Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍԲԵՐԳԻ ԵՐԵՎԱՑՈՂ ՄԱՍԸ

Հունիս 28,2003 00:00

ԱՅՍԲԵՐԳԻ ԵՐԵՎԱՑՈՂ ՄԱՍԸ Այսպես են «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի ներկայացուցիչները գնահատում իրենց դիտարկման արդյունքները՝ 2003-ի ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների կատարած ընտրական ծախսերի վերաբերյալ: Նշենք, որ ծրագրին հրաժարվել են տվյալներ տրամադրել ընտրություններին մասնակցող 21 կազմակերպություններից 10-ը: Նրանց թվում են ՀՀԿ-ն, ՀԺԱՄ-ը, ՀՌԱԿ-ը, ՄԱԿ-ը, «Հզոր Հայրենիքը» եւ այլն: Համագործակցությունից հրաժարվել են նաեւ բոլոր հեռուստաընկերությունները՝ բացի Հանրայինից եւ «Պրոմեթեւսից», սակայն նրանց տրամադրած տվյալներն էլ չեն արտացոլում ճշգրիտ պատկերը: Ասենք, «Պրոմեթեւսի» պարագայում տվյալներ են տրամադրվել, թե «ՕԵ»-ն այս հեռուստաընկերությանը 25 հազար դոլար է մուծել, մինչդեռ դիտարկման տվյալներով՝ իրականում գումարը 31 հազար է: Միանգամից նշենք, որ ըստ դիտարկման տվյալների վերլուծության՝ ՀՀԿ-ն եւ «Օրինաց երկիրը» զգալիորեն գերազանցել են «Ընտրական օրենսգրքով» նախընտրական ծախսերի համար թույլատրելի 60 մլն դրամի սահմանը. «Շատ ավելի փոքր չափով այդ սահմանն անցել է նաեւ ՀՅԴ-ն»: Միայն այս տվյալները բավական կլինեին այս կուսակցությունների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: Սակայն ԿԸՀ-ն քարոզարշավի անգամ ակնհայտ խախտումների պարագայում չի դիմել դատարան: Ծրագրի փորձագետներն «Օրինաց երկրի» անցկացրած քարոզարշավը ամենաթանկն են գնահատել՝ շուրջ 209 հազար դոլար (բոլոր տվյալները փոխանցում ենք կլորացված եւ դոլարային համարժեքով): ՀՀԿ-ն երկրորդ տեղում է հայտնվել իր 165 հազար դոլարով, ՀՅԴ-ի պարագայում այդ ցուցանիշը 102 հազար դոլար է, ՄԱԿ-ի եւ «Ազգային միաբանության» քարոզարշավը՝ 81 հազարական է գնահատվել, ՀԺԱՄ-ինը՝ 87 հազար, ՔԴՄ-ինը՝ 78 հազար, «Հզոր Հայրենիք»-ինը՝ 66 հազար, ՀՌԱԿ-ինը՝ 59 հազար, «Արդյունաբերողների եւ կանանց միության» կատարած ծախսերը՝ 46 հազար դոլար: Նշենք նաեւ, որ ըստ դիտարկման տվյալների՝ «Արդարությունն» ԱԺ ընտրությունների վրա ծախսել է 32 հազար դոլար, թեեւ ըստ դաշինքի տրամադրած տվյալների՝ քարոզարշավն իրենց արժեցել է 26 հազար դոլար: Ամենաքիչը ծախսել է «Ազգային համաձայնությունը»՝ 110 դոլար, երկրորդ տեղում ՀԱԲ-ն է՝ իր 500 դոլարով, իսկ վերջից 3-րդը ՀՀՇ-ն է՝ 744 դոլարանոց քարոզարշավով: Ծրագրի փորձագետ Արեւիկ Սարիբեկյանը բազմիցս նշեց, թե ներկայացված բոլոր տվյալները վերջնական չեն, ամեն ինչ հաշվել են նվազագույն գներով, այդ թվերին պետք է մոտենալ վերապահումով եւ այլն: Ծրագրի շրջանակներից դուրս անցկացվել է Երեւանի 650 բնակիչների հեռախոսային հարցում: Թեեւ տարածված տեսակետին, որ ընտրողներին կաշառելու գործում առավել ակտիվ են մեծամասնական թեկնածուները՝ այս հարցման մասնակիցների 75%-ը պատասխանել է, թե իրենց կամ իրենց հարազատներին ու ծանոթներին առաջարկվել է ընտրակաշառք, եւ նրանցից 59%-ը պարզաբանել է, թե այդ խոստումները տրվել են կուսակցություններին ձայն տալու համար. «Ընդ որում՝ առավել հաճախ դա արվել է «ՕԵ»-ի, ՀՀԿ-ի եւ ՄԱԿ-ի անունից»: Հարցման որոշ մասնակիցներ անգամ հստակեցրել են առաջարկված ընտրակաշառքի տեսակը եւ չափը՝ 52%-ին դրամ է առաջարկվել՝ 600-10 000 դրամ, 26%-ին՝ ծխախոտ, ջրաչափ, ձեթ ու ալյուր, 11%-ին գայթակղել են կոմունալ վարձերի մարումով, մուտքերի վերանորոգմամբ, կնունքներով, ասֆալտապատմամբ եւ բանակից արձակուրդով: Ծրագրի փորձագետները նշեցին, թե ՀՌԱԿ-ի, ՄԱԿ-ի եւ ՀԱԲ-ի պաստառների վրա նշված չի եղել դրանց տպաքանակն ու հրատարակչությունը: Չեն կարողացել պարզել, թե որտեղ ու ինչ քանակով ու գնով են պատրաստվել «ՕԵ»-ի կամ ՄԱԿ-ի քարոզչական շապիկները: «Ընտրական օրենսգրքի» համաձայն՝ կուսակցություններին արգելվում է նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ ծառայություններ: Սակայն շատերն են ընտրարշավի ընթացքում մատուցել համերգային ծառայություններ: ՀՀԿ-ին «Գարուն-Երեւան» տոնակատարությունն արժեցել էր 7 հազար դոլար, իսկ «Վերջին զանգի» հրավառությունը՝ 300 դոլար: ՀՌԱԿ-ը 3,3 հազար դոլար էր ծախսել դի-ջեյ փառատոնի վրա: ՀԺԱՄ-ը մայիսի 9-ին էր համերգ կազմակերպել՝ ծախսելով շուրջ 3 հազար դոլար: ՔԴՄ-ի նորամուծությունը՝ մոտո-քարոզարշավը 2,5 հազար դոլարանոց էր, իսկ ՄԱԿ-ին «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպած համերգն արժեցել էր 2 հազար դոլար: «Բա ՀՌԱԿ-ի համակարգիչնե՞րը»,- ընդվզեցին այս տվյալներն ունկնդրողները: Ծրագրի փորձագետները պարզաբանեցին, թե դրանք համարում են բարեգործություն: Այլ հարց է, որ առաջարկում էին օրենսդրական փոփոխություն անել եւ ընտրությունների մասնակիցներին քարոզարշավի ընթացքում արգելել բարեգործությունը, քանի որ դա դառնում է ընտրակաշառք: Սակայն եղած օրենսդրությունն էլ բավական կլիներ նման խախտումներ չանելու եւ արդար ընտրություններ անցկացնելու համար, այլ հարց է, որ չեն գործում օրենքները: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել