Լրահոս
Օրվա լրահոսը

«27»-Ի ԳՈՐԾՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է «ՎԿԱՆԵՐԻ ԶՏՈՒՄ»

Հուլիս 01,2003 00:00

«27»-Ի ԳՈՐԾՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է «ՎԿԱՆԵՐԻ ԶՏՈՒՄ» Վռամ Գալստյանն անտեղյա՞կ է իր «հիվանդությունից» Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ տարօրինակ դրության մեջ հայտնվեց։ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության վերջին հետաձգումը, ինչպես հիշում եք, պայմանավորված էր ամբաստանյալ Վռամ Գալստյանի հիվանդությամբ։ Ընդ որում, ապրիլի 18-ին դատարանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ուղարկվել էր տեղեկանք, ըստ որի, Վռամ Գալստյանի մոտ առկա են գրգռվածություն, դեպրեսիվ երեւույթներ։ Երեկ դատարան էին բերվել բոլոր ամբաստանյալները, այդ թվում նաեւ Վռամ Գալստյանը։ Տուժող Վ. Սարգսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւը հանդես եկավ 3 միջնորդություններով, որոնցից մեկը կապված էր Վռամ Գալստյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու խնդրի հետ։ Ըստ Օ.Յունոշեւի, բազմաթիվ կարծիքներ են հնչում՝ կապված «նրան անմեղսունակ վիճակի հասցնելու» հետ։ Փաստաբանը գտնում էր, որ դատարան պետք է հրավիրել նրանց, ովքեր անմիջականորեն մասնակցել են նրա առողջության հսկմանը, բուժման ընթացքին։ Սակայն քանի դեռ դատարան չէր ներկայացել Վռամ Գալստյանի պաշտպանը՝ Արարատ Բագրատունին, դատավոր Սամվել Ուզունյանը հրաժարվեց առանց պաշտպանի քննարկել վերոնշյալ հարցը։ Կես ժամ ուշացումով ժամանեց Արարատ Բագրատունին, որի ներկայությամբ էլ հարցեր տրվեց ամբաստանյալ Վռամ Գալստյանին։ Ամբաստանյալի անակնկալ պատասխանը հետեւյալն էր՝ սրտային անբավարարություն, շնչահեղձություն, տագնապներ ինքը չի ունեցել եւ «այդ ամենը կազմակերպվել է ԱԱՆ մեկուսարանում»։ Դատավորի այն ռեպլիկն էլ, թե ներկայումս «դուք գտնվում եք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում», էական ազդեցություն չգործեց ամբաստանյալի վրա եւ նա ընդամենը շարունակեց, որ ցանկացած ներարկում իր ներվային սիստեմի վրա ազդում է։ Ներկայացնելով բուժման ընթացքը («Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ուղարկված), դատավորը հրապարակեց դեղամիջոցների անունները, որոնք տրվել են Վռամ Գալստյանին (հիմնականում սրտի հետ կապված)։ Վռամ Գալստյանը երեկ դատարանում իմացավ, որ ապրիլի 18-ի դատական նիստը հետաձգվել է իր առողջության հետ կապված։ Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը հայտարարեց, որ քաղաքական նպատակներով է հետաձգվել նիստերը, որ քննչական մեկուսարանը միայն գրավոր տեղեկանք է ուղարկել դատարան, ինչը հիմնավոր կասկածների տեղիք է տալիս։ Նա պահանջեց իրենց տրամադրել Վռամ Գալստյանի էպիկրիզը եւ հիվանդության պատմությունը։ Ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը (բժիշկ) դեմ արտահայտվեց միջնորդության բավարարմանը, ասելով. «Վստահորդը երբ անհանգստություն է անում, նպատակը պարզ չէ»։ Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ ինքը պահանջել էր ստուգել ամբաստանյալ Գալստյանի առողջական վիճակը, սակայն դատարանը մերժել էր։ Ըստ ամբաստանյալի, մերժել էր այն փուլում, երբ Վռամ Գալստյանը մեղադրական ցուցմունքներ էր տվել իր նկատմամբ։ Ընդմիջման ժամանակ դիմեցինք մեղադրող Գագիկ Ավետիսյանին, թե արդյոք Վռամ Գալստյանը ապրիլի 18-ից մինչեւ երեկ ընկած ժամանակահատվածում որեւէ դիմում կամ գրավոր բողոք ուղարկե՞լ է դատախազություն։ Պատասխանեց, որ որեւէ բողոք չի ստացվել նրանից։ Մինչդեռ, օրինակ, Կարեն Հունանյանը երեկ անհանգստություն հայտնեց իր դիմումի հետ կապված, որն ուղարկել է դատավոր Սամվել Ուզունյանին։ Նա դարձյալ պնդում է, որ մեկուսարանում իր մտքերը «ինչ-որ սարքավորումներով կարդում են»։ Այս հարցի կապակցությամբ դատավորը խոստացավ դիմել արդարադատության նախարարությանը՝ ճշտելու «սարքերի տիպը, տեսակը»։ Փաստաբան Օ. Յունոշեւի երկրորդ միջնորդությունը վերաբերում էր հայտնի տեսաերիզի 21.03.2003թ. փորձաքննության եզրակացությանը։ Նա պահանջում էր գլխավոր դատախազությունից, որ այդ փորձագիտական եզրակացության նյութերը տրամադրվեն դատավարության բոլոր մասնակիցներին։ Ընդ որում, փաստաբանի հիմնավորումը այն էր, որ ստեղծվել է անհավասար իրավիճակ, երբ ապացույցների մի մասը գտնվում է գլխավոր դատախազությունում, մի մասը դատարանում եւ որ հարկավոր է «ապացույցները պահել մի տեղում»։ Գլխավոր դատախազությունից մեղադրողների կվարտետը երեկ համալրած Կորյուն Փիլոյանը նախ հայտարարեց, որ ծանոթ լինելով գործի նյութերին (ուշադրություն դարձրեք, որ կես ժամ առաջ դատավարությանը ներգրավված մեղադրողն է ասում), գտնում է, որ պաշտպանը կրկնեց իր միջնորդությունը։ Մեղադրողը տուժող կողմի ներկայացուցչին հորդորեց կրկնվող միջնորդություններով հանդես չգալ եւ ապա հետաքրքիր մի նախադասություն արտասանեց, որով պարզ դարձավ նրա առաքելությունը դատարանում։ Նա ասաց, որ պետք է «բեռնաթափել» դատակոչի ցուցակները, ինչը, հավանաբար, նշանակում է, որ առաջիկայում սպասվում է 129 վկաների «զտում»։ Երեկ 8-րդ վկան ներկայացավ դատարան։ Կարեւորագույն օբյեկտների պահպանության գործով ոստիկան Ավետիք Թաշճյանը հայտնեց, որ ինքը ապահովել է ԱԺ նիստերի դահլիճի կարմիր նախասրահի վերջին դռան հատվածը։ Նախաքննության ժամանակ սուտ ցուցմունքներ է տվել, որովհետեւ վախեցել է, թե համակարգից կհեռացվի։ Նա թաքցրել է, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին արձակուրդում գտնվող իրենց հրամանատարը՝ Միշա Մանուչարյանը, նույնպես գտնվել է կարմիր նախասրահում։ Արտառոց մի հայտարարություն էլ արեց այս վկան, կապված ԱԺ բժշկուհու հետ (ըստ երեւույթին, այն բժշկուհու, որը Հայաստանում չէ)։ Վերջինիս անունը նա չգիտեր։ Ոստիկանը երեկ հիշեց, որ այդ օրը ահաբեկչությունից առաջ բժշկուհին մի քանի անգամ հարցրել է. «Վարչապետը (Վազգեն Սարգսյանը-Ռ.Մ.) այնտե՞ղ է, թե՞ ոչ»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել