Լրահոս
Օրվա լրահոսը

Քույրությունը կփրկի՞ Վարդենիսը

Հունիս 28,2003 00:00

Քույրությունը կփրկի՞ Վարդենիսը Շուրջ 5 տարի է, Ֆրանսիայի հարավ-արեւելքում գտնվող Ռոման եւ Հայաստանի Վարդենիս քաղաքները համագործակցում են։ Հունիսի 24-25-ը քույր քաղաքների համագործակցության շրջանակներում Ռոմանի քաղաքապետ Անրի Բերտոլեի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունիի ուղեկցությամբ գտնվում էր Վարդենիսում։ Ըստ դեսպանի, նպատակը արդեն հաստատված «օրինակելի եւ երկարաժամկետ համագործակցությունը խթանելն է, որը խոստումնալի կարող է լինել եւ գյուղական միջավայրի զարգացման խթանիչ գործոն հանդիսանալ»։ Ա. Կյունին տեղեկացրեց, որ համատեղ նախաձեռնությունը ներառելու է 5 ուղղություն՝ կաթնարտադրության վրա հիմնված տեւական եւ ինքնաբավ ֆերմերային տնտեսության զարգացում, ֆրանսերենի ուսուցում եւ տարածում, համագործակցություն բժշկության ոլորտում, երկարաժամկետ ագրոտուրիզմի զարգացում եւ աջակցություն քաղաքի բարեկարգմանը։ Պարոնայք ֆրանսիացիները նշեցին, որ իրենց շատ է դուր եկել Սեւանա լիճը, լեռները, ընդհանրապես՝ Հայաստանի գեղատեսիլ բնությունը։ Դրա համար էլ ֆրանսիական կողմը չի բավարարվելու զուտ տեխնիկական համագործակցությամբ։ Ա. Բերտոլեն կարեւորեց հատկապես ագրոտուրիզմի զարգացումը, ֆրանսիացի զբոսաշրջիկների ընդունումը հայ ընտանիքներում, որը նրանց համար կարող է շոշափելի եկամտի աղբյուր լինել։ Տեղեկացրեց, որ Վարդենիսում արդեն 7 ֆրանսախոս ընտանիք կա, որոնք 20 մարդ ընդունելու հնարավորություն ունեն։ Ռոմանի քաղաքապետը չմոռանացավ գովել «հայ ժողովրդի օտար լեզու սովորելու բացառիկ ունակությունը»՝ նշելով, որ արդեն վարդենիսցի 50 ուսանող ֆրանսերենի ուսուցման կենտրոնի շնորհիվ կատարելապես տիրապետում է ֆրանսերենին։ Ֆրանսիացի պաշտոնյաները փաստեցին, որ հատկապես ծանր է առողջապահության վիճակը Վարդենիսում, որովհետեւ ազգաբնակչությունն այնքան անվճարունակ է, որ չի կարող անգամ կոնսուլտացիաների համար վճարել։ Չնայած այս ամենին, նրանք խոստացան, որ քաղաքների քույրության շնորհիվ «տեղի առողջապահությունը սպասում է իր լավագույն օրերին»։ Ա. Կյունին նշեց, որ Վարդենիսն ու Ռոմանը կհամագործակցեն նաեւ թատերական ու երաժշտական ոլորտներում, որոնց մասին եւ դեսպանը, եւ քաղաքապետը գերադասեցին չխոսել։ Պատճառաբանեցին, որ Վարդենիսում լուծման կարոտ հրատապ սոցիալական պրոբլեմներ կան, որոնք ավելի շատ են հետաքրքրում բնակչությանը։ Նրանք տեղեկացրին, որ Ռոմանի քաղաքապետը քանիցս հյուրընկալվել է Վարդենիսում։ Վարդենիսի ներկա եւ նախկին քաղաքապետերն էլ են եղել Ֆրանսիայում, իհարկե՝ ֆրանսիական կողմի հաշվին։ Վարդենիսում գրանցված ամենանկատելի հաջողությունը, ֆրանսիացիների կարծիքով, իրենց աջակցությամբ ստեղծված պանրագործարանն է, ուր աշխատում է 7 մարդ։ Վերջինիս արտադրանքի որոշակի խմբաքանակ նույնիսկ արտահանվելու է։ Ուշագրավ էր նաեւ մամլո հաղորդագրության մեջ ներկայացված համագործակցության ծրագրի կետերից մեկը. «Աջակցություն՝ ուղղված Վարդենիս քաղաքի բարեկարգմանը եւ շրջակա միջավայրի պահպանության հարցը բնակչության ուշադրության կենտրոնում պահելուն»։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել