Լրահոս
Օրվա լրահոսը

UNDP-ն եւ Շամշադինը

Հուլիս 02,2003 00:00

UNDP-ն եւ Շամշադինը Միջազգային աջակցությամբ աշխատող Չորաթան գյուղի բուժկետը հանձնեցին անսպասելիորեն հայտնված սեփականատիրոջը: Հունիսի 24-ին Տավուշի մարզի Շամշադինի տարածքի առաջին ատյանի դատարանը, լսելով սահմանամերձ Չորաթան գյուղի բուժարանի շենքը իր սեփականությունը ճանաչելու մասին հայցադիմումը, բավարարել է այն։Բուժարանի շենքը կառուցվել է 1982-ին։ Այն մինչեւ 1996թ. ծառայել է որպես կենցաղի տուն, որի լուծարվելուց հետո շինությունը մատնվել է անգործության։ 1999թ., համաձայն գյուղապետարանի ավագանու թիվ 17 որոշման, կառույցը անհատույց եւ անժամկետ հատկացվել է գյուղի բուժկետի դուստր ձեռնարկությանը։ Անմխիթար վիճակում գտնվող 232 քմ ընդհանուր մակերեսով շենքը նույն թվականին նորոգվել է ՄԱԿ-ի UNDP (ApՎ/98/007 գործադիր գրասենյակի UNOPS եւ UMCOR-ի ծրագրերով հատկացված գումարով եւ մինչեւ օրս որպես ամբուլատորիա գործում է հարեւան Արծվաբերդի «Առողջարարական կենտրոնի» ենթակայությամբ։ Այն ունի 3 աշխատող, որոնք այսօրվա դժվարին պայմաններում միջազգային կազմակերպություններից դեղորայք են հայթայթում, որոշ չափով հոգում բնակիչների հրատապ բուժական խնդիրները։ 2002 թվականի նոյեմբերին նորընտիր գյուղապետ Վարուժան Բաղմանյանին անակնկալ էր սպասվում. համագյուղացի Շ. Սահակյանը նրան հայտնում է, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն, ինքը հանդիսանում է վերոնշյալ կառույցի սեփականատերը։ Գյուղապետն անմիջապես ահազանգում է հա մապատասխան ատյաններ, ընդհուպ մինչեւ ՀՀ նախագահին։ Մարզպետարանից նրան հանգստացնում են, թե թյուրիմացություն է եղել, կզբաղվեն, կհարթեն։ Սակայն կառույցի սեփականատերը դիմել է դատարան, որտեղ էլ կայացվել է վերը նշված վճիռը։ Փորձեցինք պարզել, թե որտեղ է «թաղված շան գլուխը»։ Պետական գույքի կառավարման վարչությունից «Առավոտին» տեղեկացրին, որ կառույցը 1996 թ. ընդգրկված է եղել արդյունաբերության եւ առեւտրի նախարարության սեփականաշնորհվող օբյեկտների ցանկում եւ գնահատվել է շուրջ 291 հազ. դրամ։ Չմոռանանք նշել, որ նախարարության ամենամյա տեղեկատուում չսեփականաշնորհված օբյեկտների ցանկը նորից է զետեղվել եւ ուղարկվել հանրապետության բոլոր մարզեր։ Գնորդ չլինելու պատճառով կառույցը մինչեւ 2002թ. մնացել է ցանկում։ Նույն թվականի հուլիսի 18-ի ՀՀ կառավարության թիվ 1086 որոշման համաձայն, չսեփականաշնորհված օբյեկտների արժեքը իջել է 50%-ով։ Ըստ ՄԱԿ-ի ծրագրերի հայաստանյան ղեկավար Ռոբերտ Զիրոյանի, 1999թ. շենքի նորոգման աշխատանքների համար ծախսվել է շուրջ 18 հազար ԱՄՆ դոլար։ Ստացվում է, որ եվրանորոգումից հետո կիսախարխուլ կառույցի արժեքը իջել է կիսով չափ՝ 145 հազար դրամով եւ թե ում է «նվիրել»՝ Պողոսին թե Պետրոսին, էական չէ։ Այստեղ մեզ մտահոգողը բոլորովին այլ հարց է. թե արդյոք սահմանամերձ գյուղին բուժարան պետք չէ՞։ Այս ֆոնի վրա խիստ տարօրինակ է առողջապահության նախարարության բացատրությունը, թե հնարավոր է, որ բուժարանը գործի մասնավոր հիմունքներով։ Այսօրվա սոցիալ- տնտեսական պայմաններում չորաթանցին օրվա հացի փնտրտուքով է ապրում, ոչ ինքը կարող է օգտվել մասնավոր բուժծառայությունից, ոչ էլ սեփականատիրոջն է ձեռնտու «բարեգործական» բուժկետ պահելը։ Գյուղում այլ կառույց չկա, որ ծառայի որպես բուժկետ, իսկ նորը կառուցելու համար գյուղապետարանը միջոցներ չունի։ Որ գործազուրկի կարգավիճակում կհայտնվեն 3 բուժաշխատողները, սա դեռ ոչինչ, բայց որ Թամամ նանը չի կարողանալու ճնշումը չափել կամ այն իջեցնող դեղորայք ստանալ, սա է, որ պետք է մտահոգի մեր իշխանավորներին։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել