ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ՍԻՆԴՐՈՄ Ըստ Հրանտ Ոսկանյանի, դա է Կոմկուսի մասնատման պատճառը Անցած խորհրդարանական ընտրություններում կոմունիստական ուղղվածության կուսակցությունները շեշտակի պարտություն կրեցին։ Հնարավոր է արդյոք Հայաստանում կոմունիստական շարժման վերածնունդը։ Իրավիճակը մեկնաբանում է 1985-90 թթ. Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության նախագահ, հնագույն կոմունիստ Հրանտ Ոսկանյանը։ Վերջինս հետեւյալ բացատրությունը տվեց. «Խորհրդային Միության փլուզումից հետո կոմունիստական շարժումը բավականին մեծ հարված ստացավ եւ ԱՊՀ շատ երկրներում անգամ Կոմկուսը լիկվիդացվեց, բայց հետագայում սկսեցին ուշքի գալ, վերախմբավորվել։ Դա բացատրվում է այսպես, Խորհրդային Միության փլուզումից հետո սկսվեց հակակոմունիստական հիստերիան, սկսվեցին հետապնդումներ, մարդիկ մտահոգ էին իրենց, իրենց հարազատների կյանքի համար, որովհետեւ այնպես էլ ստացվել, որ ոչ միայն իրեն աշխատանք չէին տալիս, այլեւ հարազատներին էին աշխատանքից ազատում։ (Հետաքրքիր է՝ Հայաստանում ովքե՞ր են «հետապնդվել»՝ Գագիկ Հարությունյա՞նը, Վլադիմիր Մովսիսյա՞նը, Գագիկ Մարտիրոսյա՞նը.- խմբ.)։ Նման պայմաններում շատերը վախեցան, հրաժարվեցին կուսակցական պատկանելությունից։ Ինչ վերաբերում է այսօրվա վիճակին, ապա ուրիշ բան չէր կարելի սպասել, եթե մի այսպիսի փոքր պետության մեջ, ինչպիսին Հայաստանն է, գոյություն ունի յոթ կոմունիստական կուսակցություն, դա նշանակում է՝ Կոմկուսի ուժերը ջլատված են, եւ այդ ջլատվածությունը մարդկանց թյուրիմացության մեջ է գցում։ Ընտրությունների ժամանակ ցուցակում երեք կոմունիստական կուսակցություն կար։ Մարդիկ չգիտեն՝ ո՞վ է ճիշտ, ո՞վ է սխալ, ինչո՞ւ են բաժանվել։ Ապատեղեկատվությունը շատ ծանր պայմաններ էր ստեղծել եւ մարդիկ չկարողացան կողմնորոշվել»։ Պրն Ոսկանյանը Կոմկուսի խաղից դուրս վիճակի, խորհրդարանից դուրս վիճակի «մեղավորներ» չի ուզում համարել իշխանություններին, այլ հարցին ավելի «գլոբալ է նայում»։ Ըստ այդմ՝ «աշխարհում բարձրացել է հակակոմունիստական պայքարի մի նոր ալիք, որը եւս կմարի, որովհետեւ կոմունիստական ուսմունքն ինչ-որ մեկի ցանկությունը չի, այն օբյեկտիվ գիտություն է»։ Այնուամենայնիվ, պրն Ոսկանյանը չի կարծում, թե մոտ ապագայում կմիավորվեն Կոմկուսից անջատված մանր ու միջին կոմունիստական բեկորները. «Ես այս պարագայում չեմ կարծում, որ այդ միացումը կկատարվի, որովհետեւ բաժանման մեջ օբյեկտիվ պատճառ չկա։ Ես եթե բոլորի հետ զրուցում եմ, տեսնում եմ, որ բոլորն էլ դավանում են դասական մարքսիզմին։ Շատ ավելի մեծ է սուբյեկտիվ սինդրոմը, որ ամեն մեկն ուզում է առանձին կուսակցության լիդեր լինել, չմտածելով, որ սա այն դեպքն է, երբ անձնական ամբիցիաները պետք է մի կողմ թողնել, որ խոսքը շատ ավելի լուրջ հարցերի է վերաբերում, խոսքը վերաբերում է ժողովրդի ապագային, ժողովրդի ճակատագրին։ Եվ այս հարցերում, ես կարծում եմ, ժամանակը կստիպի, որ մարդիկ ավելի շրջահայացությամբ քննարկեն այս բոլոր հարցերը»,- կոմունիստ (այս պահին՝ նորացված) Հրանտ Ոսկանյանն այսպես պատասխանեց այն հարցին, թե որքանո՞վ է ռեալ Կոմկուսի ցաքուցրիվ կուսակցական բեկորների համախմբումը եւ «ետ ողորմեան» դեպի ակունքներ, դեպի Հայաստանի կոմունիստական կուսակցություն։ Հրանտ Ոսկանյանի առաջարկը հետեւյալն է՝ մի կողմ թողնել ամբիցիաները եւ առաջնորդվել ժողովրդի շահերով։ Արդյո՞ք, նույն ժողովրդի նույն շահերից են բխում կոալիցիոն կառավարությունը եւ կոալիցիոն խորհրդարանը։ Պրն Ոսկանյանն անկեղծորեն խոստովանեց, որ ինքը կոալիցիայից շատ բաներ չի սպասում, որովհետեւ այս միավորման մեջ արհեստականը շատ ավելին է։ «Ես շատ կուզենայի, որ կոալիցիան կայանար, կառավարությունն աշխատեր ավելի արդյունավետ, բայց, ինչպես տեսանք, կառավարության ձեւավորման պրոցեսում առաջնորդվեցին ոչ թե գործի իմացությամբ, քաղաքական քաշի եւ այլ հարցերով, այլ կուսակցական նեղ շահերով։ Պաշտոններ կան, որտեղ անպայման պետք է լինեն տվյալ բնագավառի ոչ միայն շարքային, այլ՝ խոշոր մասնագետներ, որը հեղինակություն լինի գոնե այս բնագավառի աշխատողների համար։ Երբ որ ոլորտի պատասխանատու նախարարն այդ հեղինակությունը չունի, աշխատելը շատ դժվար կլինի»։ Սակայն պրն Ոսկանյանին հիշեցրինք, որ նախարարի պաշտոնը քաղաքական է։ Հարցին շատ ավելի «լայն նայելով», 1985-1990 թթ. Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ, ըստ էության՝ Խորհրդային Հայաստանի վերջին պրեզիդենտ (ինչպես ինքն իրեն որակեց) Հրանտ Ոսկանյանն ասաց. «քաղաքական պաշտոն է, ճիշտ է, բայց քաղաքականության մեջ երբ հարց է գնում պետության, ժողովրդի ճակատագրի մասին, պետք է առաջնորդվել ոչ թե կուսակցական շահերով, այլ ժողովրդի գերագույն շահերով, պետության շահերով։ Մի խոսքով, անկախ նրանից, թե ով որ կուսակցությանն է պատկանում, տվյալ բնագավառում պետք է աշխատի գիտակ, հեղինակություն ունեցող մարդ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ