ՏԻԳՐԱՆ ՄԵԾԸ, ՂԱՐՍԸ ԵՎ ՖԻՐԴՈՒՍՆՈՑԸ Արագ սնման կետերը՝ Երեւանի ամենաառեւտրական շրջանում Գրեթե բացառված է, որ մեր քաղաքում կա մարդ, ով երբեւէ առիթ չի ունեցել տնից դուրս սնվելու: Խոսքը միայն ռեստորանների մասին չէ: «Դրսի սնունդ» ասելով՝ նկատի ունենք նաեւ արագ սննդի կետերը: Աշխարհի բոլոր քաղաքներին հատուկ այդ «օբյեկտները» երկրագնդի տարբեր ծագերում ունեն իրենց յուրահատուկ կերպարը: ԱՄՆ-ում եւ Արեւմտյան Եվրոպայում դրանք կարող են վաճառել «մակդոնալդս», պիցցաներ, տարբեր լցոններով կրոասաններ, ֆոնձյուներ (եփած պանրի մեջ թաթախված հացիկներ): Ասիական քաղաքներում գերակշռում են քյաբաբ-խորովածները կամ չինական ուտեստները, օրինակ, հավի փոքրիկ կտորներ տարբեր սոուսներով: Երեւանը, ինչպես հայտնի է, Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում է. «Մակդոնալդսն» այստեղ բիզնես չի դրել, իսկ արագ սննդի կետերը համատեղում են արեւելյան եւ արեւմտյան քաղաքակրթությունները: Ընդ որում, քաղաքի տարբեր մասերում արագ սննդի տարբեր տեսակներ են նախընտրում: Եթե ուսանողական թաղամասերում գերակշռում են տարատեսակ սենդվիչներն ու բուտերբրոդները, ծայրամասերում՝ կարտոֆիլով կարկանդակները, ապա քաղաքի ամենաառեւտրական շրջանում՝ կինոթատրոն «Այրարատից» մինչեւ «Գումի շուկա» ընկած հատվածում թագավորում է Ղարսի խորովածը: Տիգրան Մեծի պողոտայում Ղարսի խորովածի արտադրությամբ եւ առեւտրով զբաղվող կետերի թիվն անցնում է մեկուկես տասնյակը: Որպես կանոն, «օբյեկտը» բաղկացած է սեղանիկից, վրան դրված էլեկտրական վառարանից, որի դիմաց պտտվող շամփուրի վրա տժժում են խոզի կտորները: Ղարսի խորովածի մի բաժինն այստեղ արժե 250-300 դրամ՝ կախված շամփուրին հագցրած խոզի շերտիկների ճարպի քանակից: Եթե ճարպը գերակշռում է մսին, բնականաբար, ավելի էժան է: Ղարսի խորովածի առանձնահատկությունը դրանց փոքր չափաբաժինն է: Ընկերներիցս մեկը, որ առանձնապես չէր տառապում ախորժակի բացակայությունից, աշխատանքից վերադառնալիս, մինչեւ տուն հասնելը հասցնում էր առնվազն չորս բրդուճ ուտել: Նրա ընտանեկան բյուջեի բախտը չէր բերել, որ ճանապարհն անցնում էր այդ փողոցով: Պետք է նկատել, որ չնայած սանիտարահիգիենիկ վատ, իսկ երբեմն էլ՝ անտանելի պայմաններին (հատկապես քարուքանդ եղած Հանրապետության հրապարակին մոտ գտնվող կետերում), այս «օբյեկտները» հաճախորդների պակաս չունեն: Այս փողոցում է գտնվում հայտնի «Ֆիրդուսնոցը»՝ էժանագին իրերի բացօթյա շուկան, որի վաճառողներն ու այցելուները (հաճախ՝ հանրապետության հեռավոր շրջաններից) շատ արագ հոգնում եւ քաղցածանում են: Իսկ նորմալ սնվելու ոչ ժամանակ եւ ոչ էլ գումար հիմնականում չի լինում: Ղարսի խորովածի հիմնական սպառողներից են նաեւ այդ փողոցում գտնվող տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները: Սակայն շատերը նախընտրում են մի փոքր ավելի վճարել, բայց սնվել ոչ թե փողոցի փոշով եւ ավտոմեքենաների արտանետումներով «հարստացած» բրդուճներով, այլ իջնել «Երեւան» կինոթատրոնի դիմաց գտնվող «Հայարդնախագիծ» ինստիտուտի նկուղում գործող «Ղարսի խորոված» անունը կրող ճաշարանը: Դուրսը սնվելուց հետո վատ չի լինի կշռվել «Այրարատ» կ/թ-ի դիմաց գտնվող գերմանական արտադրության «խոսող կշեռքով»: 100 դրամ վճարելով՝ հիշյալ կշեռքից կծանոթանաք ձեր քաշին, հասակին, կիմանաք, թե որքան է ձեր քաշը համապատասխանում ձեր հասակին, իսկ վերջում ձեզ կտրվի այդ բոլոր տվյալների գրավոր հավաստագիրը: Օրինակ, ես, չնայած խմբագրիս հանձնարարությամբ ազնվորեն կերել էի անթիվ բրդուճներ եւ նույնիսկ մի «քլաբբուրգեր», ուրախությամբ պարզեցի, որ իմ հասակ-քաշ հարաբերակցությունը դեռ «իդեալական» է: Ի դեպ՝ «Քլաբբուրգերի» մասին: «Քուինբուրգեր» կոչվող «դոներ» տիպի սրճարանը, չնայած բավականին բարձր գներին, միշտ մարդաշատ է: Պատճառը տեսականու առատությունն է, որակը, սպասարկումը: Այստեղ մի համբուրգերը, որի մեջ կոտլետ է, սալաթ, վարունգ, կետչուպ եւ մայոնեզ, արժե 470 դրամ: Ամենաէժանը հոթդոգն է, որն արժե 300 դրամ: Իսկ ահա դիմացի մայթին վաճառվող նրբերշիկն ուղիղ կես գինն ունի՝ 150 դրամ: Բայց վաճառվում է փողոցի փոշու հետ մեկտեղ, եւ պետք է ուտես կանգնած, անցորդների աչքի առաջ: Սարսափելի անմխիթար սանիտարահիգիենիկ վիճակ է տիրում գետնանցումում՝ Լունապարկից «Այրարատ» կ/թ: Եվ այդ փոշոտ, կեղտոտ տարածքում տեղադրված են անթիվ վառարաններ, որոնց վրա պատրաստվում են անհայտ ծագում ունեցող ֆարշից քյաբաբ (200դրամ), խոզի մանր կտորներով խորոված (500դրամ), նրբերշիկ (150դրամ): Հաճախորդների թիվը զարմանալիորեն չի պակասում: Սպասարկման առումով բավականին հաջող է «Էս Էֆ Սի» կոչվող սրճարանը: Այստեղ մեծ արագությամբ մատուցվում է հիմնականում հավից պատրաստված ուտեստեղենի տեսականի: Համեղ է, արագ, բայց ոչ մատչելի: Դրա փոխարեն՝ շատ մաքուր է, տեսականին՝ մեծ, տարածքը՝ զով: Մի բաժին հավի թեւիկները, մի բաժին տապակած կարտոֆիլն ու պեպսի-կոլան արժեին 1250 դրամ: Այս փողոցում էր գտնվում նաեւ «777» անունը կրող ճաշարանը, որտեղ, ըստ որոշ կարծիքների, պատրաստում են քաղաքի լավագույն շաուրման: «Գումի շուկայից» քիչ հեռու գտնվող այս փոքրիկ խորտկարանում վաճառվողը ամենեւին Ղարսի խորոված չէր: Թեեւ քաղաքի այլ մասերում որպես շաուրմա ներկայացվում է նույն Ղարսի խորովածը: Ինձ բացատրեցին, որ համային այդ որակը (իրոք համեղ էր) ստացվում է արաբական համեմունքներով միսը նախօրոք բաստուրմա դնելով, ինչպես նաեւ բրդուճի մեջ հատուկ «շաուրմայի կրեմի» առկայությամբ: Բրդուճն արժեր 450 դրամ: Հավի մսովն ավելի էժան էր: Այստեղ պատրաստում էին նաեւ իքի-բիր եւ տժվժիկ: Տիպիկ Արեւելք: Այսպես թե այնպես, Տիգրան Մեծի պողոտայում թեկուզ ողջ օրն անցկացնելու դեպքում սովից մահանալը ձեզ չի սպառնում: Ծայրահեղ դեպքում կարելի է 100 դրամով շատ համեղ եւ աչքիդ առջեւ մաքուր պայմաններում պատրաստվող լահմաջո գնել: Իսկ եթե արդեն փող չի մնացել, «Գումի» հարեւանությամբ կարելի է գնել 60 դրամանոց կրեմով խմորեղեններ: Որակը չեմ երաշխավորում՝ չեմ փորձել: Այ, միայն մի խնդրանք. այդ հատվածում՝ Լունապարկից մինչեւ «Գում» ձգվող մասում վաճառվող պանիրներից գոնե մի գնեք: Դա միրգ կամ բանջարեղեն չէ, որ լավ լվանալով վնասազերծես բոլոր մանրէներից, որոնցով «հարստանում» են անմիջապես մայթերին, անցորդների ոտքերի տակ շարված արկղերի վրա դրված մթերքները: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ