Լրահոս
Օրվա լրահոսը

ՑԵՐԵԿՈՎ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Հունիս 28,2003 00:00

ՑԵՐԵԿՈՎ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է Հանրապետությունում սպանությունների գրանցման առումով հունիսը թերեւս ամենածանրը եղավ։ «Առավոտի» հունիսի 17-ի համարում մենք ուշադրություն հրավիրեցինք սպանությունների կտրուկ աճին, որպես հետեւանք ետընտրական լարվածության, որը զուգորդվում էր առանձնակի դաժանությամբ կատարված հանցագործություններով։ Նման եզրահանգման էինք եկել դիտարկելով հունիսի 5-12-ն ընկած ժամանակահատվածում կատարված հանցագործությունները։ Հունիսի 13-ից մինչեւ երեկ կատարված սպանությունների ուսումնասիրությունները առանձնահատուկ են երկու գործոնով. նախ, որ հանցագործությունները կատարվել են ժամը 12-15-ի սահմաններում (ցերեկվա ժամերին, հասարակությանը արհամարհանքի մարտահրավեր նետելով) եւ երկրորդ՝ գլխավորապես ինքնաձիգերով։ Հունիսի 16-ին Սոսեի փողոցի թիվ 13 շենքի մոտ մի քաղաքացի (նախապես զգուշացնելով ոստիկանությանը) թողել էր ԱԿՄ տեսակի ավտոմատ՝ 25 փամփուշտներով։ Հունիսի 25-ին, ժամը 12.45-ի սահմաններում ԱԿՄ տիպի 3 ինքնաձիգերից (որոնք գտնվել են դեպքի վայրում) ահաբեկության զոհեր դարձան Սաշա Հակոբյանը, Արկադի Գեւորգյանը եւ Գարիկ Հարությունյանը։ Որսորդական հրացանից հունիսի 21-ին, ժամը 11- 11:30-ի սահմաններում եղբայրը եղբորը սպանեց։ Տաշիրում։ Հունիսի 12-ին, ժամը 15.30-ի սահմաններում հրազենից վիրավորված հիվանդանոց տեղափոխվեցին Նորադուզ գյուղի բնակիչներ Լեւիկ Մաթեւոսյանը, Վարուժան եւ Արայիկ Գրիգորյանները, Գրիգոր Գրիգորյանը։ Վերջինս մահացավ։ Կատարվածը մտահոգիչ է այն առումով, որ քաղաքացիների ձեռքին մեծաքանակ զենք կա։ Իսկ պատին կախված զենքը վաղ թե ուշ կրակում է։ Դժվար թե շարքային քաղաքացին ԱԿՄ տիպի ինքնաձիգ ունենա։ Որպես կանոն, նմանօրինակ զենքերը կրում են ուժային գերատեսչությունների (հատկապես պաշտպանության նախարարության, ոստիկանության) աշխատակիցներն ու նրանց մերձավորագույն շրջանակը։ Իսկ օրինակա՞ն է այն։ Արդյոք մեր հասարակության ո՞ր տոկոսն է զինված։ Եվ, վերջապես, ով կարող է երաշխիք տալ, թե վաղը ցերեկով դուրս գալը վտանգներով հղի չի լինի։ Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Սամվել Հովհաննիսյանից երեկ տեղեկացանք, որ ավարտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հունիսի 9-ին սկսված ծառայողական քննությունը։ Հիշեցնենք, որ քրեակատարողական հիմնարկում քներակին հասցրած սուր-կտրող գործիքի հարվածից մահացել էր դատապարտյալ Մկրտիչ Գրիգորյանը, իսկ մարմնական վնասվածք ստացած մեկ այլ դատապարտյալ՝ Ոսկան Ծատուրյանը, երեկվա դրությամբ դեռ գտնվում էր Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոցում։ «Աշխատանքում թերացածներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու համար» վարչության պետի կողմից կիրառվել են հետեւյալ պատժիչ միջոցները. «Երկու աշխատակցի ազատել ենք աշխատանքից, երեքի նկատմամբ կկիրառվի պաշտոնի իջեցում, իսկ քրեակատարողական հիմնարկի 5 աշխատակից էլ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության (նկատողություններ տալով)»։ Ս. Հովհաննիսյանը տեղեկացրեց նաեւ, որ հուլիսին արտահերթ ատեստավորում է նշանակվել վերոհիշյալ հիմնարկում։ Ծառայողական քննության արդյունքում պարզվել էր նաեւ, որ «քուն հայտարարելուց հետո, փաստորեն, որոշ դատապարտյալներ քնած չեն եղել, հեռուստացույց դիտելիս են եղել: Որպես սուր-կտրող գործիք օգտագործվել էր դանակը (կենցաղային նպատակներով թույլատրված)։ Մարմնական վնասվածք ստացած դատապարտյալ Ո. Ծատուրյանի առողջական վիճակը բարվոք է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել