Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցը լուծված է

Հուլիս 01,2003 00:00

Հարցը լուծված է Աշխարհում հաստատվում է Ամերիկյան կայսրություն 1920 թ. մայիսին, ինչպես հայտնի է պատմությունից, Հայաստանում բռնկվել էր բոլշեւիկյան խռովությունը: Սակայն այն ճնշվեց, մինչդեռ Ադրբեջանում իշխող «Մուսաֆաթը» նախընտրեց, առանց որեւէ դիմադրության, իշխանությունը հանձնել Կարմիր բանակին: Արդյունքը եղավ այն, որ 1920-21թթ. Հայաստանը, որն ուներ տարածաշրջանում ամենաուժեղ համարվող բանակը, տանուլ տվեց իր անկախությունը եւ տարածքները՝ Կարսը, Ղարաբաղն ու Նախիջեւանը, որոնք բոլշեւիկները կցեցին Թուրքիային եւ Ադրբեջանին: Մեր ժամանակները կարծես թե խոստանում է սկսել աշխարհում, հատկապես Մերձավորարեւելյան եւ Հարավկովկասյան տարածաշրջանում, սահմանների վերաձեւման հերթական ցիկլը: Եթե 80 տարի առաջ այստեղ էր տարածվում նորածին Խորհրդային կայսրությունը, ապա այսօր մենք ականատես ենք դառնում համաշխարհային պատմության մեջ ամենահզոր՝ Ամերիկյան կայսրության հաստատմանը: Այսօր ԱՄՆ-ը նպատակաուղղված ստեղծում են «ազատ մայրուղի» (freeway), որը տարածվում է Բալկաններից մինչեւ Չինաստանի սահմանները, որտեղ նրանք անխափան կարող են տեղափոխել իրենց ռազմական, տնտեսական, վառելիքային ուժերը եւ պաշարները, որտեղ չի կարող գոյություն ունենալ իրենց հակառակվող որեւէ վարչակարգ, եւ որտեղ ամերիկյան գերակայության հաստատումը բխում է ինչպես Մեծ Մերձավոր եւ Միջին Արեւելքում անվտանգության ապահովման եւ ահաբեկչության վերացման, այնպես էլ համաշխարհային Ամերիկյան կայսրության ստեղծման տրամաբանությունից: Հերթն այսօր Իրանինն է: Իրանն արդեն վերցված է աքցանի մեջ՝ Իրաքի եւ Աֆղանստանի կողմից: Հարցը վերջնականապես լուծելու համար անհրաժեշտ է լուծված ունենալ նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի խնդիրները (ԼՂՀ հակամարտությունը): Այս համատեքստում պարզ է, որ ղարաբաղյան հարցում, դատելով ըստ առկա միտումների եւ զարգացումների, որոշումն արդեն կայացված է: Որոշում, որի մասին եւ որի գնի մասին մեր երկրում ոչ ոք չի համարձակվում կամ չի ցանկանում բացահայտ խոսել: Իսկ դրանք մեզ հայտնի են դեռեւս 1997 թ. աշնանից. այն է՝ փուլ առ փուլ դուրս բերել զորքերը «գրավված» տարածքներից, բացի Լաչինի շրջանից, վերաբացել հաղորդակցության ուղիները Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, տեղակայել Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղապահ զորքեր (ամենայն հավանականությամբ, դրանք լինելու են ՆԱՏՕ-ի զորքերը), ապա Ադրբեջանի տարածքային սահմաններում Լեռնային Ղարաբաղի ձեւական պահպանմամբ սահմանել այդ երկրամասի ինքնավարությունը՝ Հայաստանի հետ կապերի պահպանման հետ զուգահեռ: Բացի այդ, որպես փոխզիջումների գին, կարող են ծառայել Բաքու-Ջեյհան նավթատարի կամ Բաքու-Էրզրում գազատարի անցկացումը Հայաստանի տարածքով (համարժեք եկամուտներով), Ադրբեջան-Նախիջեւան կապի բացումը, եւ դեպի Տրապիզոնի նավահանգիստ՝ Հայաստանին անվճար մայրուղու տրամադրումը: Այսօրվա միտումները եւ գործընթացները, որոշ ամերիկյան եւ եվրոպական շրջանակների հայտարարությունները վկայում են, որ այս փուլ առ փուլ տարբերակը նորից օրակարգի մեջ է: Իրանի եւ «ֆրիվեյի» հետ կապված ակնհայտ է դառնում, որ ամերիկյան ռազմական ներկայության հաստատումն Ադրբեջանում (եւ Վրաստանում) ժամանակի հարց է, եւ երբ այն դառնա իրողություն, իսկ Իրանում կվերացվի այաթոլլաների վարչակարգը, Հայաստանն ընդհանրապես կդադարի ներկայացնել որեւէ աշխարհաքաղաքական հետաքրքրություն՝ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ռուսական քաղաքականության համար: Ահա ինչ է մեզ հուշում 1920 թ. մայիսյան իրադարձությունների օրինակը: Իսկ կկարողանա՞նք մենք այսօր առաջ ընկնել մեր հարեւաններից, ժամանակին կողմնորոշվել: Նման օրինակներ մեր պատմությունն ունի: 1991-ին մեր երկրի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը հասկացավ, թե Պարսից ծոցի առաջին պատերազմից հետո եւ Խորհրդային կայսրության փլուզմանը զուգահեռ՝ ո՞ւմ առագաստներին են փչում քամիները, եւ նախանձախնդիր եղավ Ջորջ Բուշ-մեծի վարչակազմի հետ կապերի հաստատմանը՝ արժանանալով վերջինիս դրվատանքին ու հարգանքին՝ ժողովրդավարության կառուցման եւ նոր աշխարհակարգում պատասխանատու դերակատարում ստանձնելու առումով (արդյունքում ԱՄՆ-ի կողմից ՀՀ անկախությունը ճանաչվեց եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին ՌԴ-ի եւ Ուկրաինայի հետ միաժամանակ, տրամադրվեց զգալի ֆինանսական աջակցություն, իսկ Ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում Հայաստանը ոչ միայն չենթարկվեց որեւէ պատժամիջոցների, այլեւ ստացավ ԱՄՆ-ի քաղաքական աջակցությունը թե՛ 907 բանաձեւի, թե՛ Թուրքիայի ռազմամոլ տրամադրությունները զսպելու, թե՛ հայկական կողմի ռազմական հաջողություններն անվերապահորեն ճանաչելու տեսքով): Աշխարհում իրոք որեւէ նոր բան՝ լավ մոռացված հինն է: Ամերիկյան արդի քաղաքականության, վերոհիշյալ «ֆրիվեյի» եւ «ցանցային պատերազմների» հեղինակները, որոնք ընդգրկված են RAND եւ «Նոր ամերիկյան դար» նախագծերում, ամերիկյան ներկայիս վարչակազմը եւ նրա գաղափարախոսները չեն թաքցնում, որ ԱՄՆ-ն պետք է իրապես ստանձնի համաշխարհային առաջնորդի անվիճարկելի դերը՝ տարածելով իր կայսրության ազդեցությունը աշխարհի բոլոր ծայրերում: Նման բան արդեն ստեղծվում էր 2000 տարի առաջ: Այդօրինակ գաղափարախոսությամբ, աշխարհը սեփական կերպով տեսնելու եւ համաշխարհային խաղաղությունն ապահովելու իղձն էր, որ մղում էր հռոմեական կայսրերին եւ լեգեոններին դեպի մառախլապատ Բրիտանիա, անտառապատ Գերմանիա, անապատային Արաբիա, լեռնային Հայաստան: Եվ աշխարհում կար գոյության միայն երկու ձեւ. կամ լինել «Հռոմի բարեկամն ու դաշնակիցը», կամ ընդհանրապես չլինել: Հայոց թագավորներից Տիգրան Մեծն ու Տրդատ Առաջինը դա լավ էին հասկացել, եւ մի կողմ դնելով բոլոր ամբիցիաներն ու նախասիրությունները, մեկը նրանցից գնաց հռոմեական ճամբար, մյուսը՝ ուղղակի Հռոմ՝ կայսրի կողմից թագադրվելու համար: Ամերիկան էլ այսօր անցնում է Հռոմեական կայսրության ճանապարհը: Եթե Ռեյգանի եւ Բուշ-ավագի օրոք այդ նորահայտ կայսրությունը Հուլիոս Կեսարի նման ամրապնդվում էր ներսից եւ տարածում աշխարհում իր ռազմաքաղաքական ներկայությունը, հետո՝ Քլինթոնի օրոք, Մարկոս Անտոնիոսի նման, կլանվեց կանանց հետ կապված սկանդալների մեջ եւ կորցրեց զգոնությունը (թեեւ՝ ահագին ուժեղացրեց սեփական տնտեսությունը), ապա Ջորջ Բուժ-կրտսերը Օկտավիանոս Օգոստոսի պես վարում է ամերիկյան առաքինությունը, ամերիկյան «ոսկե դարի» անշեղելի քաղաքականությունը, իսկ դրա թշնամիներին կործանիչ հարվածներ հասցնում: Ինչ մնում է մեզ, ապա մենք պետք է հիմա որոշենք. ո՞վ է լինելու մեր նոր Տրդատ թագավորը, որ կգնա Պոտոմաք գետի վրա գտնվող Նոր Հռոմ: ՍՈՒՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել