Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՆԱԼԴՈՅԻՆ ԱՐԺԱՆԻ ՉՀԱՄԱՐԵՑԻՆ

Հունիս 28,2003 00:00

ՌՈՆԱԼԴՈՅԻՆ ԱՐԺԱՆԻ ՉՀԱՄԱՐԵՑԻՆ «France Football» մարզական հանդեսն ամեն տարի Եվրոպայի առաջատար երկրների ազգային առաջնությունների ավարտից հետո հարցում է անցկացնում եւ որոշում խորհրդանշական լավագույն թիմի կազմը։ Այս տարի հարցման արդյունքներն ամփոփող հանձնաժողովի կազմում ընդգրկվել էին ֆրանսիացի 10 ֆուտբոլիստներ ու մարզիչներ, 10 արտասահմանցի, որոնց մեջ եղել են Չեզարե Մալդինին, Լուիշ Ֆիգուն, Կառլոս Ալբերտո Պարեյրան եւ անցյալի լեգենդար 10 անուններ, այդ թվում՝ Ալդո Սերենան, Լուի վան Գալը, Զբիգնեւ Բոնեկը, Տոմիսլավ Իվիչը, Յուրգեն Կլինսմանը… Խորհրդանշական լավագույն թիմի կորիզը կազմել են Մադրիդի «Ռեալի» չորս ֆուտբոլիստներ՝ Ռոբերտո Կառլոսը, Մակելենեն, Զինեդին Զիդանը եւ Ռաուլը։ Հետաքրքիր է, որ թիմում տեղ չի գտել համաշխարհային առաջին մեծության գերաստղերից մեկը՝ Ռոնալդոն։ Սակայն բրազիլացին դրանից ամենայն հավանականությամբ իրեն այնքան էլ վատ չի զգա, քանի որ հենց այդ օրերին Փարիզում նա ստացավ Ֆրանսիայի սպորտի ակադեմիայի հեղինակավոր մրցանակը։ Անցած տարի այն հանձնվել է ավտոարշավորդ Միխայիլ Շումախերին։ Վերջին անգամ այդ մրցանակը ֆուտբոլիստի շնորհվել է 1970 թվականին։ Ու այդ ֆուտբոլիստը եղել է Պելեն։ «Մարկա» մարզական թերթը տեղեկացնում է, որ մրցանակն անձամբ Ռոնալդոյին հանձնել է բժիշկ Ժերար Սայանը, նա, ով երկու անգամ բուժել է Ռոնալդոյի ոտքի ծանր վնասվածքները։ Այսպիսով, թիմի կազմն այսպիսին է. դարպասապահ՝ Ջանլուիջի Բուֆֆոն, պաշտպաններ՝ Պաոլո Մալդինի, Ալեսսանդրո Նեստա, Լիլիան Տյուրամ, Ռոբերտո Կառլոս, կիսապաշտպաններ՝ Կլոդ Մակելելե, Զինեդին Զիդան, Պավել Նեդվեդ, հարձակվողներ՝ Տյերրի Անրի, Ռաուլ, Ռուուդ վան Նիստելռոյ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել