Լրահոս
Օրվա լրահոսը

Երկխոսությունը տորպեդահարվո՞ւմ է

Հուլիս 01,2003 00:00

Երկխոսությունը տորպեդահարվո՞ւմ է Ինչպես եւ միանշանակորեն կարելի էր սպասել, Հայաստան-Թուրքիա՝ վերջին շրջանում ծայր առած երկխոսության թեկուզեւ թույլ միտումները ենթարկվեցին առաջին լուրջ փորձություններին։ Չնայած երկու երկրների միջեւ սահմանների բացման մտադրության մասին ավելի վաղ արված հայտարարություններին, թուրքական կողմը, գոնե առաջին տպավորությամբ, փորձում է մեղմել իր ժամանակավրեպ վարքագծի գուցեեւ ոչ այնքան հաճելի հետեւանքները։ Թուրքական մամուլում քանիցս նշվել էր այն մասին, որ վարչապետ Էրդողանը պատրաստվում է հունիսի 27-ին Կարսում կայանալիք մի միջոցառման ժամանակ անդրադառնալ Հայաստանի հետ սահմանի վերաբացմանը։ Էրդողանը, սակայն, այդ մասին Կարսում ոչինչ չի ասել, փոխարենը հայտարարելով. «Մենք կողմ ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն հայերը շարունակում են խեղաթյուրել պատմությունը»։ Փաստորեն, թուրքական կեցվածքում դարձյալ գերիշխող է դարձել նախապայմանների դիրքերից խոսելը, ինչի վկայությունն է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Աբդուլա Գյուլի վերջին հայտարարությունը, ըստ որի, «Հայաստանի հետ սահմանի բացման հարցն առայժմ օրակարգում չէ»։ Մյուս կողմից, հայ-թուրքական երկխոսությունը, մեղմ ասած, չողջունող մի հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ներկայիս իշխանությանը մաս կազմող կուսակցություններից մեկը՝ Հայ Հեղափոխական դաշնակցությունը։ Ըստ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի կենտրոնական գրասենյակի տարածած փաստաթղթի, «հայկական կազմակերպություններն ու կառույցները պարտավոր են զգուշանալ թուրքական այդ թակարդի մեջ ընկնելուց»։ ՀՅԴ-ն իբրեւ «խարդավանքներ» է գնահատում մերձեցմանը միտված թուրքական նախաձեռնությունները, վստահություն հայտնելով, որ հայկական կողմը դրանց կհակադրի «զգոն, հետեւողական եւ մինչ այժմ որդեգրված սկզբունքներին» հավատարիմ վճռական քայլեր։ Հայտարարության մեջ հիշատակելով Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ նախապայմաններով խոսելու իրողությունը, ՀՅԴ-ն իր հերթին նշում է. «Հայ-թուրքական որեւէ երկխոսություն կարդյունավորվի միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելուց, Հայաստանի նկատմամբ շրջափակումը վերացնելուց եւ Արցախի հարցում իր կողմնակալ դիրքորոշումը փոխելուց հետո»։ Ակնհայտ է, որ ինչպես այս, այնպես էլ թուրք պաշտոնատարների՝ վերը նշված արձանագրումներն ի վիճակի են ի չիք դարձնել երկխոսությանն ուղղված ցանկացած նախաձեռնություն։ Միջազգային հանրությունը հրաշալիորեն տեղյակ է երկուստեք հնչեցրած նախապայմաններին ու հիմնավորումներին եւ ամենեւին կարիքը չուներ լրացուցիչ անգամ դրանց տեղեկանալու։ Ըստ ամենայնի, կան ուժեր, որոնց շահերին նման գործընթացները կենսականորեն հակացուցված են։ Այդուհանդերձ, աշխարհում ու, մասնավորաբար, տարածաշրջանում ձեւավորվող նոր միտումներն անում են իրենցը եւ Հայաստան-Թուրքիա երկխոսությամբ շահագրգիռ երկրները տակավին հուսահատ չեն։ «Հայ-թուրքական սահմանի վերաբացումը նշանակալի քայլ կդառնա Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում նոր շուկաների բացման ուղղությամբ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալան Լարսոնը։ Վերջինս ընդգծել է նաեւ, որ դա շահավետ կլիներ Թուրքիայի արեւելյան շրջանների համար։ Չեն դադարում նաեւ հասարակական մակարդակով փոխշփումները։ «Թրքիշ դեյլի նյուզ» թերթի հաղորդմամբ, հուլիսի 1-3-ը Երեւանում տեղի կունենա հայ եւ թուրք կանանց կապի խմբի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն երկխոսության զարգացմանն առնչվող հարցեր։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել