ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔ՝ՈՒԵՖԱ-Ի ԳԱՎԱԹԻՆ Շուտով ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն քննարկման առարկա է դարձնելու Եվրոպայում իր հեղինակությամբ երկրորդը համարվող ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության անցկացման նոր կարգի նախագիծը։ Ու որքան էլ Հին աշխարհամասի ֆուտբոլային չինովնիկները աշխատում էին նախագծի բովանդակությունը գաղտնի պահել, միեւնույն է, այն հայտնի է դարձել հասարակությանը։ Դրանով նախատեսվում է, որ հաջորդ մրցաշրջանից սկսած գավաթի համար պայքարը կսկսեն ոչ թե 98 թիմեր, ինչպես հիմա է, այլ՝ 80։ Սկզբում դրանք կբաժանվեն 40 զույգերի ու ավանդական կարգով կանցկացնեն երկուական խաղ՝ ընդհանուր արդյունքով դուրս մնալով։ Իսկ ահա դրանից հետո առաջին փուլի 40 հաղթողները կկազմեն ութ խումբ, յուրաքանչյուրում հինգական ակումբ։ Այստեղ նրանք կմասնակցեն մեկ շրջանով խմբային մրցաշարի։ Յուրաքանչյուր թիմ երկուական խաղ կանցկացնի տանը եւ դրսում։ Այս պարագայում մրցաշարային պայքարում շատ բան կախված կլինի նրանից, թե մրցակիցներից յուրաքանչյուրն իր դաշտում ո՞ր թիմին կհյուրընկալի։ Հավասար պայմանների դեպքում առավելությունը կտրվի ՈՒԵՖԱ-ի որակավորմամբ ավելի բարձր վարկանիշ ունեցող երկրի ակումբին։ Խմբերում երկու առաջին տեղեր գրավող ակումբները կանցնեն հաջորդ փուլ։ Դրանից հետո 16 թիմերը կրկին կվերադառնան «դուրս մնալով» մրցակարգին ու կանցկացնեն 1/8-րդ, քառորդ, կիսաեզրափակիչ ու եզրափակիչ հանդիպումները։ Առայժմ դժվար է ասել, որ նոր կարգը հարյուր տոկոսով կընդունվի։ Դա պարզ կդառնա հուլիսի 12-ին։ ՈՒԵՖԱ-ի գավաթի նոր ֆորմատի մեծ լոբինգ են անում սկանդինավյան երկրներն ու Գերմանիայի մի քանի ակումբներ։