Լրահոս
Օրվա լրահոսը

Օպտիմալացման պտուղները

Հունիս 28,2003 00:00

Օպտիմալացման պտուղները Չնայած դպրոցների օպտիմալացման ծրագրի շուրջ բազմաթիվ քննադատություններին, անգամ պոպուլիստական ՕԵԿ-ից ԿԳ նախարարը չի կարող խուսափել դրանից, որովհետեւ այն Համաշխարհային բանկի ՍԱԿ ծրագրի պահանջներից մեկն է: Համակարգին ծանոթ ոչ մեկը չի էլ կասկածում, որ օպտիմալացման կարիք, անշուշտ, կա: Սակայն կարեւորն այն է, թե ինչպես այն կիրականացվի: Ծրագրի տակ ընկած դպրոցների շարքում առաջին տեղը թերեւս թիվ 29 եւ 30 դպրոցներն են, որոնց ընդամենը մեկ պատ է բաժանում: Սակայն նկատենք, որ թիվ 30 դպրոցի հատվածն անհամեմատ բարվոք վիճակում է եւ բավական ներկայանալի տեսք ունի, քան թիվ 29-ը: Ավելին, վերջինս գրեթե խարխլված է: Այսուամենայնիվ, օպտիմալացման հետեւանքով դպրոցը պետք է տեղակայվի հենց թիվ 29-ի շենքում եւ տնօրենն էլ լինելու է թիվ 29-ինը: Իսկ միավորման արդյունքում, ըստ ամենայնի, աշխատանքից կզրկվի առավելապես թիվ 30-ի ուսուցչական կազմը: Այսինքն՝ դե ֆակտո ստացվում է թիվ 30-ի լուծարում եւ ոչ թե՝ միավորում: Այս ամենի արդյունքում դուրս են մնում նաեւ թիվ 30-ի՝ ալտերնատիվ եվրոպական ուսուցմամբ (Վալդորֆյան) 9 դասարանները՝ 270 աշակերտներով: Չհաշված, որ նոր ուսումնական տարվա համար արդեն կա 30 դիմում: Հենց այս ծնողներն էլ անհանգստացած են իրենց երեխաների ճակատագրով, քանի որ չեն պատկերացնում նրանց հետագա ուսուցման ընթացքը: Քանի որ ուսուցման Վալդորֆյան մեթոդը բավական հեռու է հանրակրթական դպրոցներում ընդունված մեթոդներից: Չնայած ուսուցման վերջում «վալդորֆյան» աշակերտները հաջողությամբ հանձնում են պետական քննությունը: Չմոռանանք նշել նաեւ, որ այս տարի վերջանում է վերոնշյալ դասարանների փորձաշրջանը, որ ԿԳ նախարարության որոշմամբ նախատեսված է եղել անցկացնել 3 տարով: Հիմա այս դասարանների ճակատագիրն անորոշ է, կարգավիճակը՝ չճշտված: Հարցի առնչությամբ պարզաբանումներ խնդրեցինք հենց ուսուցիչներից: Վերջիններս մեզ հայտնեցին, որ դիմել են ԿԳ նախարարություն եւ մոտ ապագայում պատասխան են ակնկալում: Ուսուցիչները նշեցին նաեւ, որ դասարանների կարգավիճակի ճշտման հարցում զգուշավորություն է պետք ցուցաբերել, քանի որ առաջարկ է եղել մեթոդն իրականացնել մասնավոր դպրոցում, սակայն ծնողները հիմնականում անվճարունակ են: Հուսով ենք, նախարարությունը հարցի լուծման այլընտրանքային տարբերակ կմշակի՝ միաժամանակ չոտնահարելով ուսուցման հիշյալ մեթոդն ընտրած աշակերտների (կամ ծնողների) իրավունքները: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել