Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ՊԱՀՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԲԱԺԻՆ ԵՐԿԻՆՔԸ

Հունիս 27,2003 00:00

ՆՐԱՆՔ ՊԱՀՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԲԱԺԻՆ ԵՐԿԻՆՔԸ Երեկ ԵՊՀ-ում կայացավ հայոց լեզվի եւ հայ գրականության առաջին միջազգային օլիմպիադայի փակման արարողությունը: Նմանատիպ օլիմպիադա կազմակերպելու գաղափարի հեղինակն ու գլխավոր հովանավորը հանրապետության առաջին տիկինն էր: Բելա Քոչարյանն անկեղծորեն նշեց, որ չէին արդարացել բոլոր հույսերը, եւ թեպետ բոլոր դեսպանատներին առաջարկվել էր ակտիվություն ցուցաբերել այս գործում, սակայն, ի վերջո, օլիմպիադային մասնակցելու հայտեր էր ներկայացրել միայն 6 երկիր: «Երջանիկ եմ, որ կայացավ: Մեկ տարի առաջ, երբ տիկին Աիդայի (խոսքը ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանի մասին է-Հ. Բ.) հետ զրուցում էինք, այս գաղափարը առաջացավ. ինչու՞ ռուսաց լեզվից օլիմպիադա անցկացնենք, իսկ հայերենից՝ ոչ: Մասնակցությունն, այնուամենայնիվ, քիչ էր՝ 6 երկրներից. չխորանանք, առաջին քայլն էր: Երեւի նաեւ միջազգային վիճակն էր պատճառը. Ամերիկայից ընդհանրապես չարձագանքեցին, զարմանալի է: Բայց երկու տարի հետո կձգտենք, որ ավելի շքեղ լինի.82308230տպՐՉօռ ոսՌվ-ՍՏՎՏՎ,- նշեց տիկին Քոչարյանը: Մեր այն հարցին, թե որքանով են իրատեսական այն ցանկությունը, թե օտարազգի դպրոցականը ցանկություն կհայտնի հայերեն ուսումնասիրել ու մասնակցել օլիմպիադայի, տիկին Քոչարյանը վստահորեն պատասխանեց. «Ես հուսով եմ, որ այդպես էլ կլինի»: Տիկին Քոչարյանը մտադիր է նաեւ հայոց լեզվի հետ կապված այլ միջոցառումներ անցկացնել: Նշենք, որ օլիմպիադայի առաջին կարգի հաղթողների մեջ էր նաեւ հայաստանցի Աշխեն Գյուրջինյանը, մյուս երկու տեղերը զգաղեցնում էին Լիբանանի եւ Սիրիայի մեր հայրենակիցները: Նրանց համար նախատեսված էր ոսկե հուշամեդալների հավաքածու եւ «Գրանդ Քենդիի» բարիքներով զամբյուղներ՝ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից, որ հաղթողներին հանձնեց ինքը՝ ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը: Երկրորդ կարգի հաղթողների համար նախատեսված էր արծաթե հուշամեդալների հավաքածու եւ երրորդի համար՝ ֆոտոխցիկներ, որ տրամադրել էին ԵՊՀ-ի, Բժշկական, Տնտեսագիտական, Ճարտարագիտական եւ Ճարտարապետաշինարարական համալսարանների ռեկտորատները: Մրցանակներ հանձնվեցին նաեւ «Պատանի ասմունքող», «Պատանի ճարտասան», «Պատանի ստեղծագործող», «Հայրենասիրական երգի լավագույն կատարող» մրցույթների հաղթողներին: Ի դեպ, օլիմպիադայի բոլոր 11 հաղթողներն էլ աղջիկներ էին, եւ ինչպես ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանը նկատեց, «տղաները դեռ չեն հաղթում»: Իբրեւ թեմայի շարունակություն, նշենք ԿԳ նախարարի դիտարկումը, թե «մենք աշխատանք պիտի տանենք, որ ոչ միայն հայուհիները հաղթեն այս մրցույթում, այլ նաեւ հայ տղաները, որովհետեւ նրանք ավելի քան, ոչ պակաս հայրենասեր են, քան հայուհիները»: Նախարարը նաեւ նշեց. «Ես առիթ եմ ունեցել լինել Սփյուռքի բազմաթիվ դպրոցներում, եւ այնտեղ, որտեղ կա հայկական դպրոցը, հայ բառուբանը, այդ գաղթօջախը ապրում է, պայքարում է հանուն հայապահպանության: Եվ մենք այսօր առաջին անգամ փորձում ենք այդ պահպանության գործելակերպը, օլիմպիադան, այս ձեւը բերել Մայր Հայրենիք եւ փորձել խրախուսել, որպեսզի մենք ոչ թե խոսքով, այլ կոնկրետ գործով ասենք, որ ուզում ենք Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերությունները եւ հայապահպանությունը դարձնել Մայր Հայրենիքի, պետության կարեւոր քայլերից մեկը: Ինչպես երեկ հանրապետության նախագահի մոտ երեխաներն իրենք նշեցին, ամենակարեւորն այն է, որ նրանք տեսան Մայր Հայրենիքը, Արարատները տեսան, ճանաչեցին ու շփվեցին իրենց հասակակիցների հետ եւ փորձեցին հասկանալ, որ եկել են մի երկիր, որտեղ այսքան շատ են խոսում հայերենով: Սա երեւի թե ամենամեծ արժեքն է, որ այս երեխաները հուշերի, հիշողությունների, հանդիպումների տեսքով կտանեն իրենց հետ այն մեծ երկրները, որոնցից նրանք եկել են»,- իր խոսքում նշեց ԿԳ նախարար Սերգո Երիցյանը: Իբրեւ ամփոփում, ներկայացնենք նաեւ ՀՀ կառավարության կրթության եւ սոցիալական հարցերի բաժնի պետ Արամ Կարապետյանի մի մեջբերումը, որով նա գնահատեց օլիմպիադային Սփյուռքի մասնակցության գաղափարը. «Արտույտը արտում պառկում է մեջքի վրա ու վերեւ պարզում ոտքերն ու ձեռքերը: Նրան հարցնում են՝ թե ինչու է այդպես պառկել, եւ նա պատասխանում է, որ շուտով երկինքը փուլ է գալու, եւ ինքը պատրաստվում է պահել այն: «Բայց դու ինչպե՞ս կկարողանաս պահել այն»: Արտույտը պատասխանում է. «Ես էլ իմ բաժին երկինքը կպահեմ»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել