Թաիլանդական մերսում՝ շենքերի արանքում «Վերջերս մեր շենքերի շուրջը լուրեր են պտտվում, իբր շենքերի տարածքում կառուցվելու է Թաիլանդի հյուպատոսարանը»,- այսպես է սկսվում ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին ուղղված մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի 6 եւ Իսահակյան փողոցի 46 շենքերի բնակիչների բողոքը։ Նշված տարածքը գրավում է երկու շենքերի միջանկյալ հատվածը, որտեղ այժմ բազմամյա պտղատու ծառեր են ու թփուտներ։ «Մեր շենքը կառուցվել է 1948 թվականին, շենքի հատակագիծն արխիվից կորել է, թե չէ հիմա խնդիր չէինք ունենա, որովհետեւ այդ թվերին կառուցված բոլոր շենքերի հարակից հողատարածքները բաժանվել են բնակիչներին»,- հարեւան Հայկանուշ Դանիելյանի ապրած տունն օրինակ բերելով՝ տեղեկացրեց Բաղրամյան 6-ի բնակիչ Վոմա Վարդանյանը։ Ի դեպ, նրա ծանոթ ճարտարապետներից մեկն է սպասվող «դավադրության» մասին հայտնում բնակիչներին։ Հետո բնակիչները պարզում են, որ տարածքը վերցրել է Թաիլանդի Թագավորության պատվավոր հյուպատոս Արթուր Մկրտչյանը՝ հյուպատոսության շենք կառուցելու համար։ Երեւանի քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունից ստացված պատասխանը հաստատում է այդ լուրը, սակայն չի պարզում, թե ինչ հիմունքներով է տեղավորվելու հիշյալ թագավորության «ապարանքն» այդ տարածքում՝ վարձակալակա՞ն, թե՞ սեփականության։ ՃՔ վարչությունից խոստանում են նաեւ, որ հյուպատոսության շենքը նախատեսվում է կառուցել տրամադրված 750 քմ հողամասի մի հատվածի վրա, պահպանելով հարեւան բնակելի շենքերից բավարար նորմատիվային հեռավորություն եւ ապահովելով պահանջվող ցերեկային լուսավորության (ինցոլացիոն) ռեժիմը։ Բայց անկախ կառույցի չափից, կանաչապատ տարածքին ամբողջությամբ վերանալու վտանգ է սպառնում։ Բնակիչներն ասում են. «այս ծառերը տնկել ու մշակում ենք մեր բնակության առաջին օրից», միաժամանակ խոստովանում են, որ առանձնապես ջանք չեն թափել տարածքը սեփականացնելու համար, բայց հիմա «պաշտոնապես հայտարարում ենք, որ պատրաստ ենք պահանջվածից 10 անգամ ավելի գնով վարձակալել կամ գնել հողամասը»։ Դժվար թե բնակիչներից որեւէ մեկը տեղյակ լինի «պահանջվածի» իրական չափի մասին, ուստի նման հայտարարությունը կարելի է համարել բավականին համարձակ։ Բայց դա հարցի տասներորդական կողմն է։ Բանն այն է, որ պատվավոր հյուպատոսի ձեռքին է Երեւանի քաղաքապետի այս տարվա մարտի 27-ին տված թիվ 591-Ա հողհատկացման որոշումը, ինչի հիման վրա քաղաքապետարանի ՃՔ վարչությունն արդեն կազմել է հատակագիծ եւ դեմ չէ վերջապես ու բազմաթիվ քննարկում-առաջարկներից հետո ավարտուն քաղաքաշինական լուծում տալ Իսահակյան փողոցի եւ Բաղրամյան պողոտայի հատման հատվածին։ Իսկ կառույցի տիրոջ ընտրությունը կանգ է առել հյուպատոսարանի վրա, քանի որ «Հայաստանում գործող արտասահմանյան երկրների դիվանագիտական կորպուսը հիմնականում կազմակերպվել է Բաղրամյան պողոտայում կամ մերձակայքում»։ Ի դեպ, Բաղրամյան 6-ի բնակիչների վստահ կարծիքով, «Արթուր Մկրտչյանը հյուպատոսարանի միամիտ պատրվակով ուզում է կառուցել սեփական առանձնատուն»։ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ձյունիկ Աղաջանյանը մեր հարցման պարզաբանումը ներկայացրեց նախ օրենքի տեսանկյունից՝ «նախարարությունն ընդամենը միջնորդում է որեւէ դեսպանատան շենքի կամ տարածքի ձեռքբերման համար, հարցը քննարկվում է կառավարությունում եւ հատկացումն արվում է փոխադարձ համաձայնությամբ, դեսպանատները մեր հաշվեկշռում չեն ու չեն եղել»։ Իսկ կոնկրետ այս դեպքի համար նա խոստացավ առաջիկայում հաղորդել մանրամասներ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ