Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ

Հունիս 28,2003 00:00

ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՍԴ-ն հավանություն տվեց թիվ 18 ընտրատարածքում տեղի ունեցած բռնություններին եւ այլ իրավախախտումներին Թերեւս ՍԴ-ն երեկ 2 ժամի փոխարեն 5 ժամ չմնար խորհրդակցական սենյակում, եթե պատասխանող կողմ հանդիսացող թիվ 18 ԸԸՀ ներկայացուցիչը դատարանում գոնե մեկ հակափաստարկ ներկայացներ, որը կհերքեր դիմող կողմի՝ Սուրեն Աբրահամյանի լիազոր-ներկայացուցիչների շուրջ 2 ժամանոց եզրափակիչ ելույթում հնչեցված կոնկրետ փաստարկները: Դա էր պատճառը, որ ՍԴ-ն այդքան երկար «խորհրդակցեց» այն ելքերի մասին, որով կարող էր իրականացնել իշխանությունների՝ Ս. Աբրահամյանի դիմումը մերժելու մասին «խնդրանքը»: Իհարկե, ավելորդ լավատեսություն կլիներ ՍԴ-ից այլ որոշում ակնկալել, քանի որ ի սկզբանե հայտնի էր, թե իշխանությունների համար Ս. Աբրահամյան քաղաքական գործիչը որքան մեծ խոչընդոտ է իրենից ներկայացնում: Սակայն ներկայացնենք եզրափակիչ ելույթում հնչած դիմող կողմի փաստարկները: Պատասխանող կողմը դարձյալ որեւէ փաստարկ չներկայացրեց, փոխարենը՝ նմանակելով իր վստահորդի՝ Գեւորգ Հակոբյանի /Վլադ/ «թեւավոր խոսքը»՝ ՍԴ-ում հայտարարեց, թե Ս. Աբրահամյանի ներկայացուցիչ Վարդան Զուռնաչյանի ելույթը «հեքիաթ» է, ինչին ի պատասխան Գ. Հարությունյանն ասաց, թե ՍԴ-ում «դեկլարատիվ հայտարարություններ չեն անում, քանի որ հիմնվում են զուտ իրավական փաստարկների վրա»: Այնուամենայնիվ, ներկայացնենք Վ. Զուռնաչյանի ելույթից որոշ մանրամասներ: «ՍԴ-ում պատասխանող կողմի ներկայությունը, ելույթը եւ հարցերի պատասխանները պարզորոշ ցույց են տալիս, որ այդ ընտրատարածքում գործել է մի շղթա՝ թաղապետ, ԸԸՀ, թեկնածու, թեկնածուի նախընտրական շտաբ, որոնք էլ կազմակերպել են ընտրակեղծիքները, գործել են «մենք ենք՝ մեր ընտրատարածքը, ինչ կուզենք՝ կանենք», սկզբունքով»: Այս դիտարկմանն ի պատասխան՝ պատասխանող կողմը, որը Էրեբունու թաղապետի խորհրդականն է, ասաց. «Մեր թաղապետը այն եզակի թաղապետերից է, որն օրենքը խախտելով ձեզ ցուցակ տվեց»: Ս. Աբրահամյանի ներկայացուցիչը նաեւ հայտարարեց, թե ամենահին մասնագիտություններին ավելացավ եւս մեկը, որը կոչվում է՝ ընտրակեղծարար. «Վերջիններս իրենց թվակազմով երեւի թե հավասարվում են առաջիններին: Սակայն, եթե 1-իններն ունեն մշտական աշխատանք ու աշխատատեղ, ապա 2-րդներն ակտիվանում են ընտրությունների ընթացքում, ու փորձում դրանց միջեւ ընկած ժամանակահատվածում բավարարվել փոքրիկ, երբեմն նույնիսկ՝ թաղապետի խորհրդականի պաշտոնով»: Վ. Զուռնաչյանի ելույթում անդրադարձ եղավ նաեւ տեղամասային կենտրոնները սեփականություն հանդիսացող օբյեկտներում ձեւավորելուն. «Երեւի պատասխանող կողմն ակնկալում էր, որ մենք պետք է շնորհակալություն հայտնեինք, որ տեղամասային կենտրոնները չեն ձեւավորվել, ասենք, թեկնածու Գեւորգ Հակոբյանի բնակարանում, կամ, ասենք, Տավուշի կամ Շիրակի մարզի դպրոցներից մեկում, կամ՝ դաչայում»: Իսկ ինչ վերաբերում է «01.01» ծածկագրով գրանցամատյաններ «լրացնելուն», ապա Զուռնաչյանի բնութագրմամբ, դրանք «սատանայական բնույթ ու ազդեցություն» են ունեցել թիվ 18 ընտրատարածքում, քանի որ դրանք բոլորն այն «ընտրողներն» են, որոնք տարիներ շարունակ լքել են հայրենիքը: Սակայն, ըստ նրա, այս ամենն ապացուցում է, որ «գործ ունես ոչ թե շարքային 1 կամ 2 կեղծարարի, այլ՝ նախօրոք կազմակերպված ու մշակված մի հանցագործության հետ, որը կոչվում է՝ ընտրակեղծիք», ինչին չէր կարող անտեղյակ ու անմասն լինել ՀՀ ոստիկանությունը: «Փաստորեն ընտրություններին մասնակցել են հատկապես «01.01»-ին «ծնված ընտրողները», ինչից կարելի է ենթադրել, որ այդ համաստեղության տակ ծնվածները մեծ սեր ու փափագ ունեն ընտրությունների ու «ընտրված» թեկնածուի հանդեպ»,- հայտարարեց պրն Զուռնաչյանը: Նախորդ նիստի ընթացքում պատասխանող կողմը հայտարարել էր, թե Սուրեն Աբրահամյանին ընտրահանձնաժողովներում սատարել են ՀՅԴ անդամները: Այս առնչությամբ երեկ Վ. Զուռնաչյանը նշեց. «Զարմանալի է, որ որպես Ս. Աբրահամյանի կողմնակիցներ նշվում են այն կուսակցության կողմից նշանակված անդամները, որոնք իրեն հաղթող հռչակած թեկնածուի կուսակցության հետ կոալիցիա են կազմել»: Իսկ վերջում նա ՍԴ-ին խնդրեց իրենց պայքարը չհամարել պաշտոն ձեռք բերելու միջոց՝ վստահեցնելով, որ իր վստահորդը «շատ է ունեցել դրանցից. ունեցել է նաեւ դրանցից հրաժարվելու կամք»: «Սա համարեք պայքար՝ ամեն գնով պաշտոնի, ամեն ինչի գնով ջրի երեսին մնալու եւ ամեն ինչի գնով կերակրամանին մոտ լինելու երեւույթի դեմ»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել