Շուշիի առաջին պարետը ՀՀ ԳԱԱ-ի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ Յուրա Հովհաննիսյանն առաջիններից մեկը հասկացավ, որ ազգային ազատագրական շարժումը հանգեցնելու է զինված բախումների եւ պատերազմի։ Արցախահայության պայքարը պարտադրեց, որ գիտնականը դառնա զինվոր ու զորական։ Պարտադրված այս ոլորտում անգամ Յուրան մնաց Յուրա՝ յուրահատուկ, անկրկնելի։ Հասկանալով ու ըմբռնումով անցավ ֆիդայական, ջոկատային, պարտիզանական պայքարի փուլերն ու դարձավ ԼՂՀ նորաստեղծ բանակի զինվորը, պաշտպանական բանակի առաջին գումարտակներից մեկի հրամանատարը, այնուհետեւ իր իսկ ակտիվ մասնակցությամբ ազատագրված Շուշի քաղաքի առաջին զինվորական պարետը։ 1992-ից բանակաշինության գործընթացը լայն թափ էր ստացել, որում քիչ չէր նաեւ Յուրայի դերը։ Յուրան մեծ ոգեւորությամբ մասնակցեց 5-րդ կամավորական մոտոհրաձգային բրիգադի կազմավորմանը եւ նշանակվեց բրիգադի շտաբի պետ։ Նաեւ նրա մեջ էր հերոսականությունը 5-րդի, որ կազմավորվեց Յուրայի նման մահվան աչքերին արդեն նայած քաջերով, որոնց համար պատերազմը դարձել էր կենսագրություն։ Մինչ Շուշիի ազատագրումը, Ստեփանակերտի 26-րդ պաշտպանական դիրքի կազմակերպման համար գեներալ Գուրգեն Դալիբալթայանը նրան նոր անուն էր դրել՝ «26-ի Յուրա»։ Մարտական ընկերների ու մտերիմների հիշողության մեջ նա այսօր էլ ճանաչվում է «26-ի Յուրա» անունով։ 1993թ. ամռանը պատերազմն արդեն լայնածավալ բնույթ ստացավ։ Հայկական ուժերը ռազմաճակատի Աղդամի, Ֆիզուլու, Ղուբաթլիի հատվածում ահեղ մարտեր էին մղում։ Պաշտպանության նախարարության կարգադրությամբ 5-րդ բրիգադը Մարտակերտի հատվածից տեղափոխվեց ռազմաճակատի հարավային՝ Ֆիզուլու հատված։ 5-րդ բրիգադի տեղափոխումից հետո չափազանց ծանրացել էր վիճակը Մարտակերտում։ Կենտրոնական շտաբը 5-րդ բրիգադից օգնություն խնդրեց ռազմաճակատի Մարտակերտի հատվածի պաշտպանությունը ուժեղացնելու նպատակով։ Հրամանատար Մանվել Գրիգորյանի հանձնարարությամբ բրիգադի շտաբի պետ, արդեն փոխգնդապետ Յուրա Հովհաննիսյանը Ֆիզուլու ռազմաճակատից մեկնեց Մարտակերտ։ ՈՒղիղ 10 տարի առաջ՝ 1993թ. հունիսի 27-ին, Մարտակերտի Մաղավուզ գյուղի մոտ մարտական ընկերոջ՝ կապիտան Համլետ Ավետիսյանի հետ զոհվեց «26-ի Յուրան»։ Զոհվեց գիտնականը՝ 40 տարեկան հասակում, հաղթանակից մեկ տարի առաջ։ Առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանների կրկնակի ասպետ, մշտաժպիտ Յուրան՝ սիրված ամուսինն ու հայրը, որ աշխարհի երգ-երաժշտությունից ընտրել էր «Մարտիկի երգը», որպես մարտիկ մնաց մեր նորանկախ երկրի պատմության մեջ։ Կենսագրություն, որի տեւողությունը ընդամենը 40 տարի է, իսկ իմաստը՝ անսահմանություն։ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ