Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-Ն ԵՐԵԿ «ՕԶՎԵՐԻՆ» ԽՄԵՑ

Հուլիս 02,2003 00:00

ՍԴ-Ն ԵՐԵԿ «ՕԶՎԵՐԻՆ» ԽՄԵՑ Եվ բավարարեց Շավարշ Քոչարյանի դիմումը «Այնտեղ /ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցում:-Լ.Ս./ շատ ավելի գեղեցիկ արտահայտություններ էլ կան, ինչո՞ւ չեք կարդում: Խնայում ե՞ք հանձնաժողովին»,- երեկ թիվ 16 ընտրատարածքում կայացած ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելիս դիմող կողմին հուշեց Գագիկ Հարությունյանը՝ նկատի ունենալով դիտորդների այն դիտարկումը, թե՝ թիվ 16 ԸԸՀ նախագահի մոտ հայտնաբերվել են լրացուցիչ քվեաթերթիկներ: Այս ընտրատարածքում իրականացված ընտրախախտումները եւս ռեկորդային են: Դիմումատու Շավարշ Քոչարյանի լիազոր ներկայացուցիչ Դուստրիկ Մխիթարյանը նշեց, որ այդ ընտրատարածքում ԸԸՀ-ն՝ խախտելով ԸՕ 16 հոդվածը, ընտրատեղամասերը ձեւավորել է տեղամասային կենտրոնից դուրս, որի պատճառով երբեմն հարակից տարբեր ընտրահանձնաժողովների անդամներ հայտնվել են այլ տեղամասային կենտրոններում եւ միջամտել աշխատանքներին: Այս ընտրատարածքում առկա բազմաթիվ ընտրախախտումներից առանձնացնենք առավել ցայտուն արձանագրումները. 1. Թիվ 16 ԸԸՀ-ն՝ խախտելով ԸՕ պահանջը, թիվ 03/65 տեղամասային ընտրահանձնաժողովի անդամ է նշանակել Հակոբ Բեգլարյանին, որն էլ հետագայում ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ: Հ. Բեգլարյանն ընդգրկված է եղել ՀՀԿ համամասնական ցուցակում: 2. ԸԸՀ-ի անդամ Օհանյանը վաղաժամկետ դադարեցրել է 03/67 ՏԸՀ-ի անդամ Ավագյանի լիազորությունները եւ 0367/16 ՏԸՀ-ի անդամ է նշանակել Թոփչյանին: Սակայն թիվ 16 ԸԸՀ նախագահ Աշոտ Գեւորգյանը Թոփչյանին չի տվել ՏԸՀ անդամի վկայական, որի հետեւանքով 03/67 տեղամասում ընտրությունների նախապատրաստումը, անցկացումն ու արդյունքների ամփոփումն իրականացրել են ՏԸՀ ոչ 9, այլ՝ 8 անդամներ: 3. ԸԸՀ-ն պատվիրել եւ ստացել է անհրաժեշտ քանակից ավելի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկներ: ԸԸՀ նախագահի բանավոր հայտարարության համաձայն՝ ՏԸՀ-ներին քվեաթերթիկները տրամադրելուց հետո ավելացել է 747 քվեաթերթիկ: Քվեարկության նախորդ օրը 03/68 ՏԸՀ-ն ԸԸՀ-ից սահմանված կարգով ստացել է ԱԺ ընտրությունների եւ հանրաքվեի համար նախատեսված համապատասխան քանակով քվեաթերթիկներ, սակայն տեղամասային կենտրոն է ներկայացրել ստացածից 1000-ով պակաս մեծամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկներ: Կատարված փաստը վստահված անձանց պնդմամբ արձանագրվել է, այնուհետեւ ԸԸՀ-ն 03/68 ՏԸՀ-ին տրամադրել է եւս 1000 հատ մեծամասնական ընտրակարգով քվեաթերթիկ: Այս առնչությամբ, դիմող կողմը դատարանում հայտարարեց, թե այս ամենից ակնհայտ է, որ վերոնշյալ հանձնաժողովի տրամադրության տակ առկա են եղել անվերահսկելի 1000-ից ավելի քվեաթերթիկներ, որոնց օգտագործման «ձեւերն ընտրությունների ժամանակ բազմազան են»: Դ.Մխիթարյանը նաեւ հայտնեց, որ քվեարկության նախորդ օրը 03/67 ՏԸՀ-ն ԸԸՀ-ից սահմանված կարգով ստացել է ԱԺ ընտրությունների եւ հանրաքվեի համար նախատեսված քվեաթերթիկների համապատասխան քանակներ, սակայն տեղամասային կենտրոնում ժամը 17:00-ի սահմաններում հայտնաբերվել է 1000 հատ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկների ավելցուկ: 4. Քվեարկության օրը շատ տեղամասերում իրականացվել են վստահված անձանց ու ՏԸՀ որոշ անդամների նկատմամբ ճնշումներ ու սպառնալիքներ. 03/63 տեղամասում ծեծի է ենթարկվել ՏԸՀ անդամ Սարաֆյանը, 03/65-ում՝ ամփոփման ժամանակ տեղամասային կենտրոն ազատ մուտք ու ելք են ունեցել այնտեղ գտնվելու իրավունք չունեցող անձինք, որոնք սպառնալիքի մթնոլորտում են պահել ՏԸՀ որոշ անդամների եւ վստահված անձանց: Ընդ որում՝ նշված տեղամասում /0365/ քվեարկության արդյունքների ամփոփումը ավարտվել է ԸՕ պահանջի խախտմամբ՝ ժամը 8:45-ին: 03/65 ՏԸՀ նախագահի տեղակալ Հ. Բեգլարյանը հայտնվել է 03/66 տեղամասում եւ ահաբեկել 03/66 ՏԸՀ անդամ Ն. Մխիթարյանին՝ պահանջելով վերջինից՝ կատարել ընտրախախտում: 03/51 տեղամասում ընտրությունների փաստացի արդյունքների եւ արձանագրության տվյալների համապատասխանությունը ստուգելիս 03/51 ՏԸՀ 2 անդամներ պարզել են, որ քվեաթերթիկներում կեղծված են իրենց ստորագրությունները: Ընտրախախտումների տեսակը, մի խոսքով, նույնն էր եւ կրկնում էր բոլոր այս ընտրատարածքների սցենարը: Սակայն այս անգամ ՍԴ-ն, ոչ այնքան հասկանալի պատճառներով, բավարարեց Շավարշ Քոչարյանի դիմումը: Անքննելի են քո ճանապարհները, ՍԴ: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել