Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուլիետ Գալստյանը մտահոգված է

Հունիս 27,2003 00:00

Ջուլիետ Գալստյանը մտահոգված է Երգչուհին իր նկատառումներն է հայտնում Հայաստանում՝ վոկալիստների ուսուցման մասին Կարճատեւ այցելությամբ Հայաստանում է օպերային երգչուհի Ջուլիետ Գալստյանը։ Հիշեցնենք, որ նա արդեն 8 տարի հաջողությամբ հանդես է գալիս աշխարհի հայտնի բեմերում, դերերգելով շուրջ 130 ներկայացումներում։ «Ամեն անգամ Հայաստան գալիս մեծ ցավ եմ ապրում մեր երգարվեստի վիճակը տեսնելով։ Այստեղ ոչ միայն ոչինչ չի փոխվում, դեռ մի բան էլ դեպի վատն է գնում։ Վոկալ արվեստը բավականին չլուծված խնդիրներ ունի։ Ամենահրատապն այն է, թե ով պետք է երգեցողություն սովորեցնի։ Այսօր դասավանդող լավ մասնագետները պատկառելի տարիք ունեն ու շուտով չեն կարողանալու աշխատել։ Իսկ երիտասարդներն էլ փորձառու չեն»,- մտահոգված է երգչուհին։ «Վերջերս ներկա գտնվեցի կոնսերվատորիայի դիպլոմային քննություններին, ուր շրջանավարտները օպերային ներկայացումներից հատվածներ էին կատարում։ Ճիշտն ասած, հիասթափվեցի։ Ուսանողը 15 րոպե երգում է եւ չգիտի՝ ինչի մասին։ Նրանցից շատերը չեն ուզում լեզուներ սովորել, որն անհրաժեշտ է երգելիս։ Ցանկություն չունեն հասկանալու, թե տվյալ կոմպոզիտորը որ ժամանակաշրջանին է պատկանում, որ ոճն ու ուղղությունը ներկայացնում եւ ինչ պահանջներ ունի վոկալիստից։ Սա դեռ քիչ է, վարպետների կատարումներն էլ չեն լսում։ Ներկայացումների թեկուզ տեսագրված տարբերակը, որ ցանկության դեպքում կարելի է հեշտությամբ ձեռք բերել, չեն դիտում։ Մի խոսքով, լրջորեն չեն վերաբերում իրենց մասնագիտությանը։ Անկեղծ ասած, ուսանողների նկատմամբ էլ մեծ է անտարբերությունը։ Օրինակ, նրանց քննությանը ներկա ռեժիսորը չգիտի, թե ինչի մասին է օպերան։ Դիրիժորը նույնիսկ քննության չի ներկայանում։ Փաստորեն, ամենաթողություն է տիրում։ Դրա համար էլ Հայաստանում առաջին կուրսի ուսանողներն իրենց արդեն կայացած երգիչ-երգչուհիներ են համարում։ Մտածում են՝ պավարոտիներ ու կալլասներ են»,- նկատում է Ջուլիետ Գալստյանը։ Նրա կարծիքով, երգիչը որտեղ էլ լինի, նրանից պահանջվում է ճիշտ երգեցողություն, երաժշտականություն եւ բեմական պահվածքի կուլտուրա։ Անդրադառնալով իր ծրագրերին, երգչուհին պատմում է. «Շուտով Ցյուրիխում հանդես կգամ Պուլենկի «Կարմելիտների երկխոսությունը» օպերային ներկայացման մեջ, ուր պատկերվում է միանձնուհիների հանգիստ կյանքը մենաստանում՝ ֆրանսիական հեղափոխության շրջանում։ Այս ներկայացումը հարուստ է դրամատիկ պահերով, իսկ ես կատարելու եմ մենաստանի գլխավոր միանձնուհու դերերգը։ Մեծ անհամբերությամբ եմ սպասում ներկայացման անդրանիկ բեմադրությանը,- ասում է երգչուհին,- նման դերերգի ընտրությունն էլ բացատրվում է հենց նրանով, որ այն մեծ դրամատիզմ ունի իր մեջ»։ Ջ. Գալստյանի կարծիքով, Հայաստանը ներկայացնող շատ անհատներ կան երգարվեստում՝ Հասմիկ Պապյան, Գեղամ Գրիգորյան, Բարսեղ Թումանյան, Մարտիրոսյան եղբայրներ, Սուրեն Շահի-Ջանյան, Եղիշե Մանուչարյան եւ այլք։ Նա նաեւ համոզված է, որ այսօր համաշխարհային արվեստի աշխարհում անառողջ հետաքրքրություն կա դեռեւս չբեմադրված, չցուցադրված արվեստի գործերի նկատմամբ. «Սրանից ելնելով, մենք՝ որպես ինքնատիպ մշակույթ ունեցող ազգ, աշխարհին կարող ենք ցույց տալ մերը։ Դրա համար հարկավոր են լավ կազմակերպիչներ, արվեստի իսկական գիտակներ, որպեսզի կարողանանք պատշաճ մակարդակով ներկայանալ աշխարհին։ Թե չէ արտասահման մեկնող անհատ կատարողները, խմբերը, համույթները հանդես են գալիս միայն հայ համայնքի շրջանակներում, ինքնագործ մակարդակով»։ ԱՆԱՀԻՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ Հ.Գ. Հունիսի 27-ին Ջուլիետ Գալստյանը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա համերգային կատարմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել