ՀԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ՊԼԵՆՈՒՄԻՆ ԸՆԴԱՌԱՋ Հուլիսի վերջին կայանալու է Կոմկուսի պլենումը, որտեղ ընտրվելու է կուսակցության նոր առաջնորդը: Սակայն Կենտկոմի քարտուղար եւ բյուրոյի անդամ Խորեն Սարգսյանը հայտնեց, թե դեռեւս հստակեցված չէ պլենումի անցկացման որոշակի օրը: «Պլենումին նախորդող բյուրոյի նիստում նոր կհստակեցվի օրը, ժամը եւ տեղը»,- ասաց Խորեն Սարգսյանը: Նաեւ պնդեց, թե մինչ այժմ հստակեցված չեն հիմնական թեկնածուները. «Մեր կուսակցությունը հարուստ է կադրերով: Եվ կան մարդիկ, որոնք գուցե այսօր ավելի քիչ են ծանոթ հանրությանը, սակայն կարող են դառնալ լավ առաջնորդ: Բայց հավատացեք՝ մեզ մոտ դեռեւս չի քննարկվել որեւէ թեկնածուի խնդիր: Այդ հարցը թերեւս նույնպես արծարծվի պլենումից առաջ՝ բյուրոյի նիստում: Թեկնածուն գուցե լինի Կենտկոմից, իսկ գուցե եւ՝ շարքային կոմունիստներից: Ազնվությամբ եմ ասում՝ մեզ մոտ դեռեւս ուրվագծված չէ այդ թեկնածուն»: Սակայն ներկուսակցական խմորումներին հետեւողների համար ակնհայտ է, որ հիմնական թեկնածուները ՀԿԿ Կենտկոմի 2-րդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը եւ Կենտկոմի կուսակցական-կազմակերպչական հարցերով քարտուղար Ռուբեն Թովմասյանն են: Առաջին թեկնածուն որոշակիորեն հայտնի է հանրությանը, եւ առանձնապես հնարավոր չէ որեւէ նոր նրբերանգ հավելել նրա կերպարին: Սակայն փոխանցենք մեր երեկվա հայտնագործությունը՝ Կոմկուսի գրասենյակում երիտասարդ Սանատրուկ Սահակյանի գլխավերեւում փակցված է 1937-ի ջարդերի կազմակերպիչ Ստալինի լուսանկարը: Կարծում ենք՝ մարդու համար բնութագրական է, եթե նա դահիճին է համարում կուռք: Ռուբեն Թովմասյանը պակաս հայտնի է ոչ կուսակցական շրջանակներին: Սակայն նրա հնարավոր առաջադրման վերաբերյալ լուրը հայտնի դառնալուց հետո Կոմկուսից սկսեց մամուլ արտահոսել որոշակի տեղեկատվություն Ռուբեն Թովմասյանի գործունեության վերաբերյալ: Համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզեցինք, որ նաեւ մեր թերթին փոխանցված լուրերի առյուծի բաժինը չի համապատասխանում իրականությանը: Ռուբեն Թովմասյանը ՀՀՇ-ի օրոք չէ տեղ գրավել կառավարման համակարգում, այլ վարչապետ Մարգարյանցի: Իսկ հաջորդող տարիներին գործազուրկ է եղել, եւ սրա պատճառ է համարվում նաեւ այն, որ իբրեւ շրջկոմի քարտուղար՝ Ռուբեն Թովմասյանն էր Աշոտ Մանուչարյանին հեռացրել Կոմունիստական կուսակցությունից: Ստույգ չէ նաեւ այն տեղեկատվությունը, թե Ռուբեն Թովմասյանը 1995-ին իբրեւ անկուսակցական է մասնակցել ընտրություններին. ծանոթացանք «Մեր խոսքը» պաշտոնաթերթին, որտեղ նրա անունն ընդգրկված էր կուսակցության պաշտպանյալների ցանկում, կան նրա՝ Կոմկուսի առաջադրյալ լինելը վկայող նաեւ այլ փաստաթղթեր: Ռուբեն Թովմասյանի վերաբերյալ այլ՝ չհրապարակված, տեսակետներն են, թե նա հանդես չի եկել թերթերում (ի դեպ՝ այժմ էլ հրաժարվեց հարցազրույցից), հանդես չի եկել զեկուցումներով, հաշվետվություններով, կուսակցությունում միշտ եղել է դիտորդի դերում: Թեեւ իրազեկները պնդում են, որ քարոզարշավի ընթացքում Կոմկուսի գործիչների տասնյակ ելույթները գրել է հենց կազմակերպչական հարցերով քարտուղարը: «Այդպես չի, էլի, որ ով շատ ելույթ է ունենում՝ նա է առաջին քարտուղարի թեկնածուն,- ասաց Խորեն Սարգսյանը:- Եվ պարտադիր էլ չէ, որ առաջին քարտուղարը միշտ լինի եթերում: Առաջին քարտուղարն այն կազմակերպիչն է, որ կուսակցությունը ղեկավարելու, առաջ տանելու հատկություն եւ ունակություն ունի»: Մեր հարցին, թե իր կարծիքով՝ ՀԿԿ-ից ո՞վ ունի նման ունակություններ՝ պրն Սարգսյանն այսպես արձագանքեց. «Ես հատո՛ւկ չեմ ցանկանում նշել, թե ով ունի: Երեւի բոլորն ունեն նման կազմակերպչական փորձ»: Մինչդեռ ՀԿԿ կազմակերպչական հարցերով քարտուղարին այժմ վերագրվում է նման փորձի բացակայությունը, եւ որպես դրա հետեւանք՝ նշվում է մի շարք պլենումների տապալումը: Ասենք՝ 2002-ին Երեւանի քաղաքային կազմակերպության պլենումի թափթփված կազմակերպման հետեւանքն է դիտվում, որ ցրվեց քաղկոմը: Իսկ ՀԿԿ վերջին պլենումներում 23 ելույթ ունեցողներից 22-ն անվստահություն հայտնեցին բյուրոյին ու մասնավորապես՝ Ռուբեն Թովմասյանին: «Ելույթ ունեցողներից մեկն էլ ես էի,- այս առնչությամբ ասաց Խորեն Սարգսյանը:- Եվ ե՛ս եմ առաջարկել, թե պետք է մենք՝ բյուրոյի անդամներս ու քարտուղարներս, հրաժարական տանք ու մեր վստահության հարցն առաջ քաշենք պլենումում: Ո՛չ մեկին չեմ առանձնացրել՝ դրա կարիքը չկար: Եթե ասում ենք, թե Կոմկուսը վատ է աշխատել՝ վատ ենք աշխատել անխտիր բոլորս, եւ չեմ ցանկացել, որ որեւէ մեկս պատասխանատվությունը հեռացնի մեզնից: Բայց այդ հարցը պլենումը պիտի որոշեր: Ցավոք, քվեարկությամբ պլենումը դեմ արտահայտվեց անվստահության հարցին»: Սակայն Ռուբեն Թովմասյանին վերաբերող ամենակարեւոր պնդումներից մեկն այն է, թե նա իշխանության թեկնածուն է, որին պաշտպանելու համար կուսակցության որոշ մարզային ղեկավարների առաջարկվել է պաշտոն: Ի դեպ, ՀԿԿ Գյումրիի շրջկոմի քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մանուկյանն իրոք պաշտոն է ստացել՝ Գյումրիի քաղաքապետի տեղակալն է: Սակայն Կոմկուսի ներկուսակցական խնդիրներին իշխանությունների միջամտության վերաբերյալ խնդրին Խորեն Սարգսյանը նախընտրեց ավելի ընդհանրական անդրադառնալ. «Իշխանություններն ամեն կերպ աշխատեցին, եւ «ի պատիվ իրենց»՝ կարողացան ոչ միայն Հայաստանի կոմունիստական կուսակցության, այլեւ շատ ուրիշ կուսակցությունների քանդման ու պառակտման պատճառ դառնալ: Ես գուցե սխալ եմ թույլ տվել, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի այդ մասին, բայց պարտավոր էի ասել՝ «Հեռո՛ւ մնացեք», քանի որ գիտեի, թե իշխանությունն ինչ է անում Հայաստանի Կոմկուսի գլխին: Ինչ վերաբերում է այժմ տարածվող լուրերին ու բամբասանքներին՝ ուղղակի խնդրում եմ թերթերին՝ ձեռնպահ մնան նման նյութեր հրապարակելուց: Այդպիսի տեղեկատվությունը համարեք լուսնահաչություն: Ինչո՞ւ չեք անդրադառնում, որ գուցե հենց նման լուրերի տարածումն էլ է իշխանության ձեռքի գործը, եւ այդպես են ցանկանում ջարդել այս կուսակցության մեջքը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ