Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՆ ՑԱՎՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ԲՈՒԺՎՈՒՄ

Հուլիս 01,2003 00:00

ՀԻՆ ՑԱՎՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ԲՈՒԺՎՈՒՄ «Ինտերտոտոյի» մրցաշարի 1-ին փուլի պատասխան խաղում Աբովյանի «Կոտայքը» հանրապետական ստադիոնում հյուրընկալեց Բռնո (Չեխիա) քաղաքի համանուն թիմին ու հաղթեց 3։2 հաշվով։ Սակայն երկու հանդիպումների արդյունքում մեր թիմը դուրս մնաց պայքարից։ Մրցակցի դաշտում 0։1 նվազագույն հաշվով կրած պարտությունը մեր ֆուտբոլիստներին խաղը ճիշտ կազմակերպելու դեպքում հաջողության հասնելու իրական հնարավորություն էր ընձեռել, բայց աբովյանցիներն առաջադրանքը կատարեցին մասամբ։ Խաղի ընթացքը նկարագրելու անհրաժեշտություն չկա, քանի որ այն ուղիղ եթերով հեռարձակվում էր։ Ուզում ենք, պարզապես, մի քանի հետեւություններ անել։ Հայ ֆուտբոլիստների գործողություններում պայքարի ձգտման պակաս չէր զգացվում։ Այլ բան է, թե նրանք որքան արդյունավետ էին աշխատում դաշտում։ Նախաձեռնությունն ու տարածքային առավելությունն ընդհանուր առմամբ կոտայքցիների կողմն էր, բայց եթե հաշվելու լինենք ստեղծված գոլային պահերը, քանակային առումով հյուրերը մերոնց չէին զիջում, եթե չասենք՝ գուցե նաեւ գերազանցում էին։ Միայն 199 սմ հասակ ունեցող Դոշեկ Լիբորը մոտ տարածությունից գլխով առնվազն կարող էր հինգ-վեց անգամ գրավել Էդիկ Երիցյանի պաշտպանած դարպասը։ Մոտ նույնքան անգամ էլ աննշան շեղությամբ գնդակը դարպասի կողքով սլացավ հյուրերի կազմում լավագույն խաղը ցուցադրած Պականդայի հարվածներից հետո։ Գնդակին տիրապետելու վարպետությամբ կոտայքցիներն անկասկած գերազանցում էին մրցակցին, բայց պակասում էր կոլեկտիվ ճիշտ ու արդյունավետ խաղի կազմակերպումը։ Երբ աբովյանցիները գործում էին արագ, կարճ ու միջին տարածության փոխանցումներով, մրցակիցը չէր կարողանում հուսալի պաշտպանվել։ Սակայն անհասկանալի էին մեր տղաների՝ հեռահար բարձրից փոխանցումները, մանավանդ, «Բռնոյի» տուգանային հրապարակ, որի արդյունքում, որպես կանոն, գնդակի ճանապարհը փակում էին հյուրերի բարձրահասակ պաշտպաններն ու նրանց օգնության եկած մյուս օղակների ֆուտբոլիստները։ Ու ստացվում էր, որ այդպիսի գրոհների ժամանակ վատնված էներգիան իզուր էր լինում, եւ տղաները անիմաստ տեղը հոգնում էին։ «Կոտայքը» երեք գոլ խփեց մրցակցի դարպասը եւ բոլորն էլ այն ժամանակ, երբ գրոհը կազմակերպվում էր ճիշտ տակտիկայով, երբ գնդակը խաղարկում էին «ցածրից»։ Պահանջվող 2։0 հաշիվն արձանագրելուց հետո, մեր ֆուտբոլիստները ժամանակից շուտ սկսեցին «աշխատել» ձեռնտու հաշիվը պահպանելու վրա։ Դաշտի կենտրոնը զիջեցին մրցակցին։ Արդյունքում խզվեց պաշտպանության եւ հարձակման գծի միջեւ եղած կապը։ Տղաներն այլեւս չեխերին չէին դիմավորում կենտրոնում։ Դա վերջիններին իրենց մտահղացումներն ավելի արդյունավետ իրականացնելու հնարավորություն ընձեռեց։ Ու շուտով դաշտի տերերը պատժվեցին։ Ճիշտ է, մեր տղաների գործողություններում արդեն հոգնածություն էր նկատվում ու մարզիչներն էլ մի քանի փոփոխություն կատարեցին։ Բայց դաշտում վերստին տիրապետություն հաստատելու համար քիչ ջանքեր չպահանջվեցին։ Խաղավարտին դաշտի տերերի չարչարանքները տվեցին երկար սպասված արդյունքը։ Մրցավարի նշանակած 11 մետրանոց հարվածից հետո հաշիվը դարձավ 3։1։ Թվում էր, թե գնդակների պահանջվող տարբերությամբ հաղթանակն արդեն ապահովված է, մանավանդ որ հիմնական ժամանակն էլ սպառվել էր։ Բայց հերթական անգամ մեզ վիճակված չէր ուրախանալ։ Լրացուցիչ ժամանակում «Կոտայքի» պաշտպանների ու դարպասապահի անհամաձայնեցված գործողությունների արդյունքում սեփական տուգանայինում մեր թիմը կոպիտ սխալ թույլ տվեց եւ հյուրերը խփեցին իրենց փրկության գոլը՝ 3։2, ու դաշտը թողեցին բարձր տրամադրությամբ։ Խաղից հետո հրավիրված մամուլի ասուլիսում «Կոտայքի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Գալստյանին հարցրինք, թե ցավալի պարտությունը մարզչի տակտիկական սխալի արդյունք չէ՞։ Պատասխանն այսպիսին էր. «Մեր կիսապաշտպաններն արդեն հոգնել էին։ Երկու հոգու փոխարինեցինք այդ օղակում։ Բայց ցանկալի արդյունք չեղավ։ Կենտրոնն արդեն այնքան էլ էական չէր։ Մրցակիցը գնդակն ուղարկում էր առաջ։ Կարեւորը պաշտպանությունում պայքարելն էր։ Պարզապես, վերջին րոպեին մենք մրցակցին նվեր տվեցինք։ Չեխերը ֆիզիկապես մեզնից ուժեղ են։ Ոչ թե մենք ետ քաշվեցինք, այլ նրանք ստիպեցին»։ Դե, ի՞նչ, հետեւում է, որ թիմում մարզումներն այն չեն։ Ուրեմն վատ է դրված ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածության գործը, եթե երկրորդ խաղակեսի միջնամասում նրանք արդեն հոգնում են։ Ու, այնուամենայնիվ, կարծում ենք, որ «Կոտայքի» պարտության մեջ դեր ունեցավ նաեւ մարզչի տակտիկական սխալը։ Նա չկարողացավ հանդիպման ընթացքում անհրաժեշտ վերադասավորումներ կատարել, փոխել պայքարի ոճը։ Եթե մարզչի համոզմամբ կենտրոնն արդեն այնքան էլ կարեւոր չէր, ուրեմն պետք էր մրցակցին կաշկանդել նրա իսկ կիսադաշտում, զրկել գնդակն ազատ տնօրինելու հնարավորությունից։ Այդ դեպքում, կարծում ենք, հանդիպումն այլ ելք կունենար։ Հին ցավը չի լքում մեզ։ Վերջին րոպեները հայկական ֆուտբոլում շարունակում են մնալ ճակատագրական։ Չի բուժվում նաեւ գոլ բաց չթողնելու հիվանդությունը։ Խփում ենք 3 գոլ, բայց ընդունում 2-ը։ Ի՞նչ պետք է անել։ Պատասխանը պիտի տան մարզիչները։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել