Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԻ» ՓՆՏՐՏՈՒՔՈՒՄ

Հուլիս 02,2003 00:00

«ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԻ» ՓՆՏՐՏՈՒՔՈՒՄ Երեկ «Արմենիա» հյուրանոցում բացվեց առաջին համահայկական բժշկական միջազգային համագումարը։ Ըստ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանի. «Մենք այսօր հավաքվել ենք ի լուր աշխարհի կրկին ապացուցելու, որ բոլորիս առողջ հոգիները առաջին հերթին մայր հայրենիքի առողջ մարմնում ու նրա համար են բաբախում»։ Ընդհանրապես մենք որոշեցինք հետեւել մշակույթի նորանշանակ նախարար Թամարա Պողոսյանին՝ ընդօրինակելով շնորհավորական ուղերձները վերլուծելու նրա պրակտիկան: Հիշեցնենք, որ իր պաշտոնավարության առաջին օրերին տիկին Պողոսյանը զբաղված է շնորհավորական բացիկների վերլուծությամբ եւ եկել էր հետեւյալ եզրակացության. «Համագործակցության այնքա՜ն եզրեր են բացվում»։ Այնպես որ, երեկ հնչած ելույթներից քաղվածքներով կամբողջացնենք առողջապահության արդի վիճակը։ Նման համաժողովների անցկացման նախապատրաստությունը հասկանալի է, մի օրում չի կատարվում, այնուամենայնիվ, նորանշանակ նախարարը կարծես թե տեղյակ էր այդ աշխատանքներից։ Նույնիսկ ինչ-որ անորոշ ակնարկներ արեց. «Պետք է խոստովանել, որ հեշտ եւ դժվար է նման համաժողովի կազմակերպումը։ Հեշտ, քանի որ տանտերերն են բոլոր ներկաները եւ կարիք չկա հավելյալ փորձեր անելու ավելի շքեղ ու գունագեղ մատուցելու երկիրը, քանի որ հայրենիքը միշտ ջերմությամբ ու գույներով է հարուստ ցանկացած հայի համար։ Դժվար է՝ քանզի տանտիրոջ իրավունքով կարող ենք ավելի պահանջել այն ամենի դիմաց, ինչ մենք հոգով ու սրտով սիրում ենք եւ ներ ենք դնում հայրենի հողում»։ Սիրո «ծիրին մեջ» ասված այս խոսքերից հետո նախարարն անուղղակիորեն, բայց փաստորեն ճանաչեց իր նախորդի վաստակը. «Ուրեմն եկեք շարունակենք միասին ծաղկեցնենք մեզ վստահված բնագավառը»։ Պակաս խանդավառ էր ԱԺ առողջապահության, բնապահպանության, սոցիալական հարցերի հանձնաժողովի նոր նախագահ Գագիկ Մխեյանը. «Հատկապես ողջունելի է, որ (համագումարը- Ա. Գ.) տեղի է ունենում մեր երկրի համար այնպիսի մի շրջադարձային ժամանակ, երբ ամբողջ հասարակությունը փնտրում է ուղիներ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»։ Իսկ մեզ՝ «ամբողջ հասարակությանը» թվում էր, թե ուղիներն արդեն գտել ենք՝ «ընտրելով» այս ԱԺ-ն, ձեւավորելով այս կառավարությունը։ Պարզվում է, դեռ փնտրում ենք։ ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Սերգո Երիցյանը երեկ բղավելով համագումարին մաղթեց «հաջողություն, բեղմնավոր աշխատանք եւ, ամենակարեւորը՝ լուծումների բանալիները, որին սպասում է Հայաստանի կառավարությունը»։ Հաստատ՝ դեռ երկար ենք փնտրելու։ Այս ճչան ելույթում ամենահետաքրքիր տեղեկությունը նախարարի (կամ նրա կուսակցության) փոքր-ինչ հնացած տեղեկությունների շարունակվող լրահոսն էր. «Մենք գիտենք այն աջակցության մասին, որ հայ բժիշկները ցուցաբերել են երկրաշարժից հետո, Արցախյան հերոսամարտի ժամանակ ու նաեւ խաղաղ ժամանակահատվածում։ Մենք այդ մասին անընդհատ հաղորդագրություններ ենք ստանում»։ «Ամենաանհետաքրքիրն», ինչ խոսք, առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանի ելույթն էր, որը թվերով ու սլայդներով ներկայացրեց «Առողջապահության բարեփոխումները եւ քաղաքականության ուղղությունները» զեկույցը։ Չի բացառվում, որ նման զեկույցի եւ հատկապես համակարգում տարվող քաղաքականության պատասխանատվությունը պետք է նախարարինը լիներ, սակայն իհարկե՝ ոչ 15 օրվա նախարարի։ Ցանկացած միջոցառմանը սփյուռքահայերի մասնակցությունը մեզ համար միշտ նյութական աջակցության ակնկալիքների բացահայտում է նշանակում, առավել եւս՝ համահայկական համագումարի, որի 500 մասնակիցներից 300-ը ժամանել են ԱՄՆ-ից, Կանադայից, Սիրիայից, Ֆրանսիայից, Լիբանանից՝ հիմնականում սփյուռքահայեր։ ՀՀ գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցն ասաց, որ չի կարելի հիմքում դնել Սփյուռքից գումարների ակնկալիքի հարցը։ «Առաջինը, գուցե ինձ համար, այն է. մենք պետք է պատկերացնենք՝ որտեղ է հիմա հայկական բժշկությունը՝ եւ Հայաստանում, եւ արտասահմանում»։ Ամերիկահայ բժիշկ Սալբի Ագարակյանը համագումարի նշանակությունն այսկերպ ձեւակերպեց. «Ես այսպես կտեսնեմ. մեր ամբողջ աշխատանքները եթե իրար չծանոթանալով, network (ցանց- Ա. Գ.) որ կկոչվին, այդ ձեւով որ չընենք, մենք առաջ չենք կրնար երթալ»։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել