դաստիարակություն է ստացել։ Նա զուսպ էր, համեստ, ավելի պատասխանատու, քան բոլորս»։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը Կարեն Մկրտչյանի սպանության առթիվ ասել է. «Կարեն Մկրտչյանի մահը հսկայական կորուստ է գիտության եւ հասարակության համար, եւ ոչ մի շարժառիթ չի կարող արդարացնել նման սարսափելի արարքը»։ Ռուս դիվանագետը խոր ցավակցություն հայտնեց զոհվածի ընտանիքին, նշելով, որ շատ լավ էր ճանաչում Կարեն Մկրտչյանին։ Անատոլի Դրյուկովն ավելացրեց, որ չափազանց ափսոսում է կատարվածի համար։ «Նման բանը բացատրել պարզապես անհնար է»,- նշեց դեսպանը։ Երբ թիրախ են ընտրում մտավորականին, դա արդեն շատ մտահոգիչ է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել