Լրահոս
Օրվա լրահոսը

Լրատվական ահաբեկչությունը շարունակվում է

Հուլիս 01,2003 00:00

Լրատվական ահաբեկչությունը շարունակվում է Նախկին գյուղապետը չի հանգստանում Լրագրական հետաքննությունից հետո («Ազգ», մայիսի 21, «Սպառնալիքներ վերաբնակեցման գործընթացին»), թվում էր, թե վերջնականապես դիմակազերծվել է ողջ 8 տարի շարունակ վերաբնակեցման հույժ կարեւոր գործընթացը վարկաբեկող ու Քաշաթաղի բնակչությանը, բառիս բուն իմաստով, ահաբեկչության ենթարկող ոմն Ռ. Սիմոնյան։ Սակայն ահա 1997թ. շուրջ մեկ տարի Վակունիսի գյուղապետ հանդիսացած Ռ. Սիմոնյանը, որին համագյուղացիների եւ իրավապահ մարմինների բողոքների հիման վրա նրա անիրավ գործողությունների համար հատուկ որոշումով վարչակազմը վտարել էր շրջանից, համառորեն շարունակում է լրատվական ահաբեկչությունը։ Եթե նկատի ունենանք Ռ. Սիմոնյանի հարյուրավոր դիմում-բողոքներն ու նրա տված նյութերով բազում հրապարակումները, ապա կարելի է վստահությամբ ասել, որ նա լրատվական պատերազմ է հայտարարել Արցախի վերաբնակեցման գործընթացին ու նրա բնակիչներին։ Եթե համատարած թալանի մասին թեման Ռ. Սիմոնյանի դիմում-բողոքներում հիմնական տեղ է զբաղեցնում, ապա ընտրությունների թեման նա նոր է հայտնաբերել։ Այստեղ խոսքն այն մասին է, որ վերաբնակիչների մի մասը, սահմանված արտոնության համաձայն, պահպանել է ՀՀ քաղաքացիությունը, եւ ընտրությունների ժամանակ բարեխղճորեն կատարել է իր քաղաքացիական պարտքը։ Իսկ թե ինչպես է կողմնորոշվել ընտրության պահին՝ դա արդեն օրենքով ամրագրված գաղտնիք է։ Ինչ վերաբերում է «Քաշաթաղ» հասարակական կազմակերպությանը, որով սիրում է Ռ. Սիմոնյանը ներկայանալ, ապա այն մեկ հոգանոց կազմակերպություն է եւ ոչ ավելին, իսկ ՀՀ արդարադատության նախարարությունը, օրենքի համաձայն, իրավունք չուներ առանց Քաշաթաղի վարչակազմի հատուկ թույլտվության պատահական մարդկանց տրամադրել վարչական շրջանի անունը։ ԱԼՄ հեռուստաընկերությունում չստանալով առանձին ելույթ ունենալու հնարավորություն, Ռ. Սիմոնյանը դիմում է «Կենտրոն» ստուդիա եւ նրանից ելույթի հնարավորություն ստանում։ Սակայն մեկնաբանը որոշում է միեւնույն ժամանակ ստուդիա հրավիրել եւ Քաշաթաղի վարչակազմի ղեկավարին։ Կրկին հնչում են Ռ. Սիմոնյանի դեկլարատիվ հայտարարությունները. «Թալանում են, վաճառում խաչքարերը, եկեղեցիները, հուշարձանները»։ Միջնադարյան հուշարձանների հայտնաբերման խնդրում գոնե, Ռ. Սիմոնյանը տեղյակ չէ, որ Վիեննայում հրատարակվող «Հանդես ամսորեայ» հայագիտական ուսումնաթերթում պարբերաբար լույս են տեսնում Ալեքսան Հակոբյանի ազատագրված տարածքներում ամեն օր հայտնաբերվող խաչքարերի, եկեղեցիների, այլ հայկական հուշարձանների մասին հրապարակումները, որով էլ հայ ժողովրդին են վերադարձվում օտարների կողմից յուրացվելու փորձանքին ենթարկված հնագիտական արժեքները։ Ա. Հակոբյանը լուրջ ներդրում ունի նաեւ ազատագրված տարածքների բնակավայրերի, հայկական հինավուրց տեղանունների հայտնաբերման եւ վերադարձի շատ կարեւոր խնդրում։ Անշուշտ, Ռ. Սիմոնյանի համար կարեւորը բանսարկությունն է, մարդկանց մրոտելը։ Հետաքրքիր է, որ նա հաղորդման մեջ Ա. Հակոբյանին հայրենիքի դավաճան անվանեց։ Ա. Հակոբյանը ոչ միայն պատասխանեց բանսարկուի անհիմն մեղադրանքներին, այլ հանգամանորեն բացատրեց, թե որոնք են սխալմամբ գյուղապետ նշանակված Ռ. Սիմոնյանի՝ նման գործունեության դրդապատճառները։ Ռ. Սիմոնյանը իր ելույթում հայտարարեց, որ «Ազգ» թերթում լույս տեսած հոդվածի համար դատի է տվել նաեւ տողերիս հեղինակին, ինչպես նաեւ Հայաստանի քննչական վարչությանը՝ «անգործության» համար։ Ինչքան տեղյակ եմ, հայցը մերժվել է հիմքերի բացակայության պատճառով։ Ինչ վերաբերում է քննիչների անգործությանը, ապա ինքս եմ ծանոթացել հենց Ռ. Սիմոնյանի դիմում-բողոքների վրա քննչական չեզոք խմբի անդամների կազմած 2800 էջ ընդգրկող 9 հատոր գործին։ Ողջ կես տարի նրանք օրուգիշեր տքնաջան աշխատել են, անհանգստացրել հարյուրավոր մարդկանց։ Ի վերջո, պարզվել է, որ մեղավորը հենց Ռ. Սիմոնյանն է։ Բայց ինչու այդ ծախսերը պետք է պետբյուջեի, այսինքն՝ հարկատուի հաշվին լինեն։ Չէ՞ որ այդ ամենում հենց Ռ. Սիմոնյանն է մեղավոր։ Ուրեմն նրանից էլ պետք է գանձվեր ծախսերի դիմաց։ Ռ. Սիմոնյանը վաղուց Վակունիսում չի ապրում։ Երբ ես այդ գյուղում կատակով հայտնեցի, թե իբր նախկին գյուղապետը վերահաստատվել է իր պաշտոնում եւ շուտով գյուղ կգա, մի քանի րոպեի ընթացքում հավաքվեցին գյուղացիները ու բողոքի հսկա ալիք առաջացավ։ Նրանք ասում էին, որ նախկին գյուղապետի հեռանալուց հետո գյուղում դադարել են գողությունները, զրպարտությունները, կյանքը անհամեմատ խաղաղվել է, իսկ եթե իրոք նա գյուղ վերադառնա, իրենք կձգտեն արգելել կամ ամբողջ գյուղով կհեռանան։ Անշուշտ, իրավապահ մարմինները բարեհոգի են գտնվել Ռ. Սիմոնյանի նկատմամբ, հավատալով նրա հավաստիացումներին, թե մի կողմ կթողնի բանսարկություններն ու զրպարտությունները։ Սակայն Ռ. Սիմոնյանը, օգտվելով իրավապահ մարմինների արդեն անհասկանալի դարձող բարեհոգությունից, ոչ մի կերպ չի հանգստանում, անվերջ ուղիներ է որոնում խանգարելու վերաբնակեցման գործընթացը։ Պատմական Արցախի ազատագրված տարածքներում անցած 10 տարիներին հիմնվել են 100-ից ավելի բնակավայրեր, 54 հանրակրթական դպրոց, այստեղ ապրում եւ գործում են հազարավոր մարդիկ իրենց ընտանիքներով։ Իսկ վերաբնակեցումը ոչ թե պախարակման, այլ նյութական եւ բարոյահոգեւոր օգնության կարիք ունի։ Առանց լուրջ ներդրումների՝ այս գործընթացը կարող է վտանգվել։ ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Գրող, հրապարակախոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել