ՏԱ՞Ն, ԹԵ՞ ՉՏԱՆ «Փախստականների եւ ՀՀ քաղաքացիություն ստացած նախկին փախստականներին առնչվող մի շարք գործերի դատական քննության ընթացքում չի ապահովվում ՀՀ օրենսդրության եւ միջազգային պայմանագրերի պահանջների պահպանումն ու կիրառումը»։ Սույն եզրահանգումը հայ հասարակությանը երեկ հայտնեցին Հայաստանի երիտասարդ իրավաբանների (ՀԵԻ) ասոցիացիայի փաստաբաններ Արման Կուրեխյանը եւ Բաբկեն Սահրադյանը։ Վերջիններս կոնկրետ՝ «Ամառանոցային 123» շենքի, «Ծիծեռնակ», «Նարեկ» հանգստյան տների բնակիչների գործերով փաստաբաններն են եւ վերոնշյալ եզրահանգմանը եկել են այս եւ այլ գործերով մեր երկրի դատական ատյաններում «բախտը փորձելուց» հետո (ի դեպ, «Առավոտն» անդրադարձել է այս խնդիրներին)։ Քանզի գործերը դեռ ընթացքի մեջ են եւ հայտնի չէ, թե ինչ ճակատագրի կարժանանան, փաստաբանները խոստանում են, որ հետեւողական են լինելու փախստականների եւ նախկին փախստականների իրավունքների պաշտպանության հարցերում։ Այդպիսով, նրանք մտադիր են իրենց լուման ներդնել՝ «երկրի ներսում օրինականության պահպանման ու ամրապնդման» գործում։ Բացի նրանից, որ նմանատիպ դեպքերը խոչընդոտում են ՀՀ-ում իրավունքների գերակայության հաստատմանը, փաստաբանների կարծիքով, նաեւ «բացասաբար են անդրադառնում փախստականների հպատակագրման ընթացքի վրա, ի չիք դարձնելով վերջին տարիներին ՀՀ-ում այդ ուղղությամբ տարվող քաղաքականությունը»։ Շուրջ յոթ տարի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալելով, որից չորս տարին իբրեւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի գործընկեր, ՀԵԻ ասոցիացիան անվճար իրականացնում է ՀՀ-ում բնակվող փախստականների, ՀՀ քաղաքացիություն ստացած նախկին փախստականների եւ Հայաստանում ապաստան հայցողների իրավունքների դատական պաշտպանությունը։ Այդ հատվածում ասոցիացիայի իրավաբանները շուրջ 300 դատական գործ են վարել։ Ինչպես հավաստիացնում են՝ «դրական սալդոն մեր կողմն է»։ Փաստաբանների «խորին համոզմամբ», փախստականների եւ ՀՀ քաղաքացիություն ստացած նախկին փախստականների՝ «իրենց զբաղեցրած տարածքներից վերջերս հաճախակի դարձած վտարումները եւ այդ կապակցությամբ նրանց իրավունքների այլ խախտումները» ամենահրատապ խնդիրն է։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ