Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԻԿՆԱՀԱՑ

Հունիս 28,2003 00:00

ԻՐԻԿՆԱՀԱՑ «Տխրությունս կամաց-կամաց փոխվում է լացի» Փիլիսոփայությունը մեր միտքը առանձնապես չի նրբացրել։ Իմացության հարցերում մեր խորամուխ լինելը մեզ երես չի տվել անգամ Դավիթ Անհաղթի, Գրիգոր Տաթեւացու ժամանակներում։ Վերջին երկու դարերին մենք փորձեցինք այն ավելի ըմբռնելի դարձնել համեմատաբար գործնական դաշտում, բայց հայտնվեցինք մարքսիստական աղավաղված ուսմունքի փլատակների վրա, որովհետեւ անհասկանալի մնաց Հեգելից Մարքսին անցած դիալեկտիկան, որ անկախ ճիշտ թե սխալ լինելուց, իմացության տեսություն էր եւ ոչ երբեք դոգմա, իսկ որպես դոգմա ընկալվեց լոկ դասակարգային պայքարը, այն դեպքում, երբ վերջինս ամենահետադիմական պահն էր ողջ ուսմունքի մեջ։ Այս շփոթահարության մեջ մենք կորցրինք գրեթե ողջ 20-րդ դարը՝ նախորդների համեմատությամբ ազգերի ինքնագիտակցման ժամանակի բարձրակետը եւ դարավերջին, անգամ անկախություն ձեռք բերելով, չկարողացանք դուրս գալ ինքնաբերության ցայտնոտից։ Մյուս կողմից՝ եթե կոմունիստական աշխարհայեցողությունը անկախությունից 10 տարի անց դուրս շպրտվեց պատմության կառամատույցից որպես անիրագործելի երազանք եւ անդառնալի հնոտիք, ապա ավանդական գաղափարախոսություններում նոր արյուն չներարկվեց եւ հիմա դաշնակցական սոցիալիզմը կամ հանրապետականների նժդեհականությունը ինքնահնար կարկատաններ են «հայկական ոգու» անարատ պաստառին, ուստի եւ՝ ավելի շուտ գաղափարախոսություն են կուսակցության ավանդականության համբավը պահպանելու համար, քան կուսակցություններ, որոնք գաղափարախոսություն ունեն։ Անկախությունից կարճ ժամանակ անց կարծես նույն բախտին արժանացավ նաեւ «հայկական լիբերալիզմը»՝ տեղի տալով մեր մեջ դեռեւս չպեղված ասիականությանը եւ չբարձրանալով զուտ կարգախոսական մակարդակից, եւ ահա (որերորդ անգամ) մեզ կառավարում են Չարենցի ասած «անանցյալ անցյալը» ու պատմության քառուղիներում չսերտած միակ անուրանալի միրաժը՝ «անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար» ժողովուրդ եւ «ստրկություն, մոխիր, մոռացություն ու մահ» իրողությունը։ Մի խոսքով, մեր զգայական քիմքը մնացել է ամենանախնական վիճակում, ուր բնազդը երբեմն շփոթում ենք ինտելեկտի, ինտելեկտը՝ առավել անճանաչելի բաների հետ։ Բնազդով, բնականաբար, կարելի է լինել ամեն ինչ, անգամ ժողովուրդ, որ մշտապես ածանցյալ լինելով ավելի բարձր կարգից՝ ազգից, կարողանում է գլուխգործոցներ ստեղծել, բայց դա ապահովում է ժամանակներին համընթաց լինելու պատրանքը, ասենք, Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան, Եղիշե Չարենց երեւելի անուններով, իրականում պատմությունից ուշացած մեր նավը թողնելով միեւնույն ծովախորշում։ Որովհետեւ ազգի ստեղծագոծական հանճարը կարող է երգել ցանկացած ծառի վրա եւ պարտադիր չէ, որ այդ ծառը լինի «նաիրյան դալար բարդին», ասենք՝ Վիլյամ Սարոյանը։ Այդպես պատահեց աֆրիկյան համարյա բոլոր ցեղերի հետ, որոնք 20-րդ դարում իրենց կուտակած արվեստի բնազդական զգացումը ամերիկյան եւ մյուս մայրցամաքներում վերածեցին ջազի, նկարչական «պրիմիտիվ» ուղղության եւ այլ արժեքների ու այնպես հիմնավորապես, որ այսօր մշակույթն անհնար է պատկերացնել առանց այդ «բարբարոսության»։ …Անձկության պահերին երբեմն ինձ թվում է, թե ճանապարհի գիտակցությունը մեզ բնավ չի տրված, եւ պատմությունն անցնում է առանց մեզ ներքնապես հաղորդակցվելու, իր ետընթաց կերպից պահպանելով ընդամենը ողբերգականության դիմակը, որ պատճառ կարող էր լինել առաքինի լինելու, սակայն ողբերգություններից ամենամեծագույնը՝ ցեղասպանությունը, ընկալվում է որպես սոսկ դեկորացիա, ինքնաոչնչացման ֆարսը պարբերաբար բեմականացնելու համար։ Ուստի գոգենյան նշանավոր կտավի մի անկյունում գրված «Ովքե՞ր ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս» տողերը, որոնք որոշ կուսակցությունների համար գաղափարական առանցք են դարձել, օրակարգից դուրս են գալիս, մնում է «ուր ենք գնում» անողոք հարցապնդումը, որին չի կարողանում պատասխանել քաղաքական երեւելի կուսակցություններից եւ ոչ մեկը։ Հոռետեսության արմատները Նիցշեն գերմանական ոգու անկման եւ ինքնահիմարացման երեք պատճառ էր տեսնում՝ գարեջուրը, քրիստոնեությունը եւ այն երաժշտությունը, որ հաջորդեց մոցարտյան բարոկկոյին եւ բեթհովենյան ռոմանտիզմին, այսինքն՝ վագներյան դեկադանսը։ Անշուշտ, համեմատությունը միշտ կաղում է, բայց դե, համեստությունն էլ մի բան չէ։ Ինքը՝ փիլիսոփան դժվարացավ պատասխանել, թե ինչքան գարեջուր է հոսում ազգի մտավորականության երակներով. վիճակագրություն չուներ, սակայն աչքը չէր խաբում։ Հակա-Քրիստոսի տեսաբանը այդպես էլ չիմացավ, թե ինչ պատահեց գերմանացիներին, երբ «Deutschland, Deutschland uber alles» երգելով հանկարծակի արիացան։ Նույն անհարմարությունը ունենք մենք որոշելու, թե որքան օղի է հոսում հայ մտավորականության երակներում. նույնիսկ Մաթեւոսյանի պես հսկան դժվարացավ ազգին խումհարից դուրս գալու դեղատոմս առաջարկել, բայց, հավանաբար, «օրհնյալ սհաթից» սկսած՝ այդ վտանգի դեմ իմունիտետ ունենք։ Ինչ վերաբերում է քրիստոնեությանը, կարծես թե 1700 տարի անց այդ կողմից սպառնալիք չկա՝ հատկապես վերջերս թեթեւ աշխուժացած արիների եւ կիսվելով բազմացող աղանդների ֆոնին, մանավանդ նախագահական ընտրություններից հետո, վիճարկելով եվրոպական չափանիշները, որոնք բացառապես խարսխված են քրիստոնեական արժեքների վրա, ազդարարեցինք սեփական մենթալիտետի առավելությունները, դրանով իսկ փաստելով, որ մեր քրիստոնեությունն էլ առանձնապես չի համապատասխանում ավետարանական՝ մի ստիր, սուտ երդում մի տա, մի սպանիր եւ մյուս չափանիշներին։ Մնում է երաժշտությունը, որը ակներեւաբար Հայաստանում վերածվել է ահաբեկության ամենահզոր զենքի երթուղիներում, փողոցում, ամենուր, պրոլետարական դիկտատուրայի վերջին մոհիկանների՝ հայ վարորդների եւ ինքնուս աստղերի նախաձեռնությամբ։ Բայց այս ամենը չնչին բան է մտավոր անկյալության համեմատությամբ, որ տերուտնօրեն է հայաստանյան իրականության բոլոր ասպարեզներում. դրա մասին կխոսենք մյուս անգամ։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել