Լրահոս
Օրվա լրահոսը

«Ս.Ե.Ր.»-Ը ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏԸ

Հուլիս 03,2003 00:00

«Ս.Ե.Ր.»-Ը ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏԸ Օրերս Երեւանում էր բրիտանական «Վոլքանո» նորարարական թատերական ընկերությունը՝ Շեքսպիրի սոնետների հիման վրա ստեղծված «Ս.Ե.Ր.» բեմադրությամբ։ ներկայացման հոմոէրոտիկ, բիսեքսուալ կրքի ծայրահեղ անզուսպ տեսարանները միանշանակ չեն ընդունվել թե հանդիսատեսի, թե մասնագետների կողմից։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի համոզմամբ. «Իրենց էդ «լուսավոր» կենցաղը, շատ ժամանակակից լինելը թող պահեն իրենց։ Մեր ժողովրդի ձգտումը՝ ներկայիս չափանիշների մեջ տեղավորվելու, էն աստիճանի է հասել, որ գլուխները լրիվ կորցրել են։ Խորհուրդ կտայի ծափահարելուց առաջ մտածել։ Եղել են առիթներ, անհամեմատ արժանի դերասաններ ու ներկայացումներ, երբ մեր ժողովուրդը ալարել է երկու ծափի արժանացնել։ Հիմա ի՞նչ պատահեց։ Անգամ ոտքի են կանգնում, բրավոներ ու բիսեր շռայլում էդ …-երին»։ Նկարիչ Առկո Բաղդասարյանը լավ իմաստով ցնցված էր դերասանների խաղից, ընդհանրապես, բեմադրող ռեժիսորի նորարարական, ժամանակակից, հանդուգն մտահղացումից։ Մնջախաղի եւ «Նորք» երիտասարդական թատրոնների գեղղեկավարներ Ժիրայր Դադասյանն ու Արտաշես Հովհաննիսյանն էլ հիացած էին դերասանների պլաստիկայով, ձայնով ու անսահման էներգիայով։ Նրանց գնահատմամբ, ներկայացումն արժանի էր բրավոյի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը թեեւ չէր դիտել ներկայացումը, հարկ համարեց հայտնել իր կարծիքը. «Մենք էն երկիրն ու պետությունը չենք, որ նման բաներ նայենք։ Ունենք մեր բարոյական նորմերը՝ եկած դարերից ու մեր պապերից, որոնք ոչ մի Բրիտանիա չի կարող խաթարել»։ Դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը ներկայացման վերաբերյալ իր կարծիքն արտահայտեց ընդամենը երկու բառով՝ «խեղճ Շեքսպիր»։ Դերասան Մուրադ Ջանիբեկյանը գտնում է, որ ժամանակն է դուրս գալ ճահճային վիճակից. «Պետք է գնալ դուրս, շփվել, տեսնել, բավական է բեմում խոսել ռուսական առոգանությամբ, «շոկոլադային» ձայնով։ Անշուշտ, սա պետք է սովորեցնել մեր թատերական ինստիտուտում, անցկացնել դասախոսների փոխայցելություններ։ Ինչ վերաբերում է հանդիսատեսին, ապա բնական են տարաձայնությունները, որովհետեւ նա առաջին անգամ է նման բան տեսնում»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել