Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհ են զորավարժություններից

Հունիս 28,2003 00:00

Գոհ են զորավարժություններից «Աշխատենք միասին»,- ասում է գեներալ Կվինտանան ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք-2003» զորավարժություններն ավարտվեցին։ Երեկ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի առջեւ կայացած հանդիսավոր փակման արարողության ժամանակ ՆԱՏՕ-ի Միացյալ հարավային հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անտոնիո Կվինտանան մասնավորապես հայտարարեց. «ՆԱՏՕ-ն եւ իր գործընկերները պատրաստ են աշխատել միասին»։ Կարճատեւ ասուլիսի ժամանակ Կվինտանան բարձր գնահատեց բոլոր կազմակերպիչների եւ մասնակիցների, այդ թվում նաեւ՝ Հայաստանի դերակատարումը, հավելելով, թե «բազմազգ գումարտակն անցած 12 օրվա ընթացքում արդարացրեց բոլոր սպասելիքները»։ Գեներալի խոսքերով, «բուն փաստը, որ մենք այստեղ ենք, արդեն հաջողություն է»։ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին վիճակված էր պատասխանել փոքր-ինչ ավելի «փափուկ» հարցերի։ «Հնարավո՞ր է, որ իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում Հայաստանը խաղաղարարներ ուղարկի Իրան», ի պատասխան այս հարցի, Սերժ Սարգսյանը նախ հաստատեց, որ առաջիկայում իսկապես ծրագրում է պաշտոնապես այցելել Իրան, եւ «դա նորմալ է»։ Ապա, նախարարը կասկած հայտնեց, թե մոտակա ամիսների ընթացքում առհասարակ նման կարիք կառաջանա։ Վերջապես, նա եզրահանգում արեց, թե «15-20 հոգիանոց ստորաբաժանման գործուղումն Իրան նշանակալից չէ։ Դա թերեւս նշանակալից կլինի միայն ձեզ (լրագրողների.- Տ. Ա.) համար»։ Հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանում սկսվեն քննարկումներ անվտանգության այլ համակարգեր՝ մասնավորապես՝ ՆԱՏՕ, մուտք գործելու ուղղությամբ։ Այդպիսի քննարկումներ, ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանում սկսվել են հանրապետության անկախացումից անմիջապես հետո։ «Եթե դուք նկատի ունեք կառավարության մակարդակով, այդպիսի բան, համենայնդեպս, չի սպասվում»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը, ավելացնելով, թե ՆԱՏՕ-ի հետ ՀՀ հետագա համագործակցությունն ինքը տեսնում է «Համագործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում։ Այդուհանդերձ, վերջինս չբացառեց ՆԱՏՕ-ի հետ առավել որակյալ համագործակցության հեռանկարը, ասելով. «Հայաստանը որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որ ցանկացած ծրագրի մասնակցելու համար պետք է ունենա բավարար պատրաստվածություն»։ Ըստ նրա, երկրի զինված ուժերի հեղինակությունը չի չափվում այն բանով, թե «ինչքան շուտ կարող ես ինչ-որ բանի մասին հայտարարել»։ Ի դեպ, մեզ հաջողվեց զրուցել նաեւ զորավարժությունների անմիջական մասնակիցների հետ։ «Ես անչափ բավարարված եմ այս զորավարժություններից եւ գոհ եմ զինվորների գիտելիքների մակարդակից»,- ասում է իտալացի փոխգնդապետ Միգերին։ Վերջինիս համար, սակայն, կարեւորը ոչ այնքան այդ գիտելիքներն էին, այլ հանգամանքը, որ 19 ազգությունների ներկայացուցիչներ այդչափ համերաշխ կերպով համագործակցում են միմյանց հետ։ Անցած զորավարժությունները դրական գնահատեցին նաեւ ռուս եւ կանադացի զինծառայողները։ Այսպիսով, ՆԱՏՕ-ի հայաստանյան զորավարժություններն այլեւս պատմություն են, ու թերեւս կարելի է փաստել, որ գոնե այս միջազգային կառույցի առջեւ Հայաստանը քիչ թե շատ պարզերես եղավ։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել