«ՉԵԽԵՐԵՆՆ ԱԽՈՐԺԱԼՈՒՐ ԼԵԶՈՒ Է» Վստահ է Չեխիայից ժամանած դիրիժոր Հայկ սրկ Ութիջյանը, որը Նարեկը թարգմանում է չեխերեն Երեւանում է Չեխիայից ժամանած դիրիժոր Հայկ սրկ. Ութիջյանը։ Նա օրերս առաջին անգամ ղեկավարեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը։ «Երբ հայ մշակույթի, հայության մասին կխոսենք, պիտի խնդրեմ չառանձնացնեք Սփյուռքը, Հայաստանն ու Արցախը։ Հայության եւ ուրախությունը, եւ հոգսը բոլորինս է»,- մեր զրույցի սկզբում «նախազգուշացրեց» նա։ Դեռ մանկության տարիներին Կիպրոսում ձայնասկավառակից լսելով Կոմիտասի «Պատարագը»՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մեկնաբանմամբ, Զարեհ Սահակյանցի մշակմամբ ու ղեկավարությամբ, դիմել է տարբեր դեսպանություններ պարտիտուրը ձեռք բերելու նպատակով։ 20 տարի փնտրելուց հետո, երբ անցյալ տարի Հայաստան է եկել որպես զբոսաշրջիկ ու ծանոթացել Հայաստանի պետական կամերային նվագախմբի ներկայիս ղեկավար Արամ Ղարաբեկյանի հետ, վերջինս էլ նրան նվիրել է «Պատարագի» պարտիտուրը։ Դիրիժորը տեղեկացրեց, որ ստեղծագործությունը կատարել է Չեխիայի կամերային նվագախմբի հետ եւ այնտեղ հանդիսատեսի ջերմ ընդունելությանն արժանացել։ Եվրոպական համալսարաններում կրթություն ստացած երաժիշտը արդեն երկրորդ տարին է հայրենիքում եւ գտնում է, որ չեխերի եւ հայերի միջեւ ընդհանրություններ կան. «Եվ հայերը, եւ չեխերը համաշխարհային մշակույթին իրենց մեծ մասնակցությունն են բերել։ Սա այն դեպքում, երբ քաղաքական առումով ոչ նպաստավոր պայմաններում են ապրել ու ստեղծագործել»։ Հայկ Ութիջյանը որպես սարկավագ ծառայել է սփյուռքի տարբեր գաղթօջախների եկեղեցիներում։ Բայց այն, ինչ նա տեսել էր անցած տարի Շուշիի Սբ. Հովհաննես-Կարապետի (Կանաչ) եկեղեցու բակում, ցնցել էր իրեն։ Հոգեւորականների հետ զրուցելիս նրա ուշադրությունը գրավել են զինավարժություններ կատարող մի խումբ երիտասարդներ. «Վերջիններս հանդերձափոխվել են, եկել եկեղեցի ու կատարվել է հրաշք՝ սկսել են երգել շարականներ, այն էլ ինչպե՜ս»։ Արվեստագետը ցավով հիշեց 1960 թվականը, երբ Վատիկանի «բարեփոխումների» արդյունքում կրճատվեցին ժամերգությունները հայկական գաղթօջախների եկեղեցիներում։ Չնայած այս ամենին, օտարազգիները միշտ զարմանում են՝ ինչպե՞ս է պահպանվել ու մինչեւ մեր օրերը հասել հայ հոգեւոր երգը. «Մեծ մեղք է հոգեւոր երաժշտության կրճատելը»։ Նա իր պարտքն է համարում հատվածաբար թարգմանել ու չեխ ժողովրդին ներկայացնել Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը։ Ըստ արվեստագետի. «Կա անգլերեն, ֆրանսերեն թարգմանություն։ Չեխերենը ախորժալուր լեզու է, սուրբ Նարեկացու անմահ տողերը հիանալի կհնչեն նրանով»։ Հայկ Ութիջյանը իր ստեղծագործական կյանքը չի պատկերացնում առանց Կոմիտասի։ Հայաստան ժամանելուց օրեր առաջ չեխերենով գրել է Կոմիտասի երգերի բառերը եւ հանձնել «Սլավոշ» երգչախմբի արտիստներին։ Վստահ է, որ Կոմիտասը հիանալի կհնչի 1861-ին հիմնված այս երգչախմբի կատարմամբ։ Աշխարհի հայտնի նվագախմբեր ղեկավարած դիրիժորը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մեկնաբանեց Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքը, չեխ երաժշտության դասական Յանաչեկի «Սրունկն աղվեսի արկածները» սյուիտը, կոմպոզիտոր Յոզեֆ Սուկի «Պոհատկա» սյուիտը եւ Գեղունի Չթչյանի կոնցերտը՝ ձայնի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար։ Հայկ Ութիջյանը 40 տարի առաջ գրված կոնցերտի մասին դրվատանքով խոսեց. «Սա մի վոկալ պոեմ է, որտեղ միմյանց լրացնում են ձայնն ու նվագախումբը։ Ի՜նչ երեւակայություն, ինտելեկտ ու պրոֆեսիոնալիզմ պետք է ունենար կոմպոզիտորն այն գրելիս։ Այս գործը նմանեցնում եմ ադամանդի»։ Պրահայի տնտեսագիտության համալսարանի նվագախմբային գործունեության եւ Կարոլյան համալսարանի երաժշտական ղեկավարը՝ Հ. Ութիջյանը, խոստացավ առաջին իսկ հնարավորության դեպքում ժամանել հայրենիք («Այլեւս առանց Հայաստան այցելելու չեմ կարող») ու համագործակցել ՀՖՆ-ի եւ Երեւանի կոնսերվատորիայի հետ։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ