Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐ ԽՈՍՆԱԿՆԵՐՆ Ի ՄԻ ԲԵՐՎԵՑԻՆ

Հուլիս 01,2003 00:00

ԲՈԼՈՐ ԽՈՍՆԱԿՆԵՐՆ Ի ՄԻ ԲԵՐՎԵՑԻՆ Հունիսի 28-ից ԱԺ երրորդ հարկի սրահը կոչվեց Խոսնակների սրահ։ 1918 թվականից մինչեւ մեր օրերը հայկական խորհրդարանների բոլոր նախագահների նկարներով զարդարված սրահի բացմանն Արթուր Բաղդասարյանը հրավիրել էր իր բոլոր նախորդներին՝ Լեւոն Տեր- Պետրոսյանին (որը որեւէ կերպ չէր արձագանքել հրավերին), Բաբկեն Արարքցյանին (որի աշխատակազմից հայտնել էին, թե պրն Արարքցյանն ուսանողներից քննություններ է ընդունում)։ Հրավերն ընդունել էին միայն Հրանտ Ոսկանյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը եւ Արմեն Խաչատրյանը։ Ի դեպ, հանդիպմանը մասնակցող միջին եւ միջինից ցածր նախկին ՀԺԿ-ական չինովնիկներից ոչ ոք չմոտեցավ եւ չհամբուրեց տիկին Ռիմայի ձեռքը, ինչը կվայելեր, որ անեին, թեկուզ միայն այն բանի համար, որ նրանցից շատերն այսօր էլ շարունակում են պաշտոնավարել ԱԺ-ում Կարեն Դեմիրճյանի շնորհիվ եւ «Հոկտեմբերի 27»-ի արդյունքում։ Ըստ երեւույթին, չինովնիկական վախը շատ խորն է նստած ոմանց հոգիներում։ Սրահի բացմանը մասնակցող Խոսրով Հարությունյանը նկատեց. «մենք բոլորս այսօր ե՛ւ պատմական անխուսափելիության բերումով, ե՛ւ պարագաների բերումով կանգնած ենք բարի, ժողովրդավարական, պետական ավանդույթներ ձեւավորելու առջեւ։ Պետք է ենթադրել, որ սա այդ ճանապարհի առաջին քայլերից մեկն է»։ Արմեն Խաչատրյանն իրեն հավատարիմ նույնիսկ էքսխոսնակի պաշտոնում խոսեց պետության շարունակականության մասին, «այսինքն թե մեր հայացքի անդրադարձով պիտի միշտ կարողանանք ներկան որոշել եւ նայել ապագային եւ կարողանանք հասկանալ, որ պետությունը մեկ օրգանիզմ է»։ Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նախկին խոսնակներին՝ «խորհրդարանում ձեւավորված բարի ու լավ ավանդույթների համար, մենք անպայման շարունակելու ենք այդ ավանդույթները, որովհետեւ իրոք զարգացում կարող է ունենալ այն ժողովուրդը, այն պետությունը, որը միշտ վերադարձ է կատարում իր ակունքներին»։ Նա հույս հայտնեց, որ ԱԺ նախագահները կայցելեն բացված սրահը, ԱԺ, «եւ իրենց գործնական ու բարի խորհուրդներով կնպաստեն թե՛ խորհրդարանի նորընտիր նախագահի գործունեությանը, եւ թե՛ մեր օրենսդիր մարմնին ընդհանրապես»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել