ԵԽ-ն դժգոհ է Բաքվից Ադրբեջանական մենթալիտետը, հավանաբար, ենթադրում է քաղբանտարկյալների առկայություն «Քաղբանտարկյալների առկայությունն անհամատեղելի է Եվրախորհրդում Ադրբեջանի անդամության հետ»,- ի շարս բազմաթիվ այլ դիտարկումների, ահա այսպիսի սուր գնահատական կա ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի հարցերով պատրաստված ծավալուն զեկուցման մեջ։ Այդ զեկույցը հնչելու էր երեկ, որից հետո նստաշրջանը որոշակի վերաբերմունք պետք է դրսեւորեր Ադրբեջանի նկատմամբ։ Զեկուցող Ժորժ Քլերֆայթի աշխատանքային խմբի կողմից մշակված այդ փաստաթղթում ասվում է նաեւ, թե չնայած թիվ 1272 (2002թ.) որոշմանը, որով Ադրբեջանը պարտավորեցվում էր ազատ արձակել քաղբանտարկյալներին, այս երկիրը «քաղաքական կամք չցուցաբերեց» եւ չլուծեց հիմնախնդիրը։ «Չնայած բազում վկայություններին եւ ապացույցներին, իշխանությունները շարունակում են հայտարարել, թե երկրում քաղբանտարկյալներ չկան»,-նշված է զեկուցման մեջ։ Այստեղ մանրամասն ներկայացված են նաեւ փորձագետների համապատասխան խմբի կողմից իբրեւ քաղբանտարկյալ ճանաչված մի շարք անձանց տվյալներ։ Նշվում է, որ 716 անուններից բաղկացած ցուցակի մեջ, թեեւ այդ թիվն արդեն նվազել է 212-ի, այնուամենայնիվ, տեղ չեն գտել բազմաթիվ այլ բանտարկյալների անուններ։ «Լրացուցիչ ցուցակը միացվելու է վերոհիշյալ 212-ին»,- նշվում է զեկույցում։ Այն, որ գնահատականներն ու շեշտադրումները բավականաչափ սուր էին լինելու, այդ մասին վաղուց խոսում են ադրբեջանցի վերլուծաբանները։ Սակայն զեկուցման միանշանակությունն ու պատկերավոր ասած՝ «թափը» գերազանցել են բոլոր սպասելիքները։ «Նախագահական ընտրությունների նախաշեմին այդ հարցի շեշտադրումը կարող է անմիջականորեն ազդել երկրի ներքաղաքական կյանքի վրա»,- ըստ Բաքվի «525» թերթի, դժգոհել է ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւը։ Իբրեւ արդարացում, Ալիեւը նշել է, թե Ադրբեջանի նախագահի հունիսի 17-ի հրամանագրով ազատ են արձակվել 106 դատապարտյալներ։ «Այս հարցի մշտական հիշատակումը վատ նշան է, հատկապես հաշվի առնելով, որ սպասվում են ղարաբաղյան հարցի լուրջ քննարկումներ»,- ասել է Իլհամ Ալիեւը։ Եվ, այնուամենայնիվ, չնայած Ի. Ալիեւի անհամաձայնությանը, զեկուցողն առավել քան պարզ ընդգծում է, որ «օրենքի ծայրահեղ խախտումներով են ընթանում ՆԳ նախկին նախարար Իսկանդեր Համիդովի, պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիեւի եւ Թալիշ-Մուղանական Հանրապետության նախագահ Ալիքրամ Գումբատովի դատավարությունները»։ Այստեղ անդրադարձ կա նաեւ Հեյդար Ալիեւի հավանական մրցակիցներին չեզոքացնելու երեւույթներին։ Զեկուցող Քլերֆայթը պահանջում է հանել նախկին նախագահ Այազ Մութալիբովի եւ մեջլիսի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւի հանդեպ կիրառված ձերբակալման սանկցիաները։ Բաքվում արդեն լրջորեն խոսում են այն մասին, որ ԵԽ կայացնելիք վճիռը ճակատագրական կարող է լինել ադրբեջանական պետության համար։ «Ինչպես երեւում է, եկել է Եվրախորհրդի համբերության վերջը»,- գրում է «Զերկալո» թերթը։ Թեման զարգացնելով, «Էխո»-ն իր հերթին նշում է, թե «չպետք է բացառել, որ 2003թ. սեպտեմբերին Ադրբեջանը լուրջ պատժամիջոցների ենթարկվի»։ Ի լրումն, Ստրասբուրգում ներկայացված ադրբեջանցի ընդդիմադիր պատգամավորներն իրենց իշխանություններին դատապարտող հայտարարություններ են տարածել, ուշադրություն հրավիրելով նոր ընտրական օրենսգրքի թերությունների վրա։ Ըստ դեռեւս չճշտված լուրերի, ադրբեջանական պատվիրակությունը մտադիր է բոյկոտել ԵԽ ԽՎ նստաշրջանի աշխատանքները։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ