Լրահոս
Օրվա լրահոսը

Կուբան մեզ օրինակ չէ

Հունիս 28,2003 00:00

Կուբան մեզ օրինակ չէ Մինչեւ 2010 թվական էլեկտրոէներգիայի սակագները բարձրանալու են 50 տոկոսով «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի զարգացման քաղաքականության մեջ առկա է անհստակություն, անկատար է ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը»,- գտնում են մի շարք էներգետիկներ։ Երեկ նրանք մեկտեղվել էին «Հրազդան» հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում՝ պարզաբանելու առկա խնդիրներն ու առաջարկելու ելքեր վերականգնվող էներգետիկայի զարգացման վերաբերյալ։ Միասնական կարծիքով, Հայաստանը չունենալով ընդերքի վառելիքային պաշարներ, իր սոցիալ-տնտեսական զարգացման հիմքում պետք է ունենա էներգիայի օգտագործման ժամանակակից եւ արդյունավետ տեխնոլոգիաներ։ Ունենալն էլ պայմանավորված է հատուկ մշակված պետական ռազմավարական ծրագրերով, ինչում եւ մեր պետությունը կաղում է։ Փոքր-ինչ շրջանցելով օրվա գլոբալ թեման, փորձեցինք բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի անդամ Ռոբերտ Խարազյանից մանրամասներ ստանալ ավելի նեղ խնդրի՝ սակագնային քաղաքականության զարգացման շուրջ։ «Այդ զարգացումը տանում է սակագների աճին եւ դա պայմանավորված է ոլորտի հիմնական միջոցների թարմացմամբ»,- ասաց Ռ. Խարազյանը։ Ըստ նրա, այսօրվա սակագները չեն ներառում կապիտալի՝ հիմնական միջոցների արժեքը։ Այդ միջոցների 60-70%-ի տարիքը գերազանցում է 30-ը, նույնն է, թե՝ «ծերացել» է եւ կարիք ունի թարմացման։ «Մենք երկար չենք կարող աշխատել այդ սարքավորումներով, դրանք պիտի աստիճանաբար վերացնենք ոլորտի ե՛ւ սեփական, ե՛ւ պետական կապիտալ ունեցող ընկերությունների միջոցով։ Ու քանի որ ներդրումներն էլ որոշակի փոխհատուցում են պահանջում, դրանք մասամբ կփոխհատուցվեն սակագների բարձրացմամբ»,- մանրամասնեց Ռ. Խարազյանը։ Այսպիսով, դոլարի ու դրամի հարաբերակցության փոփոխությամբ պայմանավորված էներգիայի սակագնի սպասվող 30% աճը դեռ սկիզբն է։ Զրուցակցիս մասնագիտական կարծիքով, մինչեւ 2010 թվականը սակագները կաճեն մինչեւ 50%, եւ «դա խիստ իրատեսական թիվ է»։ Էներգաարտադրող կառույցները ռուսական «ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը հանձնելու կապակցությամբ պարզեցինք մի շարք մանրամասներ։ Օրինակ, որ Ռուսաստանում գազը վաճառվում է հազար խմ-ն 20 դոլարով, իսկ Հայաստան արտահանում է 50 դոլարով։ Եթե «էներգաարտադրիչները» մերը չեն, հնարավոր է՝ սակագնային փոփոխությունները նույնպե՞ս ռուսներն են թելադրում։ Պարոն Խարազյանը գտնում է, որ՝ ոչ, նախ՝ պայմանագրով այդ իրավունքը վերապահված է հայկական կողմին, բացի այդ, մենք ենք վերահսկում շահագործող ընկերության ծախսերը՝ պահպանման եւ այլ ուղղություններով, ի վերջո՝ մեր հանձնաժողովի որոշումն է հիմք հանդիսանում ենթաօրենսդրական ակտերի համար։ Քանի որ սակագնի բարձրացումն այս անգամ գոնե անմիջականորեն կապված էր գազի արժեքի բարձրացման հետ, տրամաբանորեն կարելի էր խուսափել բարձրացումից՝ ի հաշիվ այն բանի, որ ռուսները կարող էին արդեն իրենցը դարձած էներգաարտադրող միջոցների համար ներկրել վառելիք նույն (կամ՝ գրեթե նույն) գնով, ինչ գնով իրացվում է ՌԴ-ում։ Ռ. Խարազյանի մեկնաբանությամբ, «Հայաստանի ներքին շուկայում վառելանյութով ապահովումն այսօրվա դրությամբ մեր պետության հոգսն է, թեպետ պայմանագրով համատեղ է ռուսական ընկերության հետ եւ եթե «ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը մի օր որոշի, որ իր բիզնեսի համար ձեռնտու է ավելի էժան գնով վառելիք ներմուծելը՝ իր խնդիրն է, համենայնդեպս, դա չի կարող անդրադառնալ արդեն հստակեցված սակագնային քաղաքականության վրա»։ Պարզվեց նաեւ, որ ոլորտի պակաս-պռատը վերացնելու համար թեեւ միջազգային վարկեր ներգրավվել են, բայց դա էլ մեզ չի փրկել սակագնի բարձրացումից ու չի փրկի ապագայում եւս։ Վերջում պարոն Խարազյանն ասաց, որ «ես կոմունիստական հասարակարգում ծնված-մեծացած մարդ եմ, իմ մեջ էլ դժվար էր կոտրել շատ բան, ես էլ չեմ հարմարվում ոչ մասնավորեցմանը, ոչ էլ գների բարձրացմանը, բայց որ ամբողջ աշխարհն է այդ ճանապարհով գնացել, մենք պիտի հետ մնայինք, ոնց որ Կուբա՞ն»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել