«Ամեն ինչ հսկողության տակ է» Ասում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Աշոտ Քոչարյանը երեկ հրավիրեց իր առաջին մամուլի ասուլիսը։ Թեման Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցն էր Վրաստան, ինչպես նաեւ՝ առաջիկա ամիսներին մի շարք սպասվող այցեր։ Աշոտ Քոչարյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի մոտակա աշխատանքային ծրագիրը բավականին հագեցած է։ Նախատեսվում է պաշտոնական այց Բուլղարիա, Ռումինիա, Հնդկաստան, Ուզբեկստան, նաեւ՝ Բրյուսել (որտեղ Ռ. Քոչարյանը կհանդիպի ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի կառույցների ներկայացուցիչներին)։ Հայաստան կժամանեն Թուրքմենստանի եւ Լիտվայի նախագահները, Նորվեգիայի վարչապետը։ Օրերս հրավեր է ստացվել նաեւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակից՝ հուլիսին Ֆրանսիա այցելելու կապակցությամբ։ Թե ինչպիսին կլինի այս այցը՝ աշխատանքայի՞ն, թե՞ արձակուրդային, դեռեւս ճշտված չէ։ Լրագրողների հարցերին Աշոտ Քոչարյանը պատասխանում էր կարճ եւ չափազանց դիվանագիտական երանգներով։ «Ինտերնյուսի» թղթակցին հետաքրքրում էր, թե ինչո՞վ էր պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի այցը՝ արդյոք, ճի՞շտ են որոշ փորձագետներ, որոնք համարում են, թե այցն ավելի շատ թելադրված էր Վրաստանում կայանալիք ընտրություններով, եւ եթե այդպես է, Վրաստանում ո՞ր քաղաքական ուժերին է պաշտպանում հայկական կողմը։ Նախագահի մամուլի խոսնակն ասաց, որ արդեն կարծես ավանդույթ է դարձել վերընտրվելուց հետո դեպի Վրաստան Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը, եւ որեւէ այլ նկատառում չկա։ Վրաստանյան այցի օրերին տեղեկություն տարածվեց, որ Ռոբերտ Քոչարյանի եւ հայ համայնքի հանդիպումից առաջ Վրաստանի երկու հայազգի քաղաքացի ձերբակալվել են եւ բաց են թողնվել հանդիպումից հետո։ Աշոտ Քոչարյանը ժխտեց այդ լուրը. «այդպիսի իրադարձություն չի եղել»։ Հետաքրքիր էր իմանալ նախագահի կարծիքը ԵԽ ԽՎ լիագումար նիստում հնչած առաջարկին՝ ոչ ժողովրդավարական ընտրությունների պատճառով չճանաչել հայաստանյան պատվիրակության մանդատները։ Այս հարցի պատասխանն ավելի քան ստանդարտ էր, պրն Քոչարյանը պատասխանեց այնպես, ինչպես այս հարցին վերջին շրջանում պատասխանում են բոլոր իշխանական կուսակցությունները ներկայացնող պաշտոնյաները. եղել է առաջարկ, որոշում չի ընդունվել, ուրեմն անհանգստանալու կարիք չկա։ Կրիմինալ տարրերի աշխուժացմանը, օրը ցերեկով հնչող կրակոցներին ու մարդասպանություններին ինչպիսի՞ վերաբերմունք ունի հանրապետության նախագահը. «Ամեն ինչ հսկողության տակ է, համապատասխան հանձնարարությունները տրվում են եւ ամեն ինչ արվում է, որպեսզի իրավախախտումները պակասեցվեն, համենայնդեպս, այդ միտումների ընդլայնումը մինիմացվի»։ Հասկանալի է, որ նման ահասարսուռ ձեւակերպումից («մինիմացնել միտումների ընդլայնումը») մականունավոր հեղինակություններն այսուհետ լուրջ հետեւություններ կանեն ու այլեւս իրար վրա եւ ուրիշների վրա չեն կրակի։ «Հայոց աշխարհի» թղթակցին հետաքրքրում էր, թե ի՞նչ վերաբերմունք ունի Ռ. Քոչարյանը հունիսի 28-ի ՀՅԴ հայտարարության մասին, որը վերաբերում էր հայ172թուրքական բանակցություններին, մասնավորապես՝ Կարսի ճանապարհի բացմանը։ ՀՀ նախագահի մամուլի խոսնակի արձագանքը հետեւյալն էր. «Ես արդեն մեր պաշտոնական դիրքորոշումն ասացի, ինչ վերաբերում է հայտարարությանը, դրան կարող են անդրադառնալ ավելի հարմար առիթով»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ