Լրահոս
Օրվա լրահոսը

«ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՌԵԿԵՏ ՉԵՆ ԱՆՈՒՄ»

Հուլիս 01,2003 00:00

«ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՌԵԿԵՏ ՉԵՆ ԱՆՈՒՄ» Վստահ է ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը Արցախցի մեր հայրենակիցները դժվարությամբ են խոսում իրենց խնդիրների մասին։ Ակնարկում են, որ ինչ-որ բանից դժգոհ են, բայց չեն ասում, թե ինչից։ Տեղեկություններ հավաքելու համար լրագրողից մեծ ջանքեր են խլում։ Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում առկա հիմնական խնդիրների մասին «Առավոտը» մոտավոր պատկերացում կազմեց՝ զրուցելով Ստեփանակերտի, Մարտունիի, Շուշիի, ազատագրված շրջանների բնակիչների հետ։ Նրանց կարծիքով, ամենաարդիականը աշխատատեղերի բացակայությունն է։ Չնայած նկատելի էր, որ մասնավորապես Ստեփանակերտում մի քանի բենզալցակայաններ, հյուրանոցներ եւ այլ օբյեկտներ են բացվել, դրանց տեսակարար կշիռը, ըստ մեր զրուցակիցների, գործազրկությունը նվազեցնելու հարցում նշանակալի չէ։ Այս եւ մնացած խնդիրների վերաբերյալ ստացել ենք ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի մեկնաբանությունները։ Ըստ նրա, գործազրկությունը նվազեցնելու ուղղությամբ բավականին աշխատանք է կատարվել. «Նկատի ունեմ հողի սեփականաշնորհման ավարտը, երբ մարդիկ արդեն աստիճանաբար ամրանում են իրենց հողում»։ Մարտունեցի մի թոշակառու մինչ այդ նկատել էր, որ «հողը մշակելու համար պիտի բենզին լինի, սոլյարկա լինի, տրակտոր լինի։ Բայց ինչո՞վ վճարես, եթե փող չկա»։ Օ. Եսայանի ներկայացմամբ, «ուղղակի զարգացում են ապրում սպասարկման ոլորտը, ենթակառուցվածքները։ Վերականգնվում են կենցաղային սպասարկման օբյեկտները՝ համարյա իրենց նախկին ծավալով։ Երկրում ներդրվող շրջանառվող կապիտալի մեջ մեծանում են ներքին, ազգային կապիտալի ծավալները»։ Կառուցված օբյեկտների մի զգալի մասն էլ, ըստ ղարաբաղյան «ժողովրդական բանահյուսության», պաշտոնյաներին են պատկանում։ Ենթադրվում է, թե հիմնականում նրանք են լավ վաստակում, չարաշահում են պաշտոնեական դիրքը եւ սեփական գործ սկսում։ Պարոն Եսայանը կարծում է, «քանի որ ուսուցիչների, բժիշկների, մտավորականների աշխատավարձն ավանդաբար ցածր է եղել, այդ պատճառով էլ այսօր նրանք լուրջ տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն չեն ունեցել։ Իսկ պաշտոնյաները, անկեղծ ասած, ես մտովի անցա մեր բոլոր խոշոր ձեռնարկատերերի, սեփականատերերի ցուցակով, նրանցից եւ ոչ մեկը պետական բարձր պաշտոնի չեն կամ շատ քիչ են նրանք»։ Օլեգ Եսայանին հիշեցրինք, որ պաշտոնյաները, բնականաբար, իրենց անուններով չեն գրանցում իրենց իսկ սեփականությունը։ Մինչդեռ, ժողովուրդն ասում է, թե որ օբյեկտն ումն է։ Պարզապես այդ տվյալները չենք հրապարակում, որովհետեւ կարճ ժամանակում հնարավոր չեղավ ստուգել։ Ըստ ԼՂՀ ԱԺ նախագահի, «մի շարք պաշտոնյաներ հողեր են վարձակալում եւ, լավագույն դեպքում, դրանով են զբաղված»։ Եթե նույնիսկ նման բան էլ կա, ապա, ըստ Օ. Եսայանի, «վերջին հաշվով, եթե դա օրենքին չի հակասում… Կարեւորն այն է, որ ձեռք բերված կապիտալը օրինական ճանապարհով լինի»։ Հավասար պայմանների օգտին է խոսում նաեւ այն, որ, ըստ Օ. Եսայանի, տնտեսության զարգացման համար «այսօր օրենսդրությունը լրիվ նպաստավոր դաշտ է ստեղծել։ Այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են ռեկետը, արհեստական քաշքշուկները՝ հանրապետությունում բացակայում են»։ ԼՂՀ ԱԺ նախագահի տվյալներով, «եթե 3 տարի առաջ մենք կարող էինք խոսել ներդրումների 7-8 մլն դոլար ծավալների մասին, այսօր այդ թիվը մոտենում է 40-ի։ Դրա մոտ 30 մլն-ը արտասահմանյան (այդ թվում՝ հայազգի) ներդրողներ են։ Մոտ 3 մլն-ը Հայաստանի մասնավոր կապիտալն է այստեղ աշխատում»։ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ տարածքի համար հրատապ է ջրի խնդիրը, ինչի պատճառով ոչ միայն խմելու ջրի հարցն է ավելորդ հոգս, այլ նաեւ ոռոգման ջուր չլինելու պատճառով Արցախի բերրի հողերում գյուղատնտեսական միրգ, բանջարեղեն աճեցնելու փոխարեն, տարվա որոշակի ժամանակաշրջաններում դրանք ներկրվում են Հայաստանից։ Օլեգ Եսայանի մեկնաբանությամբ, «խմելու ջուր դեռեւս խորհրդային տարիներին բնակչությունը ստանում էր արտեզյան ջրհորների միջոցով, բայց հիմա դժվար է դրանք շահագործել, որովհետեւ էլեկտրաէներգիան թանկ է, իսկ մարդիկ վճարունակ չեն։ Ոռոգման ջրի խնդիրն էլ միշտ շատ սուր է եղել Ղարաբաղում։ Ոռոգելի է հողահանդակների 15-20 %-ը։ Պատկերացրեք, ինչպիսի ցածր բերքատվություն»։ Նորից դառնալով ներդրումներին, ԱԺ նախագահը նկատեց, որ ԼՂՀ օրենսդրությունը բացարձակ հավասար պայմաններ է ստեղծել օտարերկրյա եւ տեղացի ներդրողների համար, գրավիչ պայմաններ են առաջարկվում՝ խոշոր չափով ներդրում անողը մի քանի տարով ազատվում է հարկերից. «Եթե նկատի ունենանք, որ $50.000 կամ, ասենք, 50 մլն դրամ առավելապես օտարերկրացիները կարող են ներդնել, ապա ստացվում է, որ իրենց համար են արտոնյալ պայմանները»։ Ձեռնարկություններն էլ են անվճար սեփականաշնորհվում, բայց որոշակի պայմաններով։ Օլեգ Եսայանը հպարտությամբ նշեց, որ որեւէ դեպք չի եղել, որ օտարերկրյա կապիտալը հետ տարվի կամ բիզնեսը դադարեցվի, բայց «եթե նկատի ունեք փայտաշինական կոմբինատը, ապա այս օրերին այն վերսկսում է իր աշխատանքը, որի փակվելը արհեստական արգելքների հետ կապված չէ։ Ընդհակառակը, տեղի է ունենում կապիտալի դիվերսիֆիկացիա, այսինքն սկսում են բիզնեսի մի ճյուղից, աստիճանաբար թափանցելով մյուսները»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել