Լրահոս
Օրվա լրահոսը

Անտերությունը չի վերացել

Հուլիս 02,2003 00:00

Անտերությունը չի վերացել Խարբերդի այգեգործական տնակների բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոստացել էր «հարցը կարգավորել, որ անտերությունը վերանա»։ Մայրաքաղաքի քթի տակ ապրող հինգ հազար ընտանիք օրեցօր առավել վատթարացող պայմաններում է հայտնվում։ Բնակտարածքի առաջնային խնդիրները շարունակում են մնալ խմելու եւ ոռոգման ջրերի, բուժկետի, դպրոցի բացակայությունը։ Այդ տարածքում մշտական եւ ժամանակավոր բնակվում է մոտ հինգ հազար ընտանիք։ Նրանցից շատերը որեւէ տեղ գրանցված կամ հաշվառված չեն, քանզի տվյալ վայրում բնակություն են հաստատել հանգամանքների բերումով։ Ուստիեւ տվյալ քաղաքացիների կարգավիճակի հարցն, ինչպես ասում են, օդից կախ վիճակում է։ Երեկ տարածքի խիստ կարիքավոր բնակիչներին հագուստ բաժանեցին։ Դրանք «World Wision» կազմակերպությունից էին ստացված եւ նոր էին։ Նախագահի՝ «հարցը կարգավորելու» խոստման հետ միաժամանակ, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանը մերժել էր բնակիչների եւ նախաձեռնող խմբի խնդրանքը՝ անվճար ավտոբուս տրամադրել բնակտարածքին, որը երեխաներին առավոտյան պետք է հասցներ 4-5 կմ հեռավորության վրա գտնվող Խարբերդ գյուղի դպրոցը եւ դասերից հետո վերադարձներ իրենց բնակտարածք։ Նախաձեռնող խմբում են IFES-ի (Ընտրական համակարգերի միջազգային հաստատություն) հայաստանյան գրասենյակը եւ «Չքավորների աջակցության եւ պաշտպանության միություն» հասարակական կազմակերպությունը։ Վերջիններիս նպատակն է հասնել նրան, որ «Շենգավիթի համայնքը ողջ ծավալով այդ տարածքի վարչական կառավարումն իրականացնի»։ IFES-ի ուսուցանող Հայկ Կարապետյանի համոզմամբ, այդպիսով բոլոր հարցերը կկարգավորեն։ Առավել եւս, որ Շենգավիթի թաղապետարանում ոչ միայն պատրաստ են խնդիրն իրենց ուսերին վերցնելու, այլեւ գտնում են, որ այդօրինակ լուծումն է միակ ճիշտը։ Նման խնդիրներն, իհարկե, կարգավորվում են կառավարության որոշումներով։ Մարդիկ նախագահի խոստումից ոգեւորված են, մինչդեռ նախաձեռնող խմբի անդամները երաշխիքներ չունեն, որ «կառավարությունը մեզ կընդառաջի»։ Հետընտրական շրջանում ութ փողոցներ հոսանքազրկվել են։ Դրանք «Նաիրիտ» գործարանի տարածքի փողոցներն են։ Կոոպերատիվի նախագահ տիկին Զինան վստահ է, որ դա պայմանավորված է ընտրություններին մասնակցելու «հրավերից» հրաժարվելով. «Ես դիմել եմ Արթուր Բաղդասարյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Շենգավիթի ռայոնի դեպուտատներին, բայց դեռ պատասխան չեմ ստացել»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել