Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՇՈՒՐՋ

Հուլիս 03,2003 00:00

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՇՈՒՐՋ Քարոզարշավում իրենց կատարած նախընտրական ծախսերի մասին «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» կազմակերպության Հայաստանի մասնաճյուղին տվյալներ տրամադրելուց հրաժարված դաշինքներից մեկը «Արդյունաբերողների եւ կանանց միությունն» էր, որի ներկայացուցիչները սկզբում համաձայնել էին, իսկ ավելի ուշ՝ հրաժարվել: «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ էին խուսափել բացահայտումներից՝ այդ դաշինքի համամասնական ցանկում 2-րդը՝ Հայաստանի Առաջադիմական Միացյալ կոմկուսի ղեկավար Վազգեն Սաֆարյանը պատասխանեց. «Պարզապես ժամանակ չկար: Ավելի շատ մարզեր էինք գնում ու դրանով զբաղվելու ժամանակ չկար»: Մեր հարցին, թե իրոք 5 հազար դոլար էին վճարել Աբրահամ Ռուսսոյի համերգի համար՝ պրն Սաֆարյանը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել, քանի որ մեր մշակութային հարցերով զբաղվողը՝ Զառա Մխեյանն ընկերական կապեր ուներ նրա հետ: Եվ հնարավոր էին նաեւ զեղչեր»: «Ազգային միաբանությունը» նույնպես հրաժարվել էր անկախ դիտորդների հետ համագործակցությունից՝ խորհուրդ տալով իրենց տվյալները վերցնել ԿԸՀ-ից: «Կարծում եմ՝ ճիշտ են արել,- այս առնչությամբ մեզ ասաց ԱՄ ներկայացուցիչ Աղասի Արշակյանը:- Հայտնի են, թե ովքեր են շատ ծախսել ու կաշառքներ տվել: Իսկ «Ազգային միաբանությունն» այն եզակի կուսակցություններից է, որն ընդհանրապես չի բաժանել ընտրակաշառք ու կատարել ստվերային ծախսեր: Ուստի եթե տեղեկություններ տայինք էլ՝ նույնն էր լինելու, ինչ տրվել է ԿԸՀ-ին»: Աղասի Արշակյանն ուսումնասիրել էր դիտարկման խմբի տվյալները եւ այսպիսի մի խոսուն տվյալ բացահայտել. «Հզոր Հայրենիքը» յուրացրել է իր իսկ փողերի մի մասը եւ հաշվետվության մեջ ցույց տվել 60 մլն դրամ, բայց ըստ այս դիտարկման տվյալների՝ 35 մլն-ով ավելի պակաս է ծախսել: Կարծում եմ՝ այդ ընկերներն ուղղակի իրենց հիմնադրամի փողերը դուրս են գրել՝ գործեր չանելով, եւ նաեւ այդ պատճառով չհաղթահարեցին 5%-ի սահմանը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել