Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարուց կվառվի 1-ին լամպը

Հուլիս 01,2003 00:00

Մեկ տարուց կվառվի 1-ին լամպը Ըստ որոշ հաշվարկների, արեգակնային կայանը կունենա մոտ 350 ԿՎՏ հզորություն Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու, Արագածի գիտական կենտրոնի 100 հա զբաղեցնող տարածքը դիտելու համար առնվազն 3 օր է պետք։ Կիրակի օրը մեր 3-ժամյա այցելությունը շատ կարճատեւ էր՝ դա միանշանակ է։ Հայաստանում արեգակնային կայանի շինարարությունը սկսվել է 1995 թվականին, անգլիացիների ֆինանսավորմամբ։ Ի տարբերություն այլ երկրներում կառուցվածների, մեզ մոտ հազարավոր շարժվող հայելիների փոխարեն կառուցվել է մեկ անշարժը, որի շնորհիվ կառույցի արժեքը 20 անգամ էժանացել է։ Ինչպես հավաստում է ակադեմիկոս Հերունին, կառուցվող կայանը կապահովի մոտ 40 տոկոս ՕԳԳ, մինչդեռ գործող կայանների ՕԳԳ-ն 3% է, քանի որ մեզ մոտ ջրի փոխարեն օգտագործելու են շիկացած օդ եւ հայելուց անդրադարձած ճառագայթները ուղղահայաց ընկնելով ջերմափոխանակիչի պատերին, կտրուկ նվազեցնելու են ջերմային կորուստները։ Հաշվարկվել է, որ կայանը կունենա մոտ 350 կիլովատ հզորություն, որից 100 կիլովատը՝ էլեկտրական էներգիա եւ 250-ը ջերմային էներգիա՝ 97 աստիճանի ջուր՝ 1,5 լիտր- վայրկյանում։ 1997 թվականին ընդհատվել է կառույցի շինարարությունը։ Չցանկանալով պարզաբանել պատճառը, գիտնականը միայն տեղեկացրեց, որ ինքը չի ցանկացել աշխատել անգլիացիների հետ: 70 տոկոսով կառուցված կայանը, որը իր տեսակի մեջ եզակի է ամբողջ աշխարհում, 5 տարի սպասում էր կառավարության աջակցությանը։ Սակայն բյուջեն նման գումարներ, հավանաբար, չունի, ուստի օգնության ձեռք է մեկնել հայտնի գործարար Հրանտ Վարդանյանը։ Վերջինիս ֆինանսական աջակցության շնորհիվ պրն Հերունին համոզված է, որ մեկ տարի հետո կայանը կգործարկվի կամ, իր խոսքերով ասած՝ «կվառվի առաջին լամպը»։ Պատասխանելով մեր հարցերին, ակադեմիկոսը փաստեց, որ եթե առաջին 70% շինարարության համար ծախսվել է կես միլիոն դոլար, ապա այն ավարտելու համար հարկավոր է առնվազն 1,5 մլն։ Ի դեպ, ըստ հաշվարկների, արեգակնային կայանի արտադրած 1 կվտ/ժ էլեկտրական էներգիայի ինքնարժեքը կլինի 1 դրամից էլ պակաս։ Հետաքրքիր է, թե այդ էլէներգիան ժողովրդին տրվելու դեպքում ի՞նչ արժեքով կհաշվարկվի։ Չշեղվելով թեմայից, նշենք, որ, ինչպես տեղեկացրեց ակադեմիկոսը, փորձնական կայանի գործարկումից հետո կսկսվի դրա սերիական արտադրությունը, ինչը բավական եկամտաբեր բիզնես է խոստանում, քանի որ արեւային կայանների պահանջարկ կա բոլոր երկրներում։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել